կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 20:46
Քաղաքական

«Առաջիկայում շատ ավելի լայն համախմբման ականատես կլինեք». Արծվիկ Մինասյան

«Առաջիկայում շատ ավելի լայն համախմբման ականատես կլինեք». Արծվիկ Մինասյան

Օրենքի կոպտագույն խախտում է, երբ անձին՝ լինի լրագրող, սպորտսմեն թե շարքային քաղաքացի, հավաքի ժամանակ հենց այնպես բռնում ու տանում են: Այսինքն՝ պահանջում են, որ նրանք ցրվեն, մինչդեռ դրա համար որևէ իրավական հիմք չկա: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

Դիտարկմանը, թե պատճառաբանում են, որ արտակարգ դրություն է, դաշնակցական գործիչն ասաց, որ դա որևէ կապ չունի, արտակարգ դրությունը չի բացառում այդ իրավունքի իրացումը, հատկապես, երբ արտակարգ դրության հիմքում ընկած կանոնները պահպանվում են:

«Անտրամաբանական վարքագիծ է սա, և այդ վարքագիծը հիմնականում չարաշահվում է իշխանության այն ներկայացուցիչների կողմից, որոնք փորձում են իրենց նեղ, փոքր և մանկական երազանքներն իրականացնել՝ մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով: Անբացատրելի և անտրամաբանական էր, երբ տիտղոսակիր ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ, ով ՀՀ-ն ներկայացրել  է պատվով, ինչ-որ ձևական բանի համար ձեռքերը ոլորեցին և պառկեցրին ասֆալտին: Սա տիրակալի ձգտման դրսևորում է: Եթե հասարակությունը չմիավորվի՝ բացառելու սահմանափակելու, պատժելու այս գործողությունները, մենք շուտով կունենանք մի իրավիճակ, երբ անգամ տան մեջ ընտանիքիդ անդամի հետ խոսելը կամ ընկերոջդ հետ հարցի քննարկումը կդատապարտվի ամենախիստ ձևով: Սա տանում է հասարակության իրավունքների ոչնչացման»,- նշեց Մինասյանը:

Մեր դիտարկմանը, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համարել է, այսպես ասած, «հայկական  Իվանիշվիլի», և խոսել բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտության մասին, հիմա որքանո՞վ էր 2018-ի Փաշինյանի «թավշյա հեղափոխությունը» բուրժուադեմոկրատական, դաշնակցական գործիչն արձագանքեց.

«Ծիծաղելի կլինի նման ձևակերպում տալը․ եթե ինչ-որ անվանում պիտի լինի, ապա պիտի ասել՝ դա հետադիմական իշխանափոխություն էր, անգամ «հեղափոխություն» բառը չեմ ուզում օգտագործել: Հետադիմական իշխանափոխություն էր, որտեղ տիրում է մարդու ստորին բնազդի՝ իշխանություն հաստատելու մոլուցքը: Սա անհնար է նույնիսկ բուրժուադեմոկրատական  հեղափոխություն անվանելը, առավելևս, որ բուրժուադեմոկրատականի դեպքում տակն իմաստ կա: Իհարկե, դա հակադրում է սոցիալիստական հեղափոխությանը, բայց նույնիսկ կրկնում եմ՝ դրա տակ իմաստ կա, բայց որևէ ձևով այդ իմաստն այս իշխանափոխության և դրան հաջորդած ժամանակահատվածի մասով չի կարելի ասել»։

Իսկ թե ԲՀԿ-ից կամ դրա առաջնորդից հետո ո՞վ է լինելու հաջորդ խոշոր սեփականատերը, որ կհայտնվի իշխանությունների գործողությունների թիրախում, Արծվիկ Մինասյանը նախ ասաց, որ ցանկացած մեկը կարող է լինել բռնաճնշման թիրախ, ինչի ականատեսը երեկ եղանք՝ լրագրողների հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է օլիգարխներին, ապա, ըստ Մինասյանի, այն անձինք, ովքեր որոշակի սպառնալիք են ներկայացնում այսօրվա իշխանության փոքր ցանկությունների իրականացման համար, նրանք բոլորը թիրախում են:

«Իրենք սկսել են քաղաքական ուժերից: Քաղաքական ուժերի նկատմամբ արշավը, իմ խորին համոզմամբ, շարունակվելու է՝ հակաքաղաքական կեցվածքով, պիտակավորումներով, վիրավորանքներ հասցնելով, հասարակությանը թշնամացնելով մեկը մյուսի հետ, քաղաքական ուժերի և հասարակության անդամների միջև սեպ խրելով»,- ընդգծեց  դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ և՛ իրավապաշտպան հանրության, և՛ լրագրողների, և՛ առհասարակ բոլորի նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվելու:

Հակադարձմանը, որ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի դեպքում ասվում է, թե պայքարում են օլիգարխիայի դեմ, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ դեպքում իշխանությունները պետք է հրապարակեն բոլոր օլիգարխների անունները և ասեն, թե ինչ սխեմաներով են պայքարում:

«Ապօրինի ձևով, հակասահմանադրական ճանապարհով պայքարն անընդունելի է: Մենք անձի պաշտպանության խնդիր չունենք, մենք երևույթը դատապարտելու և այն արմատախիլ անելու խնդիր ունենք: Երեկ ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի հայտարարության մեխը՝ ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան», հենց սա էր: ԲՀԿ-ն ևս ողջունեց և միացավ կոչին, ինչպես նաև այլ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ»,- լրացրեց Մինասյանը՝ վստահեցնելով, որ իրենց նպատակն է՝ ձևավորել այն համընդհանուր միջավայրն ու համագործակցությունը, որն անհրաժեշտ դիմադրողականություն կապահովի և դիմադրություն ցույց կտա իշխանության հակապետական, հակասահմանադրական, հակաքաղաքական վարքագծին:

Հարցին, թե որքանո՞վ այսօր կա այդ հակակշիռ ուժը, Մինասյանը պատասխանեց, որ փորձում են հասնել սրան, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:

«Առաջիկայում շատ ավելի լայն համախմբման ականատես կլինեք»,- վստահեցրեց նա:

Արդյո՞ք հնարավոր է իշխանափոխություն մոտ ապագայում. քաղաքական գործիչն ասաց, որ երբ վերը նշված համագործակցության շրջանակում կներկայացվեն գործողության ծրագրերն ու պլանները, այնտեղ կտեսնենք բոլոր հարցերի պատասխանները:

Իսկ  հարցին, թե մի օր Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ դուրս կբերվե՞ն, երբ այլևս իշխանություն չլինի, Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց. «Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որը շարժվում է ոչ թե կոմպրոմատներով, այլ՝ թե մարդը որքանով է քաղաքական, պատասխանատու: Ես մի քանի դրվագ եմ տեսել, երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն  ԱԺ-ում հայտարարում է,  թե ինչու իրենց չի հաջողվել ստեղծել անկախ դատական համակարգ՝ շարունակելով՝ որովհետև իրենք ցանկանում են անկախ դատական համակարգ ստեղծել: Այսինքն՝ ստացվում է՝ ձախողման պատճառն իր ցանկությունն է: Հակափաստարկման մեկ այլ օրինակ, երբ ինքը հարցնում է՝ պարոն Մարուքյան, դուք հարցնում եք, թե կա՞ սոցիալական կոլապս երկրում, թե՞ չկա, և պատասխանում՝ իհարկե չկա, այլապես մենք այդ մասին կխոսեինք: Սրանք բաներ են, որոնք ցույց են տալիս քո քաղաքական իշխանության փաստարկման, հակափաստարկման, ծրագրերի ողջախոհությունը, պատկերացումը: Չեմ ուզում անձի պիտակավորել, բայց երբ վերլուծում ես և նայում, թե այդ մարդն ինչ է խոսում և անում, բազմաթիվ իրար հակադրվող, և նույնիսկ՝ անլրջության աստիճանի բաներ կարող ես փաստել: Հետևաբար՝ այդպիսի իշխանության հետ շարունակել ապագան, կարծում եմ՝ մեր ժողովուրդը պետք է չընդունի»:

Հակադարձմանը՝ այսինքն Դուք էլ եք պահանջում, մեծ հաշվով,  Փաշինյանի հրաժարականը, Արծվիկ Մինասյանը կրկնեց՝ երբ հրապարակվի վերևում նշված քաղաքական համագործակցության գործողությունների ծրագիրը, այնտեղ հստակ կնկարագրվի, թե որն է ելքն այս իրավիճակից՝ տնտեսական, քաղաքական, առհասարակ երկրի ճգնաժամային վիճակից: