Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկիրը կրակի մեջ է, էթնիկ փոքրամասնություններն ու նրանց դաշնակիցները հեղեղել են խոշոր քաղաքները և բողոքում են մարդու իրավունքների խախտումների ու սոցիալական անհավասարության դեմ: Պետությունը ղեկավարում է դեմագոգ, որը բացեիբաց աջակցում է իր ընդդիմախոսների դեմ բռնությանը` ձգտելով ամրապնդել թուլացած դիրքերը: ԶԼՄ-ները, որոնք նախկինում հեղինակություն ունեին, ներկայումս ճնշման օբյեկտ են դարձել: Իրավապահ մարմիններն այլևս օրենքի գերակայության երաշխավոր չեն, այլ` սպառնալիք հասարակական անվտանգությանը:
Մայրաքաղաքի վրա ծուխ է, կառավարական շենքերն ու կենտրոնական թաղամասերը պատված են իսթեբլիշմենթի դեմ կարգախոսներով, այրվում են ոստիկանության բաժանմունքներ, խանութների ցուցափեղկերը կոտրված են: Ոռնում են ոստիկանության և շտապ օգնության ազդանշանները, գլխավերևում պտտվում են ուղղաթիռները: Քաղաքներում պարետային ժամ է:
«Այսպիսին է, սովորաբար, դառնում երկիրը, որում ժողովրդավարության զարգացման համար ԱՄՆ-ը միլիոնավոր դոլարներ է ներդնում: Սակայն այսօր խոսքը ոչ թե Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության, Ֆիլիպինների կամ Վենեսուելայի մասին է, այլ հենց ԱՄՆ-ի»,- ըստ yerkir.am-ի` ամերիկյան Foreign Policy ամսագրում տպագրած հոդվածում գրում են Vanguard Africa ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր Ջեֆրի Սմիթը և Բիրմինգհեմի համալսարանի պրոֆեսոր Նիկ Չիզմանը:
Ըստ հեղինակների` ճակատագրի հեգնանքով, ԱՄՆ կառավարությունը նույն ժողովրդավարական օգնության կարիքն ունի, ինչ կանոնավոր կերպով ցուցաբերում էր «այնտեղ»` այսպես կոչված, զարգացող երկրներին: «Անշուշտ, ամերիկյան ժողովրդավարության ԴՆԹ-ում առկա հակասությունները, նորություն չեն: Ու թեև կատարվածը` սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունը սպիտակամորթ ոստիկանի կողմից և դրան հաջորդած հասարակական դժգոհության բռնկումն աղաղակող բնույթ ունեն, դա ինչ-որ անհավանական բան համարել չի կարելի:
Սիստեմատիկ ռասիզմն ու սոցիալական անհավասարությունը, ավելացող հակասություններն ունևորների և չունևորների միջև, նաև շահամոլ քաղաքական համակարգը տարիներ շարունակ խարխլել են ԱՄՆ-ի ժողովրդավարական դիրքերն աշխարհում: Եվ այդ հիմնախնդիրները մեկ ժամում չեն առաջացել, դրանք անխուսափելի արդյունքն են այն բանի, որ պետությունը, որն իրեն հռչակել է «աշխարհի ամենահզոր ժողովրդավարություն», հրաժարվել է ընդունել և իսկապես լուծել իր տարածքում ծագող խնդիրները»,- գրում են հոդվածի հեղինակները և հավելում, որ ԱՄՆ-ին շատ արագ պետք է ժողովրդավարության առաջախաղացման ծրագիր, որը Վաշինգտոնը վաղուց իրականացնում է արտասահմանում:
Ըստ նրանց` ամերիկյան քաղաքական դասի ինքնավստահությունը խոր արմատներ ունի: Դա հատկապես ակնհայտ է Վաշինգտոնում, որտեղ բոլոր տեսակի պաշտոնյաները, որքան էլ տարօրինակ է, իրենց հարմարավետ են զգում` դիտարկելով, թե ինչպես են երկրում թուլանում ժողովրդավարության նորմերը: Հոդվածի հեղինակների կարծիքով` այդ հիվանդության հիմքում ամերիկյան բացառիկության մասին պատկերացումն է, որի շրջանակներում ԱՄՆ քաղաքացիներն իրենց համարում են այլ երկրների բնակիչներից ավելի լավը և վեր ամեն տեսակի քննադատությունից:
Ամերիկյան ժողովրդավարության իդեալականացմանը նպաստում է նաև մի շարք կազմակերպությունների աշխատանքը, որոնք զբաղվում են համաշխարհային ժողովրդավարական միտումներով: «Այդպիսի հիմնարկները տարիներ շարունակ ամերիկյան նախագիծը համարում էին ժողովրդավարության էտալոն: Նրանք համարում էին, որ ամերիկյան համակարգը չափորոշիչ է, որով հարկ է դատել այլ երկրների մասին: Թեև շատերը, որոնք զբաղվում են արտասահմանում ժողովրդավարության առաջխաղացմամբ, վերջին շրջանում լուրջ մտահոգություն են հայտնում ԱՄՆ-ում ժողովրդի իշխանության թուլացման, նաև` այդ գործընթացի գլոբալ հետևանքների կապակցությամբ: Ամերիկյան ազգը դեռ պիտի ընդունի այդ փաստը:
ԱՄՆ համակարգի ոչ կատարյալության և դրա ինստիտուտների բարի նպատակների ու ուժի համոզվածության արատավոր շրջանի պատճառով անհնար է դարձել տեսնել երկրի հիմնարար թերությունները: Մասնավորապես` վերջին տարիներին ԱՄՆ-ում շարունակվում է փոքրամասնությունների տնտեսական ու քաղաքական մարգինալացումը, կանանց դժվարությամբ է հաջողվում մասնակցել ընտրական գործընթացներին, խառնաշփոթը ընտրատարածքներում որոշակի թեկնածուների շահավետ դիրք ունենալու հնարավորություն է տալիս, բացի դրանցից` ավելի է մեծանում մեծ փողերի ազդեցությունը քաղաքականության մեջ:
Այդ ֆոնին ավելի հեշտ է հասկանալ, թե ինչու ԱՄՆ-ում տեղի ունեցան տարօրինակ գործընթացներ, որոնք առնչվում են նաև ընտրություններին: Ամենավառ օրինակը ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթի կողմից 2018-ին Ջորջիա նահանգի նահանգապետի թեկնածու Բրայան Քեմփին հավանության արժանացնել էր` չնայած խտրականությանն ու անօրինությանը, որոնք ապահովեցին նրա հաղթանակը: Քեմփը, որը նախընտրական շրջանում միաժամանակ զբաղեցնում էր նահանգի պետքարտուղարի պաշտոնը, բացեիբաց ամեն ինչ անում էր, որ հակառակորդի համար քվեարկությունը քիչ հասանելի լինի: Դա հատկապես վերաբերում էր ոչ սպիտակամորթ ընտրողներին, որոնք մեծ մասամբ սատարում էին Քեմփի հակառակորդ Սթեյսի Աբրամսին: Զարմանալի չէ, որ անցյալ շաբաթ Ջորջիա դարձյալ քննադատության թիրախում հայտնվեց այն բանի պատճառով, որ տեղական ընտրությունները շատ վատ էին անցել»,- նշում են հոդվածագիրները:
Նրանք նաև ընդգծում են, որ թեև այդպիսի միջոցառումները վնաս են հասցնում ժողովրդավարությանը, ամերիկացի քաղաքական գործիչներն ամեն ինչ անում են անհրաժեշտ բարեփոխումների ընդունումը չթույլատրելու համար: Այսպես` For The People օրինագիծը, որը 2019-ին ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և ընդլայնում է սովորական քաղաքացիների հասանելիությունը ընտրական գործընթացներին, նվազեցնում է խոշոր կապիտալի նշանակությունը քաղաքականության մեջ և ամրապնդում է պետական ծառայողների էթիկայի կանոնները, արգելափակվել է Սենատում: Հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքաննելն ակնառու հեգնանքով է խոսել օրինագծի մասին ու խոստացել չթույլատրել դրա ընդունումը` այդպիսով ցուցադրելով հակաժողովրդավարական պահվածք, որի համար ԱՄՆ կառավարությունը դատապարտում է այլ երկրների:
«Նախագահ Թրամփը` առաջնորդ, որի միակ անփոփոխ բնութագրիչը ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումն է ինչպես խոսքով, այնպես էլ գործով, օգնում է արագացնել ԱՄՆ-ի հետընթացը ժողովրդի իշխանության իդեալներից: Սակայն մեկնաբանները չափազանց հաճախ են կենտրոնանում Թրամփի վրա, կարծես նրանով է միայն բացատրվում երկրի ժողովրդավարական անկումը: Իրականում Սպիտակ տան ներկայիս ղեկավարն ավելի շուտ ախտանշան է, քան տարիներ շարունակ աճող բևեռացմամբ ու անվստահությամբ աչքի ընկնող քաղաքական համակարգի պառակտման պատճառ:
ԱՄՆ-ում ժողովրդավարության ակնհայտ տապալման լույսի ներքո զարմանալի է, որ վերջին տարիներին ԱՄՆ կառավարությունն ավելի շատ ժամանակ, էներգիա ու ռեսուրս է ծախսել` փորձելով ստիպել ժողովրդվարությանն «աշխատել» երկրից դուրս, այլ ոչ թե տանը: Այսպես` ներկայումս ժողովրդավարության առաջխաղացման վրա տարեկան ծախսվում է 8-10 մլրդ դոլար: Անշուշտ, այդ ներդրումներն ինչ-որ վատ բան չեն. եթե ճիշտ են կիրառվում, կարելի է ապահովել աշխարհի միլիոնավոր մարդկանց անվտանգությունն ու բարելավել կյանքի որակը:
Այնուամենայնիվ, եթե ամերիկացի դիվանագետները, որոնք ժողովրդավարությունն են առաջ տանում այլ երկրներում, վերադառնային հայրենիք և դիտորդի կարգավիճակով հետևեին ընտրություններին այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Հյուսիսային Կարոլինան, Ջորջիան և Վիսկոնսինը, հաստատապես հետևություն կանեին, որ բազմաթիվ նախագծեր, որոնք իրենք իրականացնում են արտասահմանում, կարող էին նպաստել ԱՄՆ քաղաքական համակարգի ամրապնդմանը»,- գրում են Սմիթը և Չիզմանը:
Նրանք համոզված են, որ այսօր ԱՄՆ-ին հարկավոր է հենց ժողովրդավարական թարմացման ծրագիր, որի հիմքում պետք է լինի համաշխարհային լավագույն փորձը: Նման մոտեցումը, ըստ հեղինակների, պետք է ներառի անհապաղ միջոցառումներ` ուղղված քաղաքական անկայունության ռիսկի, նոյեմբերին կայանալիք ընտրությունների շուրջ պոտենցիալ բռնության նվազեցմանը և բարեփոխումների ավելի երկարաժամեկտ գործընթացին, որը կվերականգնի վստահությունը քաղաքական համակարգի նկատմամբ:
«Նախ` ԱՄՆ-ին անհրաժեշտ է ճշմարտության, արդարության և համերաշխության հաստատման ծրագիր` ոստիկանության և անվտանգության այլ ուժերի կողմից ռասայական փոքրամասնությունների հանդեպ դաժանության խնդիրները լուծելու համար: Հարավաֆրիկյան Հանրապետության նման երկրներում, որտեղ միջռասայական հակասությունները խորանում էին ապարտեիդի պատճառով, նման ծրագրերը նպաստեցին առողջացմանը և կանխորոշեցին հետագա բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են երկրների առաջընթացի համար:
Իդեալական տարբերակն այն է, որ այդ նախաձեռնությունն ուղեկցվի խաղաղ համաձայնագրով` ընդունված հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից: Այս կամ այն պայմանագիրը կպարտավորեցներ նրանց` հավատարիմ լինել ժողովրդավարական սկզբունքներին և նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին բռնություն չհրահրել` լուռ կամ այլ ձևով: Այդպիսի մոտեցումն արդյունավետ էր, օրինակ, Գվատեմալայում ընտրությունների ժամանակ քաղաքական բռնությունը կանխելու համար:
Երկրորդ` պարզ է , որ խոշոր ընտրական բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի վերջ դրվի նախընտրական խարդախություններին և կանխվի, չարդարացված կոշտ պահանջների ներկայացմամբ, որոշ կատեգորիայի քաղաքացիների մասնակցությանը խոչընդոտելու պրակտիկան: Բրեննանի արդարադատության կենտրոնի և Ամերիկյան առաջընթացի կենտրոնի վավերագրերով հաստատվել է, որ վերջին ժամանակաշրջանում ավելի վճռականորեն են խոչընդոտներ ստեղծվում ռասայական փոքրամասնությունների` ընտրություններին մասնակցության ճանապարհին:
Մինչև նոյեմբերյան ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել, որ իրակապես համակարգային բարեփոխում իրականացվի ընտրական համակարգում: Այնուհանդերձ, այդ քվեարկության ամենաբացասական հետևանքները կարել է մեղմել: Օրինակ` ամենայն մանրամասնությամբ մշակված ու լավ ֆինանսավորված գործողություններով ընտրողների ներկայության ապահովումն այնպիսի երկրներում, ինչպիսին է Քոթ դ’Իվուարը, հաջողվել է զգալի հաջողությունների հասնել բնակչության` պատմականորեն իրավունքից զրկված խմբերի շրջանում գրանցման մակարդակի բարձրացմանը: ԱՄՆ-ում էլ կա նման արշավների անցկացման փորձ: Սակայն 2020 թվականին դրանք պետք է անցկացնել ավելի մեծ մասշտաբով և քիչ թերություններով:
Եվ վերջապես, անհրաժեշտ է վերջ դնել համացանցերը պառակտման նպատակով օգտագործելուն և բոլոր ԶԼՄ-ների դեմ հարձակումներին: Այսպես` Քենիայում 2007-ին հաջորդած բռնություններից հետո մտցվեց «խաղաղ լրագրության» ուսուցման ծրագիր, որը մասնագետներին իրենց հայտարարությունների հետևանքների մասին մտածելու հնարավորություն էր տալիս»,- նշում են հոդվածագիրները` հավելելով, որ, անշուշտ, նման միջոցառումները հարկավոր է կիրառել զգուշորեն, որ չհանգեցնեն գրաքննության, այդուհանդերձ, ինչ-որ միջոցառումներով էլ անհրաժեշտ է նվազեցնել ապատեղեկատվության մասշտաբը և դրա քայքայիչ ազդեցությունը: Նրանց կարծիքով` ԶԼՄ-ների մանրակրկիտ մոնիտորինգով և ատելություն կամ սադրանքներ հրահրողների դատական հետապնդմամբ հնարավոր կլինի նվազեցնել անկարգությունների ռիսկը ընտրությունների ժամանակ:
Երկարաժամկետ հեռանկարում, ըստ հոդվածի հեղինակների, գործադիր իշխանության զսպումների ու հակակշիռների համակարգի ամրապնդումը որոշիչ նշանակություն կունենա: Թրամփի ղեկավարման տարիները ցույց տվեցին, որ համակարգը ոչ միշտ է կարողանում հաղթել առաջնորդին, որը պատրաստ է գնալ նրա ու օրենքի դեմ: Արդյունքում` Economist Intelligence Unit վերլուծական ընկերությունն արդեն ԱՄՆ-ին «լիակատար ժողովրդավարություն» կատեգորիայից տեղափոխել է «ոչ կատարյալ ժողովրդավարություն» կատեգորիան և դասել այնպիսի երկրների շարքը, ինչպիսին են Նամիբիան, Սալվադորը և Թաիլանդը: Ամերիկյան պետությունը մի քանի ցուցանիշներով հետ է ընկել` անհավասարության դեմ պայքար, քաղաքական ավտորիտարիզմ և անվստահություն կառավարության նկատմամբ:
«Իրադարձությունների նման զարգացումը բացասաբար է անդրադառնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ մնացած աշխարհի վրա: Այլ երկրներում իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվող ակտիվիստները շարունակում են նայել Վաշինգտոնի կողմը, որքան էլ անկատար լինի նրա քաղաքականությունը` ակնկալելով նրա աջակցությունը ժողովրդավարության համար պայքարում: Դավաճանել այդ ակնկալիքներին և սեփական տանը չհաջողել աղաղակող թերությունների դեմ պայքարում` նշանակում է դավաճանել ժողովրդավարության գործին, որն ամերիկացի առաջնորդները սերունդներ շարունակ քարոզել են աշխարհին ու սեփական քաղաքացիներին»,- եզրափակում են հոդվածագիրները: