Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության 86 պատգամավորները և նույն խմբակցության փաստացի կցորդ, իրեն «անկախ» հռչակած հայտնի արկածախնդիր Արման Բաբաջանյանը երկու անգամ կողմ քվերակեցին իրենց գործընկեր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, այնուհետև՝ ազատությունից զրկելու մասին որոշումներին։ Միջնորդությունը երկու դեպքում էլ ներկայացրել էր ՀՀ Գլխավոր դատախազը։
Թողնելով Գ. Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների քննարկումը այլ առիթի՝ փաստենք, որ կողմ քվեարկողների թվում էին նաև Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Կարեն Համբարձումյանը և Արսեն Ջուլֆալակյանը։ Հասարակությունը կամ, ավելի ստույգ, հանրության այն հատվածը, որը քիչ թե շատ ծանոթ է վերոհիշյալ պատգամավորների անցյալին, մի փոքր շոկի մեջ հայտնվեց, հետո հիշեց քաղաքականության մասին հայտնի թևավոր խոսքերը և… լուռ մտորեց։
Հիշենք՝ Կարեն Համբարձումյանը նախկինում եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության Սյունիքի կառույցի երիտասարդական կազմակերպության ղեկավարը, ինչպես պատգամավորի հայրը, այնպես էլ վերջինիս աները, եղել են մի շարք պաշտոնների՝ կրկին առաջադրվելով ԲՀԿ-ի կողմից, հայրը՝ տարածքային հանձնաժողովում է ներկայացվել, աները Սիսիանի քաղաքապետ է ընտրվել։ Ինքը՝ Կարեն Համբարձումյանը, 2018 թ. իշխանափոխությունից հետո, երբ ԲՀԿ-ն մաս կազմեց նոր կառավարությանը, կրկին ԲՀԿ-ի քվոտայով նշանակվեց Սյունիքի մարզպետև իր պաշտոնավարման 4 ամիսներին ամեն առիթով ծաղրում, փնովում կամ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին։ 2018 թ. «հոկտեմբերյան» հայտնի դեպքերից հետո, երբ Փաշինյանը կազմալուծեց ազգային համաձայնության կառավարությունը, «փողոցային» հրամանագրերով Կարեն Համբարձումյանը ևս ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից և, ընդամենը երկու ամիս անց, «փափուկ վայրէջք» կատարելով Փաշինյանի տիրույթ, պատգամավոր ընտրվեց Իմ քայլը կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Ի դեմս հռչակավոր ըմբիշի՝ Արսեն Ջուլֆալակյանին ներկայացնելու կարիք չկա։ Իսկ հասարակական – քաղաքական հողի վրա մի փոքր արժե թարմացնել հանրային լայն շրջանակների հիշողությունը։ Այդ թարմացումներն այդքան էլ նրա օգտին չեն։ Եվ այսպես՝ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսումնառությունից կարճ ժամանակ անց, սպորտային կարիերային զուգահեռ, Արսեն Ջուլֆալակյանի անունը գտնում ենք 2013 թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 7-րդ՝ անցումային տեղում։ Հռչակավոր ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, հայրը՝ հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, պարզորոշ է, որ Գագիկ Ծառուկյանի (ի դեմս Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի) հետ գործել են նույն դաշտում, դատելով լուսանկարներից և Ջուլֆալակյանների հարցազրույցներից՝ ունեցել են ջերմ հարաբերություններ ՀԱՕԿ նախագահի հետ։ Ա. Ջուլֆալակյանն, օրինակ, սեփական բնակարանում տված հարցազրույցում բառացիորեն նշում է. «Էստեղ եմ անցած տարվանից, ինչպես տեսնում եք՝ նոր եմ շինարարությունը ավարտել։ Տունը պարոն Ծառուկյանն է նվիրել՝ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելուց հետո։ Այն պարգևավճարը, որն Օլիմպիական կոմիտեն պետք է տար, դրա փոխարեն պարոն Ծառուկյանը նվիրեց այս բնակարանը»։
Հիշեցնենք՝ Ա. Ջուլֆալակյանը կողմ էր քվեարկել նաև Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը։ Իսկ, օրինակ, Շիրակի մարզից իր հայրենակցուհին՝ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, հստակ կերպով բոյկոտել էր քվեարկությունը։
Իհարկե, Կարեն Համբարձումյանը և Արսեն Ջուլֆալակյանը կարող են իրենց այս վարքագիծը բացատրել զանազան «իրավունքներով», «մարդու կարծիքի ազատ կամարտահայտմամբ», «դիրքորոշման փոփոխությամբ», «օրինականության հաստատմանն ուղղված իրենց պայքարանկոտրում կամքով» և այլն, և այլն։ Բայց մտածող մարդիկ լավագույնս հասկանում են, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել սովորական առնետավազք, և վերոհիշյալ բառակապակցությունների շղարշի տակ հերթական անգամ բռնաբարվել է մարդկային խղճի և բարոյականության մասին տարրական վարքականոնը։
Եթե Կարեն Համբարձումյանը և Արսեն Ջուլֆալակյանը կարծում են, թե Նիկոլ Փաշինյանը «Թմկաբերդի առումը» պոեմը չի կարդացել, չարաչար սխալվում են։ Եվ առնետավազքով իշխանության մեջ հայտնվածներից շատերն են Փաշինյանի իշխանական աթոռներից, այն է՝ «Թմկա անառիկ բերդից», մի օր հենց այդ նույն Փաշինյանի կողմից նետվելու Քռի անդնդախոր կիրճը։ Ավելի՛ն, Փաշինյանը դա անելու է ո՛չ թե սեփական անցյալի, սեփական սկզբունքների ու խղճի վրա թքած, այդ արժեքները դավաճանած անձանց պատժելու, այդպիսով՝ բարոյականության հաստատման կամ խախտված արժեքները վերականգնելու համար։ Ամենևի՛ն։ Տևական ժամանակ հանրային կյանքի բոլոր ոլորտներում անբարոյականություն սերմանողը չի՛ կարող բարոյականություն հաստատել երկրում։ Իհարկե, Փաշինյանը հաճույքով կօգտագործի այս պատգամավորների «բարոյական խաթարված անցյալը» և կծաղրի ու կնվաստացնի նրանց նաև այդ հողի վրա, բայց խորքի մեջ Փաշինյանը «նետելու է» Կարեն Համբարձումյանին և Արսեն Ջուլֆալակյանին «Թմկա անառիկ բերդից»՝ որպես սեփական իշխանության համար վտանգ ներկայացնող շարքային անվստահելի տարրերի։
Եվ ոչ միայն նրանց։
Վ. Սարգսյան