կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-13 20:04
Հասարակություն

Արցախի գիտակրթական կյանքի նոր զարկերակը՝ ԱԵԳՄՄ-ն, 5 տարեկան է

Արցախի գիտակրթական կյանքի նոր զարկերակը՝ ԱԵԳՄՄ-ն, 5 տարեկան է

Yerkir.am-ի զրուցակիցը Արցախի Նախագահի աշխատակազմի ԱԽԱԱ բաժնի պետ, «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր նախագահ, Արցախի էլեկտրոնային գրադարանի նախաձեռնող և ղեկավար, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դոցենտ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավագիտության ամբիոնի դոցենտ, Գորիսի պետական համալսարանի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է։  

 

-Պարո´ն Հարությունյան, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումը 5 տարեկան է, մի փոքր հետադարձ հայացք նետելով՝ պատմեք միավորման ստեղծման մասին. ինչպե՞ս ստեղծվեց այն, ի՞նչ տվեց այս հինգ տարիներին միավորումը Արցախի երիտասարդ գիտնականներին և, ընդհանրապես, երկրի գիտությանն ու կրթությանը։ 

-Նման կառույց ստեղծելու գաղափար ունեցել եմ դեռևս ասպիրանտուրա ընդունվելու տարում՝ 2010 թ.-ին, որը հասունացել և արդեն որպես պահանջմունք միս ու արյուն է դարձել 2015 թ.-ի հունվարի 13-ին: Անցած հինգ տարիներին Կազմակերպությունը համախմբել է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի Հանրապետությունում ապրող ու ստեղծագործող երիտասարդ հետազոտողներին: Քանի որ մոտ ժամանակներս հանրությանը կներկայացնենք մեր հնգամյա գործունեության մասին պատմող «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ֆիլմը, չէի ցանկանա ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ մեր գործունեությանը, ուղղակի մի փաստ արձանագրենք. Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումն անցած 5 տարիներին հասցրել է Ստեփանակերտում կազմակերպել 4 միջազգային երիտասարդական գիտաժողով՝ մեկ տասնյակից ավելի երկրների 360 մասնակիցներով, նախաձեռնել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի հրատարակումը, ստեղծել է www.artsakhlib.am հասցեով գործող Արցախի էլեկտրոնային գրադարան կայքը, հիմնադրել «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտը:

 

 

 

-Համացանցում, սոցցանցի օգտատերերի էջերում բավականին ակտիվորեն շրջանառվում են «Գիտական Արցախ» պարբերականի գիտական հոդվածները, բազմաթիվ այլ հոդվածներ էլ «շրջում են» վիրտուալ տիրույթում՝ Արցախի էլեկտրոնային գրադարանի միջոցով։ Փաստորեն, երկու դեպքում էլ գործ ունենք ԱԵԳՄՄ-ի նախագծերի հե՞տ։

-Այո, ճիշտ եք նկատել: Երբ 2018 թ.-ին հիմնադրեցինք «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը՝ այն ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ներառելու նպատակադրությամբ, շատերը թերահավատ էին: 2019 թ.-ից սկսած պարբերականը ՀՀ ԲՈԿ-ի ցանկում է, ունի բարձր հեղինակություն, և աշխատանքներ ենք տանում պարբերականի միջազգայնացման, այն է՝ օտարերկրյա ինդեքսավորվող ամսագրերի շարքում ընդգրկելու ուղղությամբ: Սա խոսում է այն մասին, որ ինքներս մեզ համար շարունակաբար բարձր նշաձող ենք սահմանում և փորձում հաղթահարել այն: Ի դեպ, մինչև օրս պարբերականում տպագրվել են մեկ տասնյակից ավելի երկրների ավելի քան 200 հայտնի գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ: Պարբերականի բոլոր համարները հասանելի են Կազմակերպության www.aegmm.org և Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքերում:

Պարբերականի հաջողություններից առաջինն այն է, որ հիմնադրման օրվանից հատուկ ուշադրություն ենք դարձրել կույր գրախոսման խստապահանջ գործընթացին, խմբագրական և սրբագրական աշխատանքի պատշաճ կազմակերպմանը, ինչի կապակցությամբ խորին երախտագիտություն եմ հայտնում այդ դժվարին ու պատասխանատու գործում մեզ աջակցող ու աշխարհի ավելի քան 10 երկրները ներկայացնող խմբագրական խորհրդի անդամներին և մեր մյուս գործընկերներին: Դրանից զատ, մեր կողմից սահմանվել են խիստ պահանջներ, որոնց համապատասխանելու դեպքում ենք միայն հոդվածի տպագրությունը ընթացքավորում: Լինում են դեպքեր, երբ հոդվածները հետ ենք ուղարկում` լրամշակելու կամ գիտականության չափանիշներին չհամապատասխանելու պատճառով մերժում ենք:

-ԱԵԳՄՄ-ն պետական աջակցություն ստանու՞մ է, նշված նախագծերը ի՞նչ միջոցներով են միս ու արյուն ստանում։ Միավորումն Արցախի շրջաններում ունի՞ մասնաճյուղեր։ 

-Տարբեր նախագծերի իրականացման գործում մեզ աջակցել են ԱՀ կառավարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Վալլեքս Գարդեն հոթել», «Ղարաբաղ տելեկոմ», «Բեյզ Մեթըլս» և «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունները, Գաբրիել Չենբերջյանը, Կարեն Սարգսյանը և այլք: Շնորհակալություն հայտնելով պետական կառույցներին, մասնավոր ընկերություններին և անհատ բարերարներին` մեզ վստահելու և պարբերաբար մեր գաղափարների իրականացմանն աջակցելու համար, նշեմ, որ այժմ էլ կան մի շարք նախագծեր, որոնք կարող ենք կյանքի կոչել համապատասխան միջոցների առկայության դեպքում միայն: 

Քանի որ Կազմակերպության գործունեությունն ինքնին յուրահատուկ է և  հատկանշվում է երիտասարդ գիտնականներին ու մասնագետներին հետաքրքիր գաղափարների շուրջ միավորելու, մեկտեղելու համահայկական առաքելությամբ, ուստի գործունեության կենտրոնը հենց Արցախն է, և գրասենյակն էլ գտնվում է Ստեփանակերտում: Առայժմ մասնաճյուղեր ունենալու անհրաժեշտություն չի առաջացել:

-ՀՀ-ի, Սփյուռքի բոլոր այն շրջանակները, ովքեր ցանկություն կհայտնեն օժանդակել Ձեր միավորման ծրագրերին, ի՞նչ ճանապարհներ կմատնանշեիք։ Կա՞ն այսօր լավ գաղափարներ կամ պատրաստի ծրագրեր, որոնց իրականացմանը կարող են օժանդակել մեր հայրենակիցները։

-Ամբողջ աշխարհին պատուհասած թագավարակը որոշ չափով խոչընդոտել է նաև մեր լայնամասշտաբ ծրագրերի իրականացմանը, սակայն համոզված ենք՝ իրավիճակը շուտով կկարգավորվի: Կազմակերպությունը մի կողմից` հետևողական է ավանդական դարձած ու մեծ ճանաչում ունեցող նախագծերի իրականացման շարունակականության ապահովման գործում, մյուս կողմից` կան նոր նախագծեր, որոնք հնարավոր է կյանքի կոչել ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Այդ նախագծերի մի զգալի մասը վերաբերում է «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի առաքելությամբ պայմանավորված նպատակների իրագործմանը: Առավել քան կարող ենք համոզված լինել, որ այդ նախագծերի իրականացման գործում իրենց համեստ ներդրումն ունեցած յուրաքանչյուր հայ հետագայում կարող է հպարտանալ դրանց իրականացման ակնառու արդյունքներով: Այդ նպատակով բարերարները կարող են գրել իմ էլեկտրոնային փոստին՝ [email protected], որ քննարկենք ու հստակեցնենք հետագա քայլերը:

-Պարո´ն Հարությունյան, Դուք գիտնական եք և ներկայացնում եք մի պետություն, որը չի ճանաչված աշխարհի կողմից։ Ինչպիսի՞ խոչընդոտների են հանդիպում, օրինակ, արտերկրի գիտական կենտրոններին, ճանաչված ամսագրերին, առանձին միջազգային գիտաժողովներին Ձեր և գործընկերների կողմից ներկայացվող աշխատանքները։ Եվ, ընդհանրապես, ո՞ր պահին է ավարտվում գիտական կյանքը և սկսվում քաղաքականությունը։ «Ադրբեջանական ականջներ» երևու՞մ են այս հարթակներում ևս։ 

-Չնայած մեր կառույցը կոչվում է գիտնականների և մասնագետների միավորում, ինքս ինձ երբևէ գիտնականի բնորոշում չեմ տվել (ժպտում է – Վ.Ս.), այլ գիտությամբ զբաղվողի, գիտության զարգացման գործին նպաստողի ու հանրայնացնողի: Ես ու իմ գործընկերները մասնակցել ենք տարբեր երկրներում՝ ընդհուպ Հնդկաստանում, կազմակերպված գիտական միջոցառումների, որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչ, հոդվածներ ենք տպագրել արտերկրի գիտական պարբերականներում։ Բնականաբար, ամեն ինչ այնքան էլ հեշտ չի տրվել. ամեն մի միջոցառումից հետո մեր արևելյան հարևանը վայնասուն է բարձրացնում: Ի դեպ, մեր կազմակերպած գիտաժողովներին մասնակցել են նաև արտերկրից ճանաչված գիտնականներ, և այդ մասնակիցներին ադրբեջանական կողմը տարբեր խողովակներով փորձել է սպառնալ և հետ պահել Արցախ ժամանելուց, ինչը նրանց չի հաջողվել և երբևէ չի հաջողվելու։ 

Ի դեպ, Կազմակերպության հիմնական առաքելությունն է գիտության դիվանագիտության միջոցով Արցախը ճանաչելի դարձնել արտասահմանում, ինչպես նաև օտարերկրյա գիտնականներին դարձնել Արցախի գիտության դեսպաններն իրենց երկրներում: 

-Ի՞նչ խնդիրներ և մարտահրավերներ են ծառացած այսօր Արցախի գիտակրթական ոլորտում։ Ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցությունը բավարար համարու՞մ եք։ 

-Հիմնախնդիրները տարբեր են ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության իմաստով: Մի կողմից` ունենք մասնագետներ, որոնց ներուժը լիովին բացահայտված ու նպատակային օգտագործված չէ, կան ոլորտներ, որտեղ մասնագետների պատրաստման ու վերապատրաստման անհրաժեշտություն կա, մյուս կողմից` գիտությանը հատկացված միջոցները հեռու են բավարար լինելուց այն դեպքում, երբ Արցախի Հանրապետության 120 միլիարդանոց բյուջեից գիտությանը հատկացված է ընդամենը 38 միլիոն դրամ: Այս ուղղությամբ պետական քաղաքականության արմատական վերանայման ու բարեփոխումների խնդիր ենք տեսնում:

-ՀՀ-ի գիտակրթական կենտրոնների հետ համագործակցության առումով ինչպիսի՞ հեռանկարներ կան։ 

-Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումը համագործակցության հուշագրեր է կնքել ինչպես արցախյան, այնպես էլ ՀՀ-ի ու օտարերկրյա գիտակրթական կառույցների ու ԶԼՄ-ների, մասնավորապես` Երևանի պետական համալսարանի, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, Գորիսի պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Զ.Վանեևի անվան հարավօսական գիտահետազոտական ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Наша среда онлайн» կայքի հետ: 

Տարբեր նախագծերի շրջանակներում Կազմակերպությունը համագործակցում է Արցախի ու ՀՀ-ի գրեթե բոլոր բուհերի հետ և պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը նաև այլ կառույցների հետ: 

-Արցախի նորընտիր իշխանությունների ծրագրերը համադրելի՞ են Ձեր Միավորման  որդեգրած ծրագրերի հետ։ Ընդհանրապես, ի՞նչ ակնկալիքներ ունեք երկրի նոր իշխանություններից։ 

-Արցախի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրում, ինչպես նաև 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում բավականին տեղ է հատկացված գիտությանը և կրթությանը, որը շատ ողջունելի ու միևնույն ժամանակ բնական է, քանի որ Արցախը դարեր շարունակ ունեցել է երևելի գիտնականներ, և այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է զարգացնել գիտությունն ու դրա արդյունքները ներդնել պետության կենսագործունեության տարբեր ոլորտներում: Այս իմաստով վստահաբար կարող ենք փաստել, որ մեր կառույցն իր ներուժով ու համագործակցային կապերով պատրաստակամ է նպաստելու այդ ծրագրերի կենսագործմանը:

 

Հարցազրույցը վարեց Վահե Սարգսյանը