Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-02-02 15:12
Քաղաքական

Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը փորձում է կտրել Հայաստան-Սփյուռք կենսական զարկերակը. ադրբեջանագետ

Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը փորձում է կտրել Հայաստան-Սփյուռք կենսական զարկերակը. ադրբեջանագետ

Ալիևը երբեք չի թաքցրել իր ագրեսիվ նկրտումները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, պարզապես մինչև 2018թ. ունեցել ենք հզոր տեղեկատվական պատնեշ, որը թույլ չէր տալիս, այդ սպառնալիքների ներթափանցումը Հայաստանի տեղեկատվական դաշտ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը` անդրադառնալով Ալիևի վերջին ասուլիսում հնչած մտքերին, թե՝ իրենք երբեք թույլ չեն տա, որ հայկական ֆաշիզմը գլուխ բարձրացնի այս տարածաշրջանում, թույլ չեն տա, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար։

«Ալիևի հռետորաբանությունը նույնն է, ոչինչ չի փոխվել, սակայն փոխվել է հասցեատերը։ Առաջ Ալիևի  անհեթեթ հայտարարությունները  ներքին լսարանին էին ուղղված: Այն ժամանակ հայկական կողմը շատ շուտ հակադարձում էր, և Ալիևը չէր շահարկում այդ սպառնալիքները, բայց այսօր պատնեշներ չկան, և Ալիևն այժմ էլ փորձում է ազդել մեր հասարակության վրա՝ պարտադելով` չփորձել անգամ հակադարձել իր հայտարարություններին, ոտքի կանգել, ուժ հավաքել։ Ալիևը վախեր ունի. վախերից մեկը այն է, որ  Հայաստանը վաղ թե ուշ ոտքի կկանգնի, կուժեղանա, և այս իրավիճակը կաշխատի իր  դեմ»,- ասաց փորձագետը։

Ա.Ադիբեկյանի կարծիքով`Ալիևը, գտնվելով ձիու վրա, փորձում է ամենայն հայոց առաջնորդի դերը ստանձնել և ասել` Հայաստանին հարկավոր չէ բանակ, պետք չէ տնտեսություն, մենք ամեն ինչ կանենք, բայց Հայաստանը պետք է անի այն, ինչ ուզում ենք։

«Փաշինյանը Ալիևի երազած վարչապետն է, որը վախից,  տգիտությունից, այն «դուխից», որով եկավ իշխանության, այդ ամեն ինչի պակասից ցանկացած քայլի  պատրաստ է, միայն թե Ալիևը սպառնալիքներ չհնչեցնի։ Իսկ ինչ վերաբերում է «Հայաստանի հովանավորներին», ապա նա ոչ թե Ռուսաստանին նկատի ուներ, այլ Սփյուռքին։ Ալիևի աշխարհընկալման մեջ Արցախյան հակամարտությունը և, այսպես կոչված, Հայաստանի «ագրեսիվ» դիրքորոշումը  միշտ պահպանվում էր Սփյուռքի ֆինանսավորմամբ և թելադրանքով։ Փաշինյանի միջնորդությամբ` նրանք փորձում են Հայաստան-Սփյուռք կապը խզել։  Թուրքիան էլ է անհանգստացած Սփյուռքի առկայությունից, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջատերը սփյուռքահայությունն է։ Ուշադրություն դարձրեք` քանի՞  երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչև անկախ Հայաստանի ձևավորումը, անկախ Հայաստանի ձևավորումից հետո և Փաշինյանի օրոք։ Ակնհայտ է` Հայաստան-Սփյուռք կապը որքան խոցելի է դարձնում Թուրքիային և Ադրբեջանին։ Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը փորձում է կտրել Հայաստան-Սփյուռք կենսական զարկերակը»,- ասաց փորձագետը։

Բաքվի բռնապետն անթաքույց անհանգստացած է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ակտիվացումից և իր ասուլիսներում չի էլ կարողանում թաքցնել իր վախը երկրորդ և երրորդ նախագահներից։ Արմինե Ադիբեկյանը բացատրում է՝ Ռ.Քոչարյանը և Ս.Սարգսյանը տասնամյակներով ծնկած  են պահել Ալիևին, իսկ հիմա Ալիևն է Փաշինյանին սեղմած պահում, և ոչ միայն Փաշինյանին, այլև ամբողջ Հայաստանը։

«Ալիևը նախկին հարցազրույցներում ասում էր, որ ինքը հաղթել է Քոչարյանին և Սարգսյանին, քանի որ Փաշինյանը Ալիևի համար բացարձակապես ոչնչություն է։ Ալիևի համար շատ կարևոր էր, որ ինքը «ծնկի է բերել» Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին, այս ամենն էլ արվում էր Քոչարյանի և Սարգսյանի լռության ֆոնին։ Հիմա Քոչարյանը և Սարգսյանը ակտիվացել են, և, բնական է, արթնացրել են Ալիևի բնազդները և վախերը. նա հասկանում է` մի բան է խոսելը,  մի բան է այդ խոսքն ապացուցելը։ Ալիևը չի կարող գործով ապացուցել, թե կարող է հաղթել այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրեն նվաստացրել են։ Ալիևը վախենում է, քանի որ մեծ հեղինակություն է ձեռք բերել երկրի ներսում, և եթե Հայաստանին հաջողվի կտրել Թուրքիա-Ադրբեջան կապը, Ալիևը շատ արագ կկորցնի այն նվաճումները, որոնցով ինքը իրեն  մարդ է զգում»,- նշեց բանախոսը։

Անդրադառնալով Ս. Սարգսյանի՝ օրեր առաջվա ծավալուն հարցազրույցին՝ փորձագետը ասաց, որ այն ուղղված էր բոլորին, բայց, միևնույն ժամանակ, ոչ ոքի։

«Ս. Սարգսյանը պատկերն էր ներկայացնում։ Սարգսյանը չի պատրաստվում ռևանշ անել, քանի որ Հայաստանն այսօր  չունի այն ռեսուրսը, որով կկարողանա պատերազմ սկսել։ Բայց եթե մենք ունենք նպատակ, ապա կարող ենք այդ նպատակին հասնել։ Ալիևը  անհանգստացած է, որովհետև հասկանում է, թե որքան փխրուն են իր դիրքերը։ Ալիևից ուժեղ խաղացողների կողմից ցանկացած ակտիվացում Ալիևի մոտ հիստերիկ նոպաներ են առաջացնում, ինչին հաջորդում են նրա ասուլիսները, որտեղ սկսում է բռունցք թափ տալ և սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

                          

                                                                                                              Լենա Կարապետյան