կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 23:18
Հասարակություն

Ջավախքի զարկերակը. Գուրգեն Եզոյան

Ջավախքի զարկերակը. Գուրգեն Եզոյան

Գուրգեն Եզոյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում, դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում, մասնագիտությամբ իրավաբան է։

Ուսումնական տարիների ընթացքում Գուրգենը մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի պետական կոմիտետում եւ Վրաստանի ընդհանուր դատարանում անցել է եռամսյա վերապատրաստման ծրագրեր։ Թբիլիսիում Վրաստանի արդարադատության տանը փորձաշրջան անցնելուց հետո ստանձնել է հաստիքով աշխատողի կոչում սկզբից որպես կրտսեր մասնագետ, այնուհետեւ ավագ մասնագետ եւ նույն պաշտոնով տեղափոխվել է Ախալքալաքի արդարադատության տուն։

Գուրգենը այս աշխատանքները համատեղել է ուսման հետ, մագիստրոսի մասնագիտացում ստացել է Վրաստանի արևելյան Եվրոպայի համալսարանում։ Վերապատրաստման ծրագիր է անցել Իտալիայում, համագործակցելով տարբեր հասարակական կազմակերպությունների հետ մասնակցել է մասնագիտական գիտելիքներն ամրապնդող դասընթացների։

Ախալքալաքի արդարադատության տանը, որպես ավագ մասնագետ աշխատել է 6 ամիս, այնուհետեւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամում աշխատել է որպես իրավաբան-խորհրդատու, երեք ամիս անց դարձել է նույն հիմնադրամի գրասենյակի պատասխանատուն Վրաստանում։

Գուրգենի օրը սկսվում է բարի լույսով եւ մի բաժակ սուրճով։ Նա սիրում է պլանավորել ամեն ինչ, ինչով էլ պայմանավորվում է նրա օրվա արդյունավետությունը։

«Հաջողության իմ գրավականը պատասխանատվությունն ու աշխատասիրությունն են»,– ասում է երիտասարդ իրավաբանը։

Ուժը, որ Գուրգենին պահում է Ջավախքում, նա էմոցիոնալ կապ է համարում։ Այստեղ նրա ընտանիքն են ու հարազատ մարդիկ, կյանքի լավագույն հուշերը մանկության ամուր թելով շղթայված են հայրենի լեռնաշխարհին։ «Մեր երիտասարդները, ովքեր կրթություն են ստանում թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանի տարբեր վայրերում, պետք է մտածեն Ջավախք վերադառնալու մասին, քանի որ այդպիսով յուրաքանչյուրն իր լուման է ներդնում Ջավախքում բարեկեցիկ կյանքի ստեղծմանը։ Հայրենիքին պիտանի լինելու ճանապարհները տարբեր են, յուրաքանչյուրն ինքը կարող է ընտրել ինչ և ինչպես անել»,-ասում է Գուրգենը։

Դժվարությունները հաղթահարելու ուրույն բանաձեւ ունի։ Նա ասում է, որ ցանկացած գործողություն սկսելուց առաջ պետք է պատրաստ լինել դժվարությունների, որոնք շատ հաճախ անսպասելի են առաջանում։ Գուրգենի կարծիքով դժվարությունները հաղթահարելու կարևոր նախապայմանը ինքն իր ներսում հաղթահարելն է, մնացածը կստացվի։ Նրան աջակցում են ընտանիքը, սիրելի մարդիկ և ընկերները։

Հ.Գ. Ջավախքի զարկերակը կրող խորագիրը ներկայացնում է երիտասարդ և հաջողակ ջավախքցիների, ովքեր ապրում եւ արարում են հայրենի աշխարհում։

Սոնա Տոնականյան, iammedia.am