կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 11:52
Քաղաքական

Չի կարելի անձանց միջև ֆիզիկական տարածությունն անվանել «սոցիալական հեռավորություն». Ա. Եղիազարյան

Չի կարելի անձանց  միջև ֆիզիկական  տարածությունն անվանել «սոցիալական հեռավորություն». Ա. Եղիազարյան

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այն հասարակությունը և այն իշխանությունը, որոնք գիտակցաբար սոցիալական հեռավորություն են ստեղծում հանրության տարբեր սոցիալական խմբերի միջև՝ աշխարհի ամենաայլանդակ հասարակությունն են ու ամենամարդատյաց իշխանությունը։

Սոցիալական հեռավորությունը հարուստի և աղքատի, առողջ աշխատունակ և անառողջ անաշխատունակ մարդու, աշխատանք ունեցողի և գործազուրկի, բուժման համար միջոց ունեցողի և չունեցողի, արժանապատիվ վարձատրություն ստացողի և շահագործվողի, տուն ունեցողի և անտունի, ծնողական խնամք ունեցողի և առանց ծնողական խնամքի մնացածի, պաշտպանվածի և անպաշտպանի (խոցելիի) և այլնի և այլնի միջև անջրպետ տարածությունն է։ Եվ այն որքան մեծ է՝ նշանակում է, որ տվյալ երկրում ու հասարակությունում ինչ որ բան այն չէ։
Հակառակը, սոցիալական հեռավորության բևեռացումը պետք է կրճատել, հնարավորինս նվազագույնի հասցնել, սոցիալական խմբերը մոտեցնել իրար։
Նժդեհը մի լավ վճռակ (աֆորիզմ) ունի. «Սոցիալապես որքան արդար՝ այնքան զորավոր է Հայրենիքը»։ Սա պե՛տք է դարձնել մեր պետության կարգախոսը։

Չի կարելի անձանց միջև ֆիզիկական տարածությունը անվանել «սոցիալական հեռավորություն»։ Ասեք օրինակ՝ 2 մետր տարածություն, ապահով կամ անվտանգ հեռավորություն, երկու ոտնաչափ, տո թեկուզ՝ մեկ գետաձիաչափ, բայց ո՛չ երբեք՝ «սոցիալական հեռավորություն»։
Լավ, ինչքա՞ն կարելի է այս անգրագիտությունը կապկել, թութակել, ինչ է թե՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության ինչ որ ձև բռնող մարտնչող տգետ է ասել։ Ու ողջ աշխարհով մեկ, առանց մտածելու՝ շատերը բերանի մաստակ դարձրած կրկնում են։

Սիրելի և հարգելի հայրենակիցներ, կորոնավիրուսից պաշտպանվելու համար՝ ընդամենը պահեք անվտանգ կամ ապահով միջանձնային ֆիզիկական տարածություն կամ հեռավորություն։

#Թագավորը_մերկ_է !!!»։