Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացման մասին խոսակցություններն ակամայից հնչում են Ռուսաստանից հեռու մնալու համատեքստում:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում հասկանում են, թե ինչ ճնշում են գործադրում Հայաստանի վրա արևմտյան երկրները՝ տարածաշրջանում Մոսկվայի հետ կապված իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։
Պատասխանելով Երևանի արտաքին և պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացման մասին Sputnik Արմենիայի հարցին՝ դեսպանը նշել է, որ արտաքին քաղաքական կուրսի կառուցումը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է, բայց իրեն՝ որպես ՌԴ դեսպանի, ավելի շատ հետաքրքրում է այդ գործընթացի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ դիրքավորումը։
«Կան որոշակի հարցեր, կա որոշակի մտահոգություն, քանի որ երբեմն դիվերսիֆիկացման ուղեգիծն ակամայից ընկալվում է որպես զգալի չափով հեռավորություն Ռուսաստանից։ Ինձ մոտ՝ որպես դեսպանի, որի առջեւ երկու երկրների միջեւ դաշնակցային, եղբայրական հարաբերությունները պահպանելու, ամրապնդելու խնդիր է դրված, նման միտումը մտահոգություն է առաջացնում», - ասել է նա գործակալությանը։
Դիվանագետը հիշեցրել է այն հայտարարությունների մասին, որոնք վերջին շրջանում արվել են ամերիկյան վարչակազմի, մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչների կողմից: Նրա խոսքով՝ ամերիկացիները Հայաստանի հետ հարաբերությունները բացահայտ դնում են Ռուսաստանի, Իրանի ազդեցության դեմ պայքարի համատեքստում։ Կոպիրկինի խոսքով՝ հայկական ղեկավարության կողմից ադ մասին ոչ մի մեկնաբանություն չի լսել։
Միևնույն ժամանակ, դիվանագետը հավաստիացրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը շատ է գնահատում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները, և ՌԴ-ն պատրաստ է անել ամեն հնարավորը, և այդ առումով կան կոնկրետ առաջարկներ, որպեսզի ոչ միայն պահպանվի, այլև զարգանա և ամրապնդվի համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, գծելու է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելուն ուղղված գիծը, և Մոսկվան Երևանին դիտարկում է որպես այդ գործում շատ կարևոր և արժեքավոր գործընկեր:
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա