կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 18:51
Առանց Կատեգորիա

Եղել են թաղման, հոգեհանգստի դեպքեր, երբ մեկ ասիմպտոմ վարակակիրը մի ամբողջ գյուղ վարակել է. Արտավազդ Վանյան

Եղել են թաղման, հոգեհանգստի դեպքեր, երբ մեկ ասիմպտոմ վարակակիրը մի ամբողջ գյուղ վարակել է. Արտավազդ Վանյան

Կորոնավիրուսով պայմանավորված այսօր ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նա նշեց, որ ի սկզբանե, հակահամաճարակային միջոցառումներն իրականացրել են այն ուղղությամբ, որ հայտնաբերեն բոլոր հիվանդներին, որպեսզի արագ հայտնաբերման դեպքում կանխարգելեն վարակի տարածումը:

«Ինչպես այլ երկրներ, հայաստանն էլ կիրառեց որոշակի սահմանափակումներ, որը նվազեցնում է շփումները, բայց այդ միջոցը հնարավոր չէ երկարատեւ իրականացնել: Դրա համար մենք այսօր առաջարկում ենք երեք կանխարգելիչ ուղղություններ: Առաջին՝ իրականացնելու ենք հիվանդների վաղ հայտնաբերում, նրանց հետ շփվածների հայտնաբերում եւ ինքնամեկուսացում: Սա հնարավորություն է տալիս որոշակի առումով տարածումը կանխարգելել:

Երկրորդը մեր տնտեսվարողներն են, որտեղ հավանականությունը շատ մեծ է, որ վարակն արագ տարածվում է, եւ մենք կոչ ենք անում սահմանված կանոնների պահպանում: Պետք է ձեւավորվի մշակույթ, քանի որ կորոնավիրուսը դեռ երկար առկա է լինելու:

Եվ ամենակարեւորը, մեր բնակչությունն է, որին կոչ ենք անում կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունը եւ պահպանել ձեռքերի հիգիենան: Այս երեքը պահպանելով մենք ամբողջովին նվազեցնում ենք վարակման ռիսկը»,-ասաց նա:

Վանյանն անդրադարձավ նաեւ մի քանի դեպքերի. «Վերջին դեպքերը ցույց տվեցին, մասնավորապես, թաղման, հոգեհանգստի, նաեւ խնջույքերի դեպքերը, փոքրիկ բռնկումների բերեցին: Անգամ եղել են թաղման եւ հոգեհանգստի դեպքեր, երբ մահացած անձը որեւէ կապ չի ունեցել կորոնավիրուսի հետ, մի ամբողջ գյուղ վարակվել է այդ հոգեհանգստի ժամանակ: Ընդամենը մեկ հիվանդի դեպքում, որն ախտանիշներ չի ունեցել, մի ամբողջ գյուղ հիվանդներ ունենք:

Նույնը խնջույքի դեպքում: Մենք ունեինք մանկապարտեզի աշխատող Սյունիքի մարզում, պարզվեց, որ ընդամենը 7 հոգանոց ծննդյան միջոցառման մասնակիցներից 6-ը դրական արդյունք էր տվել: Մարդիկ կարծելով, որ ախտանշաններ չկան, ինքն առողջ է, վարակել էր բոլորին: Այս օրինակները վկայում են, որ վիրուսը շատ արագ տարածվում է»: