Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
365news-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
-Որքանո՞վ են կառավարության կողմից իրականացրած ծրագրերը մեղմում տնտեսական ճգնաժամը:
-Բոլոր ծրագրերն էլ այս կամ այն ձևով ենթադրում են փողի ներարկում, որոշակի ֆինանսական աջակցություն կա՛մ տնտեսվարողներին, կա՛մ սոցիալական տարբեր խմբերին, այդ իսկ պատճառով էլ ինչ-որ չափով ստեղծված իրավիճակը մեղմացնում է: Սակայն մեր խնդիրն այն չէ, որ կառավարության ծրագրերը շարունակվեն իրականացվել, ու մենք ակնկալիքներ ունենանք, որ միևնույն է՝ ինչ-որ չափով որևէ ուղղությամբ կունենաք մեղմացում կամ խնդիրների որոշակիորեն լուծում:
Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, ու դրա պատճառների մասին բազմաթիվ անգամ ենք խոսել: Նախևառաջ այն, որ սա աննախադեպ նոր երևույթ է և իր հետ բերել է բացասական այնպիսի մարտահրավերներ, այնպիսի խնդիրներ, որոնք իրենց ազդեցությամբ շատ անորոշ են: Մենք չգիտենք, թե երբ դա կավարտվի, ամեն օր տնտեսական բոլկում այդ խնդիրները խորանում են՝ սոցիալական իմաստով:
Այսպիսի պարագայում, երբ նայում ենք ՀՀ օբյեկտիվ վիճակն ու պետական բյուջեի խիստ սահմանափակվածությունը, տնտեսական զարգացման ցուցանիշների հնարավորությունները, փոքր տնտեսություն լինելու հանգամանքը, զարգացման առանց այն էլ բավականին խնդիրներ ունենալու պարագան, ինչպես նաև աշխարհաքաղաքական մարտահրավերները, ապա կառավարության խնդիրը պոպուլիզմը չի, կառավարության խնդիրը միայն աջակցության իմիտացիա ստեղծելը չի, այլ կոնկրետ աջակցության գործիքները պետք է ընտրվեն, ընտրվեն թիրախային խմբերը, ինչպես նաև աջակցության չափը, որ համարժեք օբյեկտիվ կլինի իրավիճակին: Ինչքան իրավիճակը սրվում է, այնքան պետական բյուջեի մուտքերը պակասում են:
Մենք սովորական վիճակում չենք, որ ծրագրերը փորձարկենք և հիմքում էլ դնենք այն նպատակը, թե ինչ ձևով կարելի է «փաթեթավորել» ու հասարակությանը մատուցել, ինչ ձևով կարելի է հիմքեր ստեղծել հետագայում «արդարացման» համար, քանի որ ինչ էլ լինի, այսօրվա վիճակի հետևանքների պատասխանատուն լինելու է գործադիր իշխանությունը:
Մենք միջոցների անբավարարության պատճառով դիմել ենք արտաքին աղբյուրների՝ միջոցների ներգրավման համար, ի դեպ՝ պարտքով, ու այս պարագայում ցանկացած պահի պետք է ուղղակի փոխվեն աջակցության սկզբունքները, մոտեցումները և պետք է հիմնական շեշտը տարվի ավելի շատ դեպի կանխարգելում, սկզբնական փուլում՝ խնդիրների առաջացման պատճառների մեղմում կամ հնարավորության դեպքում՝ վերացում, որպեսզի այդ խնդիրները չդառնան իրողություն ու մենք սկսենք նաև դրանց հետևանքների դեմ պայքարել:
Օրինակ՝ այն սահմանափակված ոլորտներում, որտեղ պետության աջակցությունը համարժեք ու բավարար չի եղել, դրա հետևանքը լինելու է գործազրկությունը, այդ ձեռնարկությունների տնտեսական գործունեության կրճատումն, ու սա շղթայական կտարածվի տնտեսության մեջ: Եթե այս տեսանկյունից ենք դատում, ապա այդ ծրագրերն ուշացած էին, իսկ այն աջակցութունները, որոնք մասնակի փոխահատուցում էին նախատեսում տուժած ձեռարկություններին, դրանք կրկին համարժեք չեն, այդ իսկ պատճառով էլ գործատուները չեն կարողանա իրենց աշխատողներին հարկադիր պարապուրդի ընթացքում վճարել:
-Կառավարությունը սկզբնական շրջանում նշում էր, որ տնտեսական անկումը կկազմի է 1.5-2 տոկոս: Այս պահին ինչպիսի՞ կանխատեսումներ կան՝ ինչքա՞ն կկազմի տնտեսական անկումը:
-Այդ կանխատեսումները նաև միջազգային կազմակերպություններն են անում և դա ձգվում է մինչև հինգ տոկոսի: Այնուամենայնիվ, սա դեռ վերջնական չի ու մեծ է հավանականությունը, որ այսպիսի տեմպերով գնալու պարագայում մենք տնտեսական անկման էլ ավելի մեծ ցուցանիշ ենք ունենալու, քանի որ այս պահի կանխատեսումները նախորդ ժամանակահատվածի տնտեսական ցունցանիշների հիման վրա է արված, իսկ մեր տնտեսական զարգացման ցուցանիշները օր-օրի դեպի վատն են գնում:
-Պարոն Ավետիսյան, նշեցիք, որ Հայաստանը ֆինանսական աջակցության համար դիմում է արդեն արտաքին դերակատարներին: Ի՞նչ եք կարծում, օրինակի համար, Հայաստանում կրիպտոարժութային փոխանակման գրասենյակների, բորսաների բացումը կարո՞ղ է տնտեսական այսպիսի բարդ իրավիճակում նոր ֆինանսական հոսքերի ստեղծման հնարավորություն ստեղծել:
-Կարծում եմ՝ այս պահին այդ մասին խոսելը դեռևս ժամանակավրեպ է, դա ավելորդ սպասումներ կառաջացնի: Քանի որ, նախ մենք ինստիտուցիոնալ առումով այդ շուկայում դեռ ներգրավված չենք, այս իսկ պատճառով էլ չենք կարող դրա վրա հույսներս դնել: Բացի դրանից, միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները մեծ ռիսկեր են գնահատում կրիպտոարժույթների շուկայի տեսնակյունից, ու իրականում հենց այդ ոլորտի առանձնահատկությունից բխող անկառավարելի մեծ ռիսկեր կան՝ հատկապես, որ դու ոլորտում նվազագույն ինստիտուցիոնալ կարողությունները չունես: Այդ իսկ պատճառով, հնարավոր է դրա վրա հույսը դնելով՝ էլ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնես, քան՝ որևէ խնդիր լուծես:
Զրուցեց Մելինե Պետրոսյանը