Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հստակ պատկեր ունենալու համար շատ կարևոր է առաջ գնալ գնահատման տարբերակված մոտեցմամբ: Խոսելով պատերազմական իրավիճակում առկա ռիսկերից, տնտեսական կայունություն ապահովելու հրամայականից՝ այս մասին «Փաստի» հետ զրույցում ընդգծեց տնտեսագետ Թադևոս Ավե տ ի սյա նը: Նա մի շարք կա ր ևո ր սկզբունքներ առանձնացրեց՝ առաջինը դիտարկելով բիզնեսին առնչվող խնդիրները: «Կոնկրետ մարդիկ իրենց միջոցներով, իրենց ռիսկով տնտեսական շահույթ ստանալու նպատակով գործունեություն են իրականացնում: Բացի շահույթ ստանալը, այս մղումն ապահովում է նաև աշխատատեղեր, վճարվում են հարկեր և այլն:
Բայց բիզնես գործունեության այս պահի ակտիվության վրա էապես ազդում են նաև տնտեսական ռիսկերը, որոնց հիմքում իրավիճակի անորոշությունն է: Սա պետք է շատ հստակ հաշվի առնել. եթե ուզում ենք այսօր գործող բիզնեսների տնտեսական ակտիվության վրա ունենալ դրական ազդեցություն, ապա պետությունն իր տնտեսական քաղաքականության բոլոր գործիքներով այդ անորոշությունը մաքսիմում պետք է որոշակի դարձնի:
Երկրորդ՝ կարևոր է ոչ միայն եղած տնտեսական գործունեության ակտիվությունը պահպանելը, այլև մեծ ուշադրությունը ներդրումային պրոյեկտներին: Ներդրումային ռիսկերը փոխվել են, ինչը բխում է իրավիճակից, և մարդիկ կարող են մի շարք պրոյեկտներ հետաձգել, կասեցնել և այլն, բայց այստեղ ևս լուծումներ կան»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ այդ համատեքստում շեշտելով ի հայտ եկած ռիսկերը կառավարելի դարձնելու հնարավորության մասին: «Առաջացած լրացուցիչ ռիսկերը պետք է թիրախ դառնան՝ դրանք որոշակիացնելու, կրճատելու առումով, որ մենք կարողանանք վերականգնել ներդրումային պրոյեկտի ժամանակացույցը: Մյուս կարևոր սկզբունքն այն է, որ բիզնեսն իր թիկունքում զգա իրավիճակից բխող համարժեք պետական աջակցության հնարավորությունը և փաստը:
Շատ կարևոր է նաև իրավիճակն իր ամբողջության մեջ դիտարկելը: Եվ այս առումով մենք չենք կարող հաշվի չառնել մինչև թշնամու սանձազերծած պատերազմն առկա Covid-19-ի հետևանքները: Բացի վերոնշյալ ռիսկերից, մի շարք ոլորտներ արդեն իսկ կրել են տնտեսական հետևանքներ, ինչն ակնհայտ է մակրոմակարդակում: Մյուս կարևոր ուղղությունը, որը պետք է դիտարկել բիզնեսի աչքով, այն է, թե այս իրավիճակը որքա՞ն արագ և ի՞նչ հետևանքներով կհանգուցալուծվի: Սա բարդ է, ինչպես նաև անորոշ: Այսինքն՝ ժամկետ և ընթացք. երկուսն էլ անորոշության հիմքեր ունեն՝ պայմանավորված աշխարհաքաղաքական գործոններով, ինչպես նաև, իհարկե, մարդակեր թշնամու վարքագծով: Սրանք որևէ կերպ հնարավոր չէ մոդելավորել, կանխատեսել տնտեսական իմաստով»,-ընդգծեց նա՝ նշելով, որ նման իրավիճակում առաջանում է պետության դերակատարման ուրվագիծը, թե այն ինչպիսին պետք է լինի, ինչ հիմնական սկզբունքների վրա պետք է հիմնվի:
Կարևոր են նաև նոր գաղափարները: Մենք ամենևին չենք խոսում անհնարինի մասին: Բազմաթիվ երկրներ ունեցել են հակաճգնաժամային կառավարում, դրվագային օրինակներ, դրական փորձեր կան նաև մեր երկրում: Բայց կարևոր է այն գիտակցումը, ըստ որի՝ յուրաքանչյուր պատասխանատու պաշտոնյա այսուհետ իր հույսը չի կարող դնել զուտ թվեր ներկայացնելու վրա ու դրանով անցնել առաջ: Բերվում է կոնկրետ ծրագիր և այնտեղ հստակ պետք է ֆիքսված լինի՝ ի՞նչ ենք ծախսում, ի՞նչ աջակցություն է ենթադրում և ի՞նչ ենք ստանալու: Ծախս՝ արդյունք: Կա՞ արդյունքը՝ գնում ենք առաջ, չկա՝ պետք է խնդրին գնահատական տրվի ու լինի պատասխանատվություն»,-հավելեց տնտեսագետը: Թ. Ավետիսյանի խոսքով, այսօր թվային կանխատեսումներն այդքան էլ կարևոր չեն, հաշվի առնելով անորոշությունները՝ դրանք շատ նախնական են: «Մենք պետք է առավելագույն թիրախները դնենք, թռիչքաձև զարգացման հիմքերի ապահովումն այլընտրանք չունի:
Թվերը մի կողմ պետք է թողնել: Տնտեսական քաղաքականության օրվա պատասխանատուները մաքսիմում դրական մեսիջներ պետք է բերեն՝ բիզնեսին աջակցելու, բիզնեսի ռիսկերը կրճատելու ու կոնկրետ բիզնեսին պետական բյուջեից հատկացումներ անելու համար: Խնդիրը շատ կոնկրետ է բիզնեսի համար. անորոշություն, մինչ այս ունեցած կորուստներ, ֆինանսական և այլ աջակցություն: Այդ ծրագրերը նշված երեք ուղղություններով պետք է բերել՝ ձևակերպելով դրանք նաև որպես հստակ պայմանագրային պարտավորություններ. այսինքն, ինչ եմ անում ես՝ որպես պետություն, ինչ ես անում դու՝ որպես գործատու, որ խնդիրներդ են թիրախավորվում, լուծվում, ու որն է ակնկալվող արդյունքը, որոնցով պետք է առաջ գնանք: Այսինքն, պետությունը դառնում է իրապես գործընկեր: Ու ոչ թե բանկերի միջոցով, այլ ուղիղ է աշխատում բիզնեսի հետ, որը իր հերթին լուծում է տնտեսական, սոցիալական, ինչպես նաև հարկեր գեներացնելու ու դրանք վճարելու խնդիր:
Պետության նոր մոտեցումը այդպիսին պետք է լինի»,-շեշտեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, անորոշ իրավիճակում ոչ թե պետք է կանխատեսել, այլ թելադրող լինել, ինչը ևս անհնարին չէ: «Պետությունը պետք է բերի իր պատկերացրած մոդելը: Աջակցության ու տնտեսական զարգացման կոնկրետ ծրագրերով ինքը պետք է թելադրի: Ոչ թե սպասել կամ ընկրկել ռիսկերից և անորոշություններից՝ մտքում ունենալով Covid-19+պատերազմ բանաձևը, այլ թելադրել Covid-19-ին ու պատերազմին: Այսինքն, մենք ենք թելադրում որպես սոցիալական պետություն, որպես հավաքական ուժ: Ինչպես թելադրում ենք ռազմի դաշտում, այնպես էլ թելադրենք տնտեսական դաշտում: Համոզված եմ՝ չիրացված մեծ ներուժ կա, ու հետևողական աշխատանքի, իրապես պատասխանատվություն ստանձնելու, պրոֆեսիոնալ մոտեցումներով կարող ենք պարտադրել հաղթանակ նաև տնտեսական դաշտում:
Կարևոր է, որ մենք իրապես կոտրենք տնտեսական անկման տրամադրությունները և դա փոխենք թռիչքային աճի տրամադրություններով»,- նշեց Թ. Ավետիսյանը: Նրա դիտարկմամբ, այս համատեքստում կարևոր է նաև հանրության վարքագիծը, որը փոխվել է, ինչն այս իրավիճակում բնական է ու տրամաբանական: «Սա մի երկիր է, մի տնտեսություն, մի բիզնես, մի համակարգ: Այսպիսի իրավիճակում, իհարկե, փոխվելու է նաև սպառողական վարքագիծը, բայց ընդհանուր տրամաբանության մեջ սա ևս լուծումներ ունի: Երբ փոխում ես մթնոլորտը, ցույց տալիս, որ մենք չենք գնում անկման, այլ գնում ենք թռիչքային զարգացման, ինչպես նաև մատնանշում ես դրա տեսանելի հիմքերը, կոնկրետ ծրագրերը, բնականաբար, այդ դրականը փոխանցվում է նաև հանրությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ նման իրավիճակում նաև հանրության վարքագծի ակտիվացում կարող ենք ակնկալել, բայց հակառակ դեպքում հանրությանն այս օրերին ուղղված խորհուրդներն ու հորդորները էյֆորիայի դաշտից են: