կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 14:32
Քաղաքական

Պուտինը մերժել է Լուկաշենկոյին և Փաշինյանին ԵԱՏՄ-ում գազի գնագոյացման հարցում

Պուտինը մերժել է Լուկաշենկոյին և Փաշինյանին ԵԱՏՄ-ում գազի գնագոյացման հարցում

ԵԱՏՄ ընդհանուր շուկայում գազի տեղափոխման ծառայությունների գնագոյացման խնդիրը մնում է օրակարգի հիմնական հարց: Այսօր` մայիսի 19-ին, Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ռեժիմով, ընդգծել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

Ըստ նրա` փոխընդունելի վերջնական որոշում չեն գտնում արդեն մի քանի տարի, ընդ որում` հիմնախնդրի արդիականությունն օրեցօր աճում է: «Այսօր մենք պետք է գտնենք բոլորիս անհրաժեշտ կոնսենսուսը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագին կմտցվի միայն որոշակի պայմաններում, որոնք ներկայումս գոյություն չունեն:

«Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների կողմից առաջարկվող` գազի տարանցման և տեղափոխման ծառայությունների համար միասնական սակագնին, մենք համարում ենք, որ միասնական սակագինը կարող է իրագործվել միայն միասնական շուկայում` միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով: ԵԱՏՄ-ում նման խոր ինտեգրում դեռևս չկա: Բոլորս դա լավ գիտենք: Իսկ առայժմ գազի գները պետք է ձևավորվեն շուկայական կոնյունկտուրայի հիման վրա` հաշվի առնելով ծախսերն ու մատակարարների ներդրումները, նաև ապահովելով  արդյունահանման մեջ ներդրված կապիտալի` հիմնավորված չափով եկամուտը: Դա սովորական համաշխարհային պրակտիկա է»,- նշել է Պուտինը:

Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների զարգացման նախագիծը մինչև 2025 թվականը ստորագրելուն այսօր խանգարում է միայն տարակարծությունը մեկ հարցում` գազի տեղափոխման սակագների:

«Գոյություն ունի բանաձև, որի կողմնակիցն է երեք երկիր` Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի է  սահմանել ավելի ուշ` ԵԱՀԿ շուկայի ձևավորման բանակցությունների ընթացքում: Այդ բանաձևը դեռևս չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները, նրանք իրենց տեսակետն ունեն: Եթե նրանք կարողանային համաձայնություն տալ դրան, ապա ռազմավարությանը հավանություն տալու ճանապարհին որևէ խոչընդոտ չէր մնա ընդհանրապես»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև հավելել է, որ «եթե հայ և բելառուս բարեկամների դիրքորոշումը մնա անփոփոխ, հավանորեն, տրամաբանական կլինի ընդհանրապես բացառել գազի կետը ռազմավարության նախագծից, որպեսզի այն հաստատվի»: Նրա կարծիքով` «գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել անդամ պետությունների փորձագետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գծով»:

Հիշեցնենք, որ գազի գնագոյացման հարցին իր ելույթում անդրադարձել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: