Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ մայիսի 9-ից չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի են: Դրանցից բազմաթիվ մարդիկ էին օգտվում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, մանավանդ այս օրերին, երբ գրադարանները փակ են, գրքերի, մամուլի, ամսագրերի թվային տարբերակներն ընթերցողները ներբեռնում և կարդում էին առցանց: Բայց հայկական այս թվային շտեմարանները պահանջված են եղել միշտ՝ անկախ արտակարգ դրությունից: Վերջին տասնամյակներում, երբ աշխարհում օրեցօր ստեղծվում են նորանոր ու բազմապիսի թվային գրադարաններ, Հայաստանի Ազգային գրադարանն ամեն ինչ անում էր՝ ետ չմնալու նորարարությունից՝ ամենժամյա աշխատանքի միջոցով թվայնացվում էր հայատառ տպագիր ժառանգությունը՝ գրական ու գիտական գրքերը, մամուլը, ամսագրերը, քարտեզները և այն ամենը, ինչ պահվում է գրադարանում: Դրանք, ի ուրախություն օգտվողների, շաբաթվա բոլոր օրերին 24 ժամ հասանելի էին օգտատերերին՝ ազատ ու անվճար ներբեռնման և օգտագործման իրավունքով: Թվայնացումը մյուս կողմից այլ հարց էր լուծում՝ նյութերի երկարաժամկետ պահպանություն:
Մինչ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել, որոշ ընթերցողներ նույն սոցիալական ցանցերում շրջանառում են զանազան վարկածներ:
Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն այսօր ի վերջո հայտնեց պատճառը. «Արեւելքի» հարցմանն ի պատասխան ասաց, որ ածխացել են սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները… Լուրը սառի ցնցուղի ազդեցություն է ունեցել բոլոր նրանց վրա, որոնք տեղյակ են, թե ինչ կարգի, ծավալի և բովանդակության տեղեկատվություն է պահպանվում նշված սերվերներում: Սենյակը, որտեղ տեղադրված են սարքերը, կարելի է համարել հայ իրականության մեջ (Հայաստան և Սփյուռք) վերջին տարիներին ստեղծված ամենամեծ գրական ու գիտական ժառանգության ուղեղային կենտրոնը: Թե ինչ վնաս են կրել Ազգային գրադարանն ու առցանց օգտվողներն այս աննախադեպ հարվածից, Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ այն պետք է գնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն «Արեւելքի» հարցին պատասխանելով ասաց, որ նախարարությունը նույնպես սպասում է Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությանը, բայց ըստ նախնական նկարագրության, ինչպես ասաց, հին սերվերները հազիվ թե վերականգնվեն: Փոխնախարարը կատարվածը շատ վատ գնահատեց, նշելով, որ սարքերի մեջ պահվում էին ազգային արժեքներ, բայց ավելացրեց, որ դրանք ազգային արժեքների թվային տարբերակներն էին, բարեբախտաբար արժեքներն ինքնին չեն վնասվել:
«Գործ ունենք ֆինանսական վնասների և մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ, բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»,-ասաց փոխնախարարը:
Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու և շտեմարանները վերականգնելու համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս: «Ջուրն է լցվել Հայաստանի գրադարանային ողջ համայնքի տարիների աշխատանքը»-«Արեւելքին» ցավով ասաց առցանց շտեմարանների ստեղծման ակունքում կանգնած գիտնական, գրադարանագետ Տիգրան Զարգարանը: «Այն ինչ կատարվել է՝ մահվան չափ հարված է Հայաստանի գրադարանային համայնքին: Թող կանգնեն և ներողություն խնդրեն իրենց անփույթ վերաբերմունքի համար, որը ցավ ու վիրավորանք է պատճառել բոլոր նրանց, ովքեր ստեղծել են այդ շտեմարանները՝ քսանից ավելի տարիների ընթացքում: Միայն Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի ստեղծմանը մասնակցել են հայկական խոշոր գրադարանները՝ 18 գրադարան՝ համալսարանական, գիտական, հանրային, ներգրավված է եղել 10 մարզային գրադարան… Իսկ թե ինչպե՞ս սեղմ ժամկետներում կվերականգնեն այն, ինչ մարդիկ ստեղծել են տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, չեմ կարող ասել…»,-ասաց Տիգրան Զարգարյանը:
Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը մեկն է շտեմարաններից, որ գործում էր Հայաստանի Ազգային գրադարանի խափանված կայքում: Այն պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: Մոտ 5 միլիոնին մոտ մատենագիտական նկարագրություն կար գրացուցակում: Կայքում տեղադրված էին նաև «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարանները, որոնցում թվայնացված էին միլիոնավոր էջեր: Միայն «Հայ գիրք» շտեմարանում ավելի քան 20 հազար գիրք կար թվայնացված՝ երկուսուկես միլիոնից ավելի էջ, 4 միլիոն վեց հարյուր հազարից ավելի էլ թվայնացված մամուլի էջերն էին՝ արևմտահայ, զմյուռնահայ, սփյուռքահայ, արևելահայ մամուլից մինչև մեր օրերը: Շարունակական այս աշխատանքը դադարել էր արտակարգ դրության պատճառով, բայց արդենիսկ թվայնացված շտեմարանները հարուստ աղբյուրներ էին՝ սկսած հայ առաջին տպագիր գրքից, մամուլից մինչև անցյալ դարի կեսեր: Թվայնացված էր նաև ժամանակակից գրականություն և մամուլ: Շտեմարաններում թվայնացած էր մեր տպագիր ժառանգության բացառիկ երևույթներից մեկը՝ հայատառ թուրքական մամուլն ու գրականությունը:
Բոլոր շտեմարաններն ունեին մասնագիտական որոնման համակարգեր, հեղինակավոր գրառումներ և այլ գործիքակազմեր, որոնք հեշտացնում էին թվային գրադարանից օգտվելը:
«Ծանր բան է տեղի ունեցել, նախարարությունն ակնկալում է արդարացի և ճշմարիտ հետաքննություն, պատճառների բացահայտում, եթե կատարվածում մարդածին գործոն լինի, մեղավորները պատժվելու են: Այս պահին, քանի դեռ հետաքննությունը թափ չի հավաքել, միայն ցավ կարող ենք ապրել»,-կատարվածի մասին ասում է Նարինե Խաչատուրյանը:
Ըստ փոխնախարարի, Ազգային գրադարանն ունի ԱԻՆ մշտական ներկայացուցիչ, որը պատասխանատու է նման հարցերի համար: Տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն ասում է, որ անվտանգության կանոնները պահպանված են եղել, իրենց համար էլ անհասկանալի է, թե ի՞նչը կարող էր հրդեհի կամ սարքերի տաքացման պատճառ դառնալ, չբացառելով նաև դիտավորությունը: Մեր հարցին, թե արդյո՞ք դիտավորութուն հնարավոր է փնտրել այստեղ, Նարինե Խաչատուրյանն ասաց՝ չի ուզում ծայրահեղության գնալ, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, բայցև ասաց. «Չգիտեմ, գուցեև որոշ մարդկանց ձեռքը գնա նման արժեքներ փչացնելու, մենք ամեն օր տեսնում ենք՝ ոնց են մարդիկ իրենց ձեռքով Հայաստանում ոչնչացնում հուշարձաններ և այլն»:
Թվայնացած նյութերի տարբերակները մի քանի տեղ պահելու գաղափարը նույնպես Տիգրան Զարգարյանինն է: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հորդորում էր վստահելի մարդկանց, որ արխիվացնելուց հետո մի օրինակ նույնիսկ տներում պահեն: Օրինակները կան, բայց այսօր նա չի պատկերացնում, թե ինչպես պետք է հսկայական այդ ծավալը նորից տեղադրեն սերվերներում: Մեկ այլ հարց է՝ հիշողության թանկ սարքերի գնումը:
«Գրադարան են բերել աշխատողներ, որոնք գործից շատ հեռու են»,- ասաց Տիգրան Զարգարյանը, որ Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնից հեռացել է 2019-ի փետրվարից՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Նախարարության որոշմամբ պաշտոնակատար է նշանակվել Հրաչ Սարիբեկյանը: Նշանակելով նրան այդ պաշտոնում, նախկին փոխնախարար Վահե Բուդումյանն ասել է. «Մինչև այս պաշտոնը Սարիբեկյանը զբաղեցրել է Ազգային գրադարանի գրքի հանրահռչակման բաժնի պետի, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչի պաշտոնները, ՀԳՄ և ՀԺՄ անդամ է, հիանալի արձակագիր է և գրականագետ, հրատարակել է մի շարք գրքեր ու արժանացել բազմաթիվ մրցանակների»։ Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հավանաբար այսօր կամ վաղը ԱԻՆ-ը մուտք կգործի հրդեհված սենյակ: Գրադարանը զրկված է նաև էլեկտրականությունից, հեռախոսակապից:
ԿԳՄՍ Նախարարությունից էլ տեղեկացրին, որ հրդեհի պատճառների մասին եզրակացություն ստանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ: Հրդեհը կամ բարձ ջերմությունից սարքերի խափանումը ամենայն հավանականության տեղի է ունեցել մայիսի 8-9-ին: «Չե՞ք շտապեցնում ԱԻՆ-ին»,- հարցրեցինք փոխնախարար Նարինե Խաչատուրյանին: «Շտապեցնում ենք»-պատասխանեց:
Անուշ Թրվանց
Գլխավոր լուսանկարը՝ «Sputnik Արմենիա»-ի