կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 15:04
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ածխացած վիճակում սերվերային սարքավորումները չեն․ Ազգային գրադարանի տնօրեն

Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ բազան առանձին կրիչներով պահպանվում է ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը մամուլիս ասուլիսում։

«Շատ հնարավոր է, որ այդ ամբողջ բազան պահպանված լինի նաև սերվերների վրա․ ինչպիսին է սերվերների պիտանելիությունը հետագա աշխատանքի համար, դժվար է ասել, բայց պետք է ասեմ, որ կան սարքավորումներ այդ սենյակում, որ ածխացած վիճակում են, բայց դրանք, բարեբախտաբար, սերվերային սարքավորումները չեն»,-ասաց նա։

Սերվերային սենյակում վթարը հայտնաբերվել է մայիսի 10-ին՝ գրադարանի համապատասխան բաժնի աշխատակցի և գրադարանը հսկող՝ հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանության ոստիկանության աշխատակցի կողմից։ Տեղում կազմվել է արձանագրություն։  Սենյակը բացվել և վթարը հայտնաբերվել է ինտերնետ կապի անհասանելության պատճառը փնտրելու համար։

Հրաչյա Սարիբեկյանն ասաց, որ ԱԻՆ-ի համապատասխան վարչության աշխատակիցները այսօր արդեն ժամանել են գրադարան, գործը արձանագրվել է և քննվում է։

Այն պետք է փորձաքննության ուղարկվի՝ եզրակացություն տալու համար մարդկային արտաքին միջամտությո՞ւն է եղել, թե՞ տեխնածին պատճառ, ասենք՝ հոսանքի տատանում։

Խոսակցություններին, թե կատարվածը անփութության հետևանք է, Հրաչյա Սարիբեկյանը հակադարձեց․ «Այդ սերվերային սենյակը ես ժառանգել եմ նախկին տնօրինությունից և սերվերների արդիականցման հարցը քննարկում էինք՝ առաջնահերթ խնդիր էր, մտածում էինք թվայնացված նյութերի տվյալների այդ ամբողջ բազան տեղափոխել ամպային համակարգ։ Անփության պատճառների մասին կանխակալ ենթադրություն անելը վաղ է, ինչ անփութության մասին է խոսքը, եթե դեռ պարզ չէ՝ մարդկային գործոն եղե՞լ է, թե՞ ոչ»։

Դեպի սերվերային սենյակ տանող դռների մոտ՝ մուտքերում, կան տեղադրված տեսախցիկներ, բոլոր ձայնագրություններն արվել են և պահպանվել՝ վստահեցրեց տնօրենը։ Ինքը նայել է տեսագրությունները, տարօրինակ բան չի նկատել։

Հրաչյա Սարիբեկայնը  նշեց, որ միայն մայիսի 8-ին 2 ժամ լույս չի եղել և այդ երկու ժամվա ձայնագրությունը չկա։

Հակահրդեհային արդիական համակարգի ներդրումը գրադարանի ցավոտ խնդիրներից է՝ ասաց տնօրենը, այն մեծ ծախսերի հետ է կապված և առայժմ այդ գնահատականը ԱԻՆ-ն է տալիս․ հակահրդեհային ցուցումներ են ստանում պարբերաբար։ Այն միջոցները, որ գրադարանը ստանում է, բավարար չեն արդիական նոր համակարգ տեղադրելու համար, այս տարի հազիվ կարողացել են նոր՝ իտալական կրակմարիչներով վերազինել Ազգային գրադարանը։

Հավանաբար 2-3 շաբաթվա ընթացքում թվայնացված նյութերը կրկին հասանելի կդառնան՝ կանխատեսեց Հրաչյա Սարիբեկյանը, այս պահին սերվերային սենյակն ու միջանցքի դուռը կնքված են։

Ազգային գրադարանի տնօրենը նշեց, որ թվայնացված գրականության ոչ բոլորի բնագրերն են այս պահին գրադարանում, քանի որ դրանք տարբեր՝ նաև արտասահմանյան, գրադարաններից են ստացել։ Բայց վստահեցրեց, որ թվայնացված ամբողջ բազան առանձին կրիչներով պահպանվում է։

«Շատ տպագիր նյութեր Հայաստանից դուրս են, բայց մենք դրանց թվայնացված տարբերակները ունենք»,-ասաց Հրաչյա Սարիբեկյանը։

Կորուստ մենք չունենք՝ ասաց նա, կորուստ կարող են լինել որոշ սարքավորումներ, ինչ վերաբերում է սերվերային սարքավորումներին՝ ամենայն հավանականությամբ դրանք էլ կորսված չեն։

Հրաչյա Սարիբեկյանը նշեց, որ թվայնացված են մինչև 20-րդ դարի սկզբի նյութերը։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ից Ազգային գրադարանի թվային արխիվը հասանելի չէր հանրության համար։ Հետագայում պարզվեց, որ սերվերային սենյակում որոշ սարքավորումներ վթարվել են։

Մանրամասն՝ տեսանյութում․