Միասին կարող ենք
կարևոր
487 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-16 15:19
Իրավական

Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին՝ զրպարտության համար․ պահանջում է հերքում և փոխհատուցում

Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին՝ զրպարտության համար․ պահանջում է հերքում և փոխհատուցում

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ հայցադիմումի համար հիմք է դարձել Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը, որով վերջինս անդրադարձել էր դատախազության ներկայացրած հայցին՝ Հակոբյանի գույքի բռնագանձման պահանջով։ Ի թիվս այլ պնդումների, Խաչատրյանը  հայտարարել էր, թե «2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը (․․․) :

Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են: Այսօր էլ, հանուն գողացածը պահելու, միավորվում են տեղական և ոչ տեղական օլիգարխիաների ներկայացուցիչներ, ովքեր փորձելու են մեծ գումարներ ծախսելով վերջին ճակատամարտը տալ հայոց պետականության դեմ՝ մի վերջին անգամ հույս փայփայելով, որ կարող են մոլորեցնել կամ խաբել հայ ժողովրդին»։

Այս հայտարարությունները, Վահե Հակոբյանի դիտարկմամբ, զրպարտություն են և այժմ Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Խաչատրյանի։ Հակոբյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Խաչատրյանին հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ֆեյսբուքյան էջում հերքման տեքստը պահպանել առնվազն 1 տարի, ինչպես նաև 1 մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար վնասի փոխհատուցում։  Հայցադիմումը դատարան մուտքագրվել է մարտի 13-ին և նույն օրը մակագրվել  դատավոր Գայանե Մազմանյանին։