Միասին կարող ենք
կարևոր
862 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-14 15:00
Հասարակություն

Հրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը

Հրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ, և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարար Վահե Մելքոնյանը առավոտից շարունակել են Հրազդան քաղաքի Ծովինար ջրամբարում 4 օր որոնվող կնոջ մարմնի հայտնաբերման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քիչ առաջ ջրափրկարարը հայտնաբերել է 72-ամյա Ամալյա Ս.-ի դին և դուրս բերել ափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին հայտնաբերվել է ջրահեղձ եղած կնոջ գլխարկի վայրից գրեթե 350-400 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ՝ մոտ 1.5 մետր խորությունից։

Այս պահին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ հայտնի «Ծովինար» ջրամբարում, շարունակվում էին 3 օր առաջ, ըստ նախնական տեղեկությունների, նշված ջրամբարում խեղդամահ եղած կնոջ որոնողական աշխատանքները։

Փրկարարները և Սևանից ժամանած ջրափրկարարներ Վահե Մելքոնյանն ու Արմեն Սիմոնյանը նույնպես շարունակել էին որոնողական աշխատանքները, որոնց առաջին իսկ օրվանից միացել էին որոնվող կնոջ հարազատներն ու բարեկամները։ Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը և նրա տեղակալ Ստեփան Ստեփանյանը։ Վերջինը նաև մի խումբ հրշեջ-փրկարարների հետ որոնողական աշխատանքներ էր իրականացնում կամրջի հակառակ կողմում՝ գետի ջրի մեջ և ափամերձ տարածքում։