Միասին կարող ենք
կարևոր
655 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-16 17:37
Աշխարհ

Բեռլինը արձագանքել է Հորմուզի վերաբերյալ Թրամփի կոչերին

Բեռլինը արձագանքել է Հորմուզի վերաբերյալ Թրամփի կոչերին

Բեռլինն արձագանքել է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությանը սատարելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին՝ հայտարարելով, որ «այս պատերազմը որևէ առնչություն չունի ՆԱՏՕ-ի հետ։ Սա ՆԱՏՕ-ի պատերազմը չէ»։

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ներկայացուցչի մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը քողարկված սպառնալիք էր հնչեցրել ՆԱՏՕ-ի հասցեին՝ հայտարարելով, որ դաշինքը կարող է «շատ վատ ապագայի» բախվել։

Գերմանիայի կառավարությունը նաև կրկին ընդգծել է, որ չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ գործողության։ «Մասնակցությունը չի դիտարկվել մինչև այս պատերազմը և չի դիտարկվում նաև հիմա», - հավելել է կառավարության ներկայացուցիչը։

Այսօր առավոտյան, ժամանելով Բրյուսել, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Իոհան Վադեփուլը լրագրողներին հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ՆԱՏՕ-ի երկրների համար որևէ դերակատարում չի տեսնում։

Մերցը վերջին օրերին խստացնում է իր դիրքորոշումը Իրանի հետ շարունակվող պատերազմի ֆոնին, որը դադարեցման նշաններ ցույց չի տալիս։ Անցյալ շաբաթ նա քննադատել է ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման համար և բացահայտ հայտարարել, որ չի հասկանում, թե ԱՄՆ-ն ինչ պլաններ ունի պատերազմի ավարտի համար։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ «մինչ պատերազմը թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իսրայելը հստակ հասկացրել էին, որ եվրոպական օգնությունն անհրաժեշտ չէ և ցանկալի չէ»։