Միասին կարող ենք
կարևոր
724 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-14 16:33
Աշխարհ

Սպիտակ տունը հրահանգել է վերսկսել նավթի արդյունահանումը Կալիֆոռնիայի ափերի մոտ

Սպիտակ տունը հրահանգել է վերսկսել նավթի արդյունահանումը Կալիֆոռնիայի ափերի մոտ

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը կարգադրել է վերսկսել արդյունահանումը Sable ընկերության՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող նավթահանքերում՝ առաջնորդվելով «Պաշտպանական արտադրության մասին» օրենքի արտակարգ լիազորություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Քրիս Ռայթը Sable Offshore Corp. ընկերությանը հանձնարարել է վերսկսել Santa Ynez հանքավայրի և խողովակաշարերի համակարգների գործունեությունը՝ մեղմելու մատակարարումների խափանման ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Կալիֆոռնիայի կառավարության քաղաքականության հետևանքով, որի արդյունքում ամերիկյան զինված ուժերը և տարածաշրջանը հայտնվել են օտարերկրյա նավթից կախվածության մեջ»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։

Գերատեսչությունն ընդգծել է, որ որոշումը բխում է պաշտպանական արտադրության մասին օրենքի և ԱՄՆ նախագահի հրամանագրի դրույթներից։

Նախարարը նշել է, որ հանքավայրում նավթի արդյունահանման վերսկսումը կամրապնդի ազգային, ինչպես նաև երկրի էներգամատակարարման անվտանգությունը՝ ապահովելով Արևմտյան ափին գտնվող ռազմական օբյեկտներին էներգակիրների հուսալի  մատակարարումները, որոնք խիստ կարևոր են մարտունակության պահպանման համար։ Նախարարության տվյալներով՝ Sable Ynez հանքավայրում արտադրությունը թույլ կտա ամսական լրացնել մոտ 1.5 միլիոն բարել ներմուծված նավթի ծավալները։

Sable-ի երեք հարթակներում արտահանումը դադարեցվել էր 2015 թվականին՝ Սանտա Բարբարա շրջանի ափերի մոտ նավթի արտահոսքից հետո։ Դրանից հետո աշխատանքները վերսկսվել են հարթակներից միայն մեկում։ Ընկերությունը փորձում է Կալիֆոռնիայի իշխանությունների դեմ նախաձեռնած դատավարության միջոցով վերականգնել լիարժեք արտադրությունը բոլոր հարթակներում։

Politico-ն վկայակոչելով փորձագետներին՝ նշում է, որ այս հանքավայրը չի կարող փոխհատուցել Իրանի դեմ գործողությունների հետևանքով առաջացած նավթի պակասը։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը քննադատել է Ռայթի որոշումը և սպառնացել դատական ​​​​հայց ներկայացնել Սպիտակ տան դեմ՝ նշելով, որ ամերիկյան վարչակազմը փորձում է զոհաբերել ափամերձ համայնքները և շրջակա միջավայրը։