Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան վեթթինգի գործընթացում առավել կարևորում է ոչ թե այն, թե ով է լքելու համակարգը, այլ թե ով է համալրելու. այդ նպատակով դատական համակարգը գրավիչ է դարձվում լավ դատավորների համար: Բադասյանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը:
Վարչապետը նշեց՝ կառավարության գործունեության զեկույցի քննարկման ժամանակ էլ զգացել է, որ իշխանությունը բավարար մասշտաբով չի լուսաբանել դատական օրենսգրքում տեղի ունեցած և արդեն ուժի մեջ մտած փոփոխությունները: Նա նկատեց՝ շատերն ասում են, թե կառավարությունը վեթթինգ է խոստացել, սակայն մոռացել խոսումը: «Ես կուզենայի, որ զրույցի ընթացքում մանրամասնեինք, թե ինչ փոփոխություններ են ենթադրվում դատական համակարգում Դատական օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց նաև, որ աշխարհում եղել են վեթթինգի փորձեր, որոնց իմաստը եղել է ամբողջ դատական համակարգը դնել մի կողմ, եղել է իրավիճակ, որ երկրում վակուում է առաջացել, երկրում ընդհանրապես դատարան չի եղել, արդյունքում 10 անարդարների հետ 10 արդարների էլ են դուրս մղել համակարգից:
Բադասյանն արձագանքեց. «Իմ կարծիքով ավելի կարևոր է, թե ոչ թե ով է լքելու դատական համակարգը, այլ, թե ով է համալրելու դատական համակարգը»:
Նա հնչեցրեց մի քանի թիվ, բարեփոխում, որով դատական համակարգի գրավչությունը բարձրացնելու են և վստահ են լինելու, որ կարող են ունենալ պատասխանը հարցի, թե ով է համալրելու դատական համակարգը: «Մենք ունենք 244 դատավոր, որոնցից 183-ը Առաջին ատյանի դատարանում, 44-ը Վերաքննիչում, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Ի՞նչը պետք է փոխվի, որ դատական համակարգը գրավիչ լինի մասնագետների համար: Ընդ որում, իմ հնչեցրած թվերից ունենք 7 թափուր հաստիք: Վերջին 2 տարվա ընթացքում այն հավակնորդների թիվը, որոնք հաղթահարել են թեստավորման փուլը և ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում, 30 է: Այսինքն, վերջին 2 տարում ունենք 30 հավակնորդ, ընդ որում մի մասը դեռ չի ավարտել ուսումնառությունը»,-ասաց նախարարը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե այդ թիվն ինչի մասին է խոսում: Բադասյանը արձագանքեց՝ դա շատ ցածր թիվ է: Դա ևս մեկ վկայություն է, որ դատական համակարգը մեծ թվով լավ մասնագետների համար գրավիչ չէ: «Մասնակցության ցածր մակարդակ կա, ինչն առաջին ազդակն է, որ լուրջ փոփոխությունների պետք է գնանք: Կարծում եմ ՝ առաջին պայմանը արժանի աշխատավարձն է, վարձատրությունն է: Արդեն ունենք կոնկրետ ձևակերպված փաստաթուղթ: Դատական դեպարտամենտը նաև մեր հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ: Դա ենթադրում է, որ եթե կառավարության կողմից ընդունվի, 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, 2021-ին՝ 60 տոկոսով և 2022-ին 70 տոկոսով»,-ասաց Բադասյանը:
Այժմ Առաջին ատյանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար: Եթե 2020-ին աշխատավարձի բարձրացումը տեղի ունենա, ապա աշխատավարձը կկազմի արդեն 991 հազար դրամ, 2021-ին՝ 1 մլն 57 հազար, 2022-ին ՝ 1 մլն 123 հազար դրամ:
Փաշինյանը նկատեց՝ դատավորների աշխատավարձերի բարձրացումն արվում է ոչ թե դատավորների համար, այլ այն բազմահազարանոց քաղաքացիների համար, որոնք վարչապետին, նախարարին դիմում են գրում, ասում, թե դատարանը անարդար լուծում է տվել որևէ հարցի: «Պարզ է, որ դա արվում է նաև դատավորի համար, սակայն դա արվում է նրա համար, որ դատավորի աշխատանքն այնքան գրավիչ լինի, որ գան ներգրավվեն ամենաբարձր մակարդակի մասնագետները: Սա արվում է նրա համար, որ դատական համակարգի որոշումներից բավարարված լինեք և վստահ լինեք, որ դա արդար, օրինական որոշում է»,-ասաց վարչապետը: