|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Աշխարհում նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում:
Այսօր դեռևս այս հարցի վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված է այն մտքին, որ կարող է վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն լինել հյուսվածքներում` երբ վիրուսը չի բազմանում, սակայն ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ, ինչը հայտնաբերվում է թեստավորման արդյունքում:
Այդուհանդերձ նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են: Պացիենտները որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: Նրանք մեկուսացվել են` հավանական վարակը կանխարգելելու նպատակով:
Նշենք, որ Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրակացության, որ նման դեպքերը ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, ինչը հայտնաբերվում է ՊՇՌ թեստավորմամբ:
Դեռևս այս հարցի վերջնական և ստույգ պատասխան չկա: Ուստի, պետք է շարունակել պահպանել անվտանգության կանոնները: