կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-04 13:15
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիվանդանոցներում մնացել է 350 ազատ մահճակալ․ Արսեն Թորոսյան

Երեք քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

«Ունենք մոտ 350 ազատ մահճակալ հիվանդանոցային համակարգում, քաղաքացիների մի մասն իրենց բուժօգնությունը ստանում են հյուրանոցներում, որովհետև որևէ սիմպտոմ չունեն, և այդ մոտեցումը դեռ շարունակվելու է»,- ասաց առողջապահության նախարարը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. ծանր վիճակում` 65 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում` 35 հոգի, արհեստական շնչառության սարքին միացված` 9 հոգի։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2 507։

Թորոսյանի խոսքով` մեկուսացման վայրերում են գտնվում մոտ 2000 քաղաքացիներ։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1 393 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24 942 թեստավորում, արդեն առողջացել են 1 071–ը։

Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

Արսեն Թորոսյանի խոսքով` նախարարությունը շարունակելու է հայտնաբերելու, թեստավորելու, մեկուսացնելու և բուժելու սկզբունքը, որը նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական խորհուրդն է` անկախ երկրում եղած դեպքերի թվից այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ռեսուրս ունի:

«Երկրներ կան, որ չեն հետևում՝ ումից է վարակը փոխանցվել, սահմանափակվում են հայտնաբերել, թեստավորել, բուժելով: Մենք դեռ չորս քայլն էլ իրականացնում ենք և կշարունակենք այնքան, ինչքան կարողանում ենք, բոլոր հայտնաբերված դեպքերի հետագիծը փորձում ենք գտնել այնքան խորը, ինչքան հնարավոր է»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կրկին վարակվի: Նախարարի խոսքով` արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել:

«Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է: Հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի: Դա չի բազմանում ու չի արտազատվում»,-ասաց նախարարը` հավելելով, որ նույնիսկ դուրս գրվելուց հետո պետք է պահպանել անվտանգության կանոնները:

Թորոսյանը վստահեցրեց` սարքերի, մահճակալային ֆոնդի, դեղորայքի, բժշկական անձնակազմի առումով այս պահի դրությամբ թվային առումով խնդիր չկա: Թորոսյանի խոսքով` քաղաքացիները ևս անհատական պատասխանատվություն պետք է ստանձնեն, հետևեն պարետատան սահմանած կանոններին:

«Այլապես կարող է գալ մի իրավիճակ, երբ նորից տոտալ սահմանափակումների ռեժիմ սահմանվի, ինչը ոչ մեկը չի ուզում. ազգովի պետք է պայքարենք այս մարտահրավերի դեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով քննադատություններին, թե նախարարությունը քիչ է թեստավորում իրականացնում, Թորոսյանն ասաց․ «Հայաստանն արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ, այսինքն՝ խոսքը մեկ հայտնաբերված դեպքին քանի թեստ է արվում հարաբերակցության մասին է: Իհարկե, կան երկրներ,  որոնք մեզնից տասն անգամ շատ են անում թեստավորում, օրինակ՝ Էմիրությունները, բայց մենք վատ դիրքում չենք այդ առումով: Մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են»:

Մանրամասն՝ տեսանյութում․