կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-02 13:37
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսից հետո հայրերը հայտնաբերել են, որ ունեն փայլուն երեխաներ․ Արմեն Սարգսյան

Կորոնավիրուսից հետո աշխարհը գնալու է նույն ուղղությամբ, պարզապես փոփոխվող աշխարհը շարունակելու է փոփոխվել ավելի մեծ արագացումով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ:

Այսինքն, նշեց նա, մեր արժեքները, որոնք նոր՝ 21-րդ դարում միևնույն է, պետք է փոխվեին, կորոնավիրուսը մեզ ստիպեց, որպեսզի այդ փոփոխությունը զգանք և զգանք ավելի արագացված ձևով։

«Շատերը հայտնաբերել են, որ իրենց ընտանիքը հսկայական մեծ արժեք է, որովհետև հայրերը, որոնք առավոտից երեկո վազում էին և իրենց երեխաներին չէին տեսնում, հայտնաբերել են, որ ունեն փայլուն երեխաներ և երեխաների հետ ժամանակ անցկացնելը և նրանց կրթելը նույնպես հսկայական կարևոր խնդիր է նրանց կյանքում»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Մյուս փոփոխություններից է այն, որ կորոնավիրուսից հետո շատերը գիտակցելու են, որ խանութից ուտելիք գնելու համար պարտադիր չէ խանութ գնալ, հետևաբար, էլեկտրոնային մատակարարման դերը մեծանալու է։

Շատերը ուղղակի գիտակցելու են, որ շատ խնդիրներ լուծելու համար կարիք չկա հավաքվել, ժողովներ անել, այլ դա վիրտուալ ձևով կարելի է անել՝ նշեց նախագահը։

Եվ, ըստ նրա, եթե կորոնավիրուսից հետո փորձեն վերադառնալ հին կյանքին, ապա դա հնարավոր չի լինելու։

«Այսինքն, կորոնավիրուսը այն «սառը դուշն» է, որը 21-րդ դարում՝ փոփոխվող աշխարհում հիշեցնում է՝ սիրելի բարեկամներ աշխարհը փոխվել է, վիրուսները սրանից հետո տարածվելու են շատ արագ՝ քվանտային ձևով, աշխարհը փոխվել է և այն արժեքները, որոնցով մինչև հիմա ապրել եք, և այն խնդիրները, որ ձեզ թվում էր, թե կարևոր են նպատակին հասնելու համար՝ այդ նպատակներն էլ են փոխվել»,-նկատեց նախագահը։

Այս պարագայում անհատի, այսինքն, «բարձր էներգիա ունեցող մասնիկի» ստեղծագործ աշխատանքը 21-րդ դարում շատ կարևոր է լինելու՝ նշեց նա։

Նախագահը  նկատի ունի ստարտափների՝ ինովացայի դերի մեծացումը մարդկանց կյանքում։

«Խոսքն այն մասին չէ, թե վիրտուալ աշխարհը նյութականի հետ ինչ հարաբերություն կունենա, խոսքն այն մասին է, որ միևնույն է՝ փոփոխվող աշխարհը շարունակելու է փոփոխվել և գուցե ավելի մեծ արագացումով։ Հետևաբար, ստարտափները դեր ունեն այնտեղ»,-նշեց Արմեն Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․