Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանի կառավարությունը որոշել է փակել հերթական դպրոցները, և յուրաքանչյուր հինգշաբթի Կառավարության նիստի օրակարգում որևէ դպրոց փակելու հարցն ասես դարձել է սովորական ու օրինաչափ։ Փակել դպրոց, ուսուցչական անձնակազմին թողնել անգործ, աշակերտների ճակատագիրը մատնել անորոշության ոչ այլ ինչ է, քան՝ կրթական համակարգի գլխատում կամ՝ «սպիտակ ջարդ»։
Կառավարության նիստի այսօրվա օրակարգում նախագիծ է ներկայացվել, ըստ որի՝ նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրի տարրական դպրոցը միավորել նույն բնակավայրի միջնակարգ դպրոցին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ մեծ Մասրիկի տարրական դպրոցը ներկայում ունի 41 աշակերտ, իսկ աշխատակիցների թիվը՝ 19 է, մինչդեռ միջնակարգ դպրոցն ունի 421 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 18 սան) և 68 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները):
Աբսուրդ է, սակայն փաստ, որ Կառավարությունն ակնկալվող արդյունք է համարում սահմանամերձ ու թուրքական սպառնալիքի տակ ապրող Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկում հաստիքների կրճատումը և գումարի տնտեսումը։ «Դպրոցների միաձուլման արդյունքում ակնկալվում է մոտ 15 հաստիքների օպտիմալացում և տարեկան շուրջ 20 միլիոն ՀՀ դրամի տնտեսում»,-նշված է հիմնավորման մեջ։ Ստացվում է, որ սեփական դավադիր գործարքների արդյունքում սահմանամերձ գոտի դարձրած Վարդենիսում դպրոց փակելը և ուսուցիչներին անգործ թողնելը Փաշինյանի կառավարությունը համարում է ձեռքբերում և արդյունավետություն։ Ի՞նչ կարծիքի են Մեծ Մասրիկի տարրական դպրոցում այս քայլի մասին։ Yerkir.am-ը զրուցել է դպրոցի ուսուցիչներից մեկի հետ, ով չցանկանալով ներկայանալ, նշեց, որ իրենց համար զարմանալի անակնկալ էր Կառավարության հաստատմանը ներկայացված այսօրվա որոշումը։
«Ճիշտն ասած՝ անթաքույց ուրախանում էինք, մտածում էինք՝ ինչ լավ է վաղուց չկա դպրոցի փակման խոսակցությունը, գոնե 2 տարի ձգվի, բայց, փաստորեն, արդեն որոշումը շրջանառվում է և պետք է քննարկվի»,-ասաց մեր զրուցակիցը։
Ի պատասխան՝ հուշեցինք, որ ոչ թե քննարկվում է, այլ որոշումն արդեն ներկայացված է կառավարության հաստատմանը։
«Խորը ցավ եմ ապրում, որ 15 աշխատատեղ է կրճատվելու, 15 ընտանիքի անդամներ, գյուղի պայմաններում, վաղվանից կամ 6 ամիս հետո մնալու են անգործ, դրակա՞ն է»,-արձագանքեց դպրոցի աշխատակիցը։
Մեր դիտարկմանը, որ կառավարությունն ասում է՝ գումար է տնտեսում և ձեռքբերում է համարում, նա նշեց․ «Եթե ձեռքբերում է համարում, թող աշխատատեղեր բացելով, կրթական վիճակը կայունացնելով ձեռքբերում անեն։ Ոչինչ չունեմ ասելու, գոնե մենք հոգեբանորեն տրամադրված էինք, որ 2026 թվին էին այս միավորումն անելու, բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ այսքան շուտ, ինչո՞ւ այսպես արագացրեցին գործընթացը։ Սա՞ է իրենց տնտեսումն ու երկրի բարգավաճումը»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դպրոց հաճախում են հիմնականում սոցիալապես անապահով երեխաներ, նաև՝ Արցախից տեղահանված ընտանքիների երեխաներ, որոնք ի վիճակի չեն 2 կմ ճանապարհ կտրելու և հասնելու միջնակարգ դպրոց։
Ի դեպ, Մեծ Մասրիկի տարրական դպրոցի աշխատակիցը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ կառավարության որոշման մեջ 2 դպրոցի միջև հեռավորությունը սխալ է նշված՝ 500 մետր, այնինչ՝ 2 կմ է։ Բացի այս, ինչպես նշեց մեր զրուցակիցը, մարզում գործում է 2 տարրական դպրոց, որից մեկը՝ խոպանչու անուն վայելող մարզպետ Կարեն Սարգսյանի ծննդդավայր Ծովինար գյուղում է։ Հետաքրքիրն այն է, որ մարզպետի ծննդավայրում գործող տարրական դպրոցի միավորման մասին խոսք անգամ չկա։
Մեր հարցին՝ 15 գործազուրկ աշխատակիցները, այնուամենայնիվ, ինչո՞վ են զբաղվելու, ինչպե՞ս են հոգալու իրենց ապրուստի խնդիրը, մեր զրուցակիցն ասաց․ «Նույնիսկ հուզվում եմ, չգիտեմ ինչ ասեմ, էսօր գյուղում նույնիսկ անասնապահությունն է վերացված, ասում են՝ վայ շահագրգռենք ուսանողներին, գան ընդունվեն բուհեր, բայց հետո՞, ավարտելուց հետո գան գյուղում ի՞նչ աշխատեն, երբ եղածն էլ կրճատում են, փակում են, ես նաև չեմ պատկերացնում, թե միավորելու դեպքում մեր դպրոցի աշակերտները ինչպե՞ս են գետի վրայի կամուրջն անցնելու և հասնելու միջնակարգ դպրոց, զուտ տեղաշարժի տեսանկյունից է նաև վտանգավոր»,-ասաց նա։
Ի դեպ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներկայացված է նաև՝ Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոցն Արփիի միջնակարգ դպրոցին միավորելու մասին հարցը։ Դպրոցը փակելու հետևանքով 5 ևս հաստիք կկրճատվի։ Հավելենք նաև, որ մարդկանց զարմանքն է հարուցել նույն մարզի լեռնային Գոմք գյուղում ընդամենը 14 աշակերտի համար հսկայական դպրոց կառուցելու Փաշինյանի նախաձեռնությունը։ Շատերն այս անհասկանալի քայլի հետևում հերթական դավադրություն են տեսնում, ըստ որի՝ հնարավոր է, որ այն նախատեսված է ադրբեջանցիների համար, որոնց հնարավոր է, որ Ալիև-Փաշինյանի պայմանավորվածությամբ վերաբնակեցվեն այս վայրեր։
Հերմինե Զեյնալյան