Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով ապրիլի 23-ի ժամը 15։00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ Հայաստանում համաճարակային իրավիճակով պայմանավորված: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է Մակինյանը։
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: