Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսկյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Բարսեղ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ նախորդ նիստին մեղադրանքի կողմը միջնորդել է գործով որպես ապացույց հետազոտել և կցել ՊԵԿ-ին հասցեագրված հարցումների պատասխանները, պաշտպանության կողմը ևս միջնորդեց՝ գործին կցել և որպես ապացույց հետազոտել Վիճակագրական ծառայությանը, ՃՈ-ին հասցեագրված հարցման պատասխանները։ Միջնորդություններին ծանոթանալու համար կողմերին ժամանակ էր տրվել։ Դիրքորոշումները ներկայացվեցին այսօրվա նիստում։
Պաշտպան Ամրամ Մակինյանն արձանագրեց, որ ստացված տվյալները ցույց են տալիս, որ «Մաքսհուր» ընկերությունը չէր կարող նման ծավալի մատակարարումներ իրականացնել։ 2013թ ընթացքում «Մաքսհուր» ընկերությունը «Ֆլեշ» և «Սի Բի Էս» ընկերություններից ձեռք է բերել ընդհանուր առմամբ 2 մլրդ 53 մլն 745 հազար 794 դրամի ապրանքներ, և, եթե ընկերությունն ի վիճակի լիներ նման մատակարարումներ իրականացնելու, ապա ապրանք ձեռք չէր բերի ընկերություններից։ Պաշտպանության կողմը նաև միջնորդեց՝ փորձաքննություն իրականացնել։ Դատարանը հեռացել է առանձին սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Դատավարությունն, ըստ էության, մոտեցել է ավարտական փուլին. Կողմերը հանդես են գալիս լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդություններով, որին արդեն կհաջորդի դատական վիճաբանության փուլը, որի ժամանակ էլ պարզ կդառնա դատախազության դիրքորոշումը՝ երրորդ նախագահին ներկայացված մեղադրանքի վերաբերյալ։