կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-19 10:42
Առանց Կատեգորիա

Ընկեր Մարուսը (Փոս-Փարիզ շարքից). Ս. Ղարաբաղցյան

Ընկեր Մարուսը (Փոս-Փարիզ շարքից). Ս. Ղարաբաղցյան

Պատմաբան, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սովետի տարիներին տարածված մի երգ կար`«Ինժեներ բալա»-ն: Այնքան շատ էինք լսել այդ երգը, որ եթե մեկին հարցնում էին՝ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու, ինժեներ, էլ ի՞նչ, լինում էր պատասխանը:

Թաքուն երազներ ու ցանկություններ էլ կային , որոնց մասին բարձրաձայնել չէիր կարող, ամոթ էր: Ես, օրինակ, երազում էի, երբ մեծանամ, մեր թաղի հաշվապահ Եղիշի պես եմ ծխելու: Երազում էի, բայց հո բարձրաձայն չէի ասելու: Չէ, հաշվապահ չէի ուզում, չէի էլ կարող դառնալ, մանավանդ, որ դպրոցում թվաբանություն - մաթեմաթիկայից մի բան չէի, հետո էլ հաշվապահները չոր, ինչ-որ տեղ մութ մարդիկ էին թվում ինձ:

Հաշվապահ Եղիշի միակ դրական բանը հավեսով ծխելն էր: Հեծանիվս նորոգող վարպետ Պարույրն էլ թունդ ծխող էր, բայց նրան մի տեսակ չէր սազում, գործ անելիս անգամ ծխախոտը բերնից չէր հանում, լմլմացնում էր աջ-ձախ, ծուխն էլ անդուր, փիս հոտ ուներ: ՈՒրիշ ծխողներ էլ կային, բայց սովորական, շարքային ծխողներ էին:

Ուրիշների հաշվին ծխող Ռաֆոն էլ միայն հաշվապահ Եղիշի ծխախոտն էր նախընտրում.

- Եղիշ, քո թութունը լավն ա, մի հատ տուր փստացնեմ:

- Ի՞նչ տարբերություն, թութուն ա էլի,- ասում էր վարպետ Պարույրն ու խեթ-խեթ նայում Ռաֆոյին:

- Եղիշի թութունը Տրապիզոն ա, - խորհրդավոր ասում էր Ռաֆոն ու շեշտում,- ՏՐԱՊԻԶՈՆ:

- Հա, հատուկ Տրապիզոնից Եղիշի համար թութուն են ղրգըմ,- հեգնանքով, մի քիչ էլ նախանձով ասում էր Պարույրը:

- Ուջանից են ուղարկում, Ուջանից,- հանգստացնում էր Եղիշը:

- Բա Տրապիզոնն ո՜ւր, ՈՒջանը ուր...թութունի անունը, տեսակն ա Տրապիզոնը,- գիտակ մարդու պես բացատրում էր Ռաֆոն ու Եղիշից վերցրած ծխախոտը մատների մեջ խաղացնելով՝ մոտեցնում էր քթին, հոտոտում ու ասում.

- Ափսոս ա, հետո կքաշեմ, - ու դիմում վարպետ Պարույրին.

- Մի հատ էլ քոնից տուր՝ փչացնեմ...

Կենսուրախ մարդ էր Ռաֆոն, մեկ-մեկ էլ տարիքը մոռացած խառնվում էր մեզ ու ֆուտբոլ խաղում մեզ հետ:

Հետո, մի քիչ էլ ԳԵՂԱՐՎԵՍՏ ՊԱՂՈՍԻՆ էի ուզում նմանվել, որ փողոցից մեզ հավաքում էր ու հենց իր տանը նկարչության դասեր տալիս: Մի օր ծաղկամանով ծաղիկներ էր դնում մեր առաջ, մի օր մրգեր, մի ուրիշ անգամ կավե սափոր, ամեն անգամ բացատրում անելիքներս ու ասում.

- Դե, տղաք, նայեմ՝ ո՞վ լավ կը գծէ...

Ուղիղ երկու ժամ մենք կտրվում էինք փողոցից ու Գեղարվեստ Պողոսի նվիրած աշխարհում ապրում:

Մեզանից ոչ-ոք նկարիչ չդարձավ, բայց ակամայից մնացինք նրա սաներն ու մեր մեջ աշխարհին Գեղարվեստ Պողոսի բարի աչքերով նայելու գաղտնիքը մնաց....

Մյուս երազանքս էլ ԳՐԱԳԵՏ ՎԱՀԵԻՆ նմանվելն էր: Նամականիշների ծով հավաքածու ուներ: Արտասհմանից ստացած նամակների պարապ ծրարները, որի վրա տարբեր նամականիշներ էին փակցված, նվիրում էր ինձ՝ բացատրելով.

- Այս մեկը Եգիպտոսեն է, այս մեկը Լիբանանեն, այս մեկը.... Թագավորների, թագուհիների դեմքով նամականիշներ էին, որոնք ծրարների վրայից պոկելը մեծ հմտություն էր պահանջում.... Նրա նվիրած նամակնիշները ինձ համար դեռ անծանոթ աշխարհի դռները բացելու բանալիներ էին.... Երազում էի Գրագետ Վահեի գոնե կեսի չափով ֆրանսերեն իմանայի, մանավանդ էն օրը որոշեցի, երբ տեսա, թե Վահեն քիթ-քթի ոնց է ֆրանսերեն ծլվլում Ասատուրի հարսի հետ: Գրագետ Վահեն խոստացել էր ֆրանսերեն սովորացնել, բայց կիսատ մնաց: Մեղավորը Ընկեր Մարուսն էր: Թաղի ահ ու սարսափն էր Ընկեր Մարուսը: Ասում են՝ մի ժամանակ, մեր թաղում աշխատող գերմանացի ռազմագերիների գլխին կոմենդանդ՝ պարետ էր նշանակվել: Նրան նաև ԿՈՄԵՆԴԱՆԴ ՄԱՐՈՒՍ ԷԻՆ հիշում հները, իսկ հիմա ԸՆԿԵՐ ՄԱՐՈՒՍ: Ասում էին, նրա գրածը գրած է, ում վրա գրեց, ներում-բեկում չկար: Նրա ձեռքի տակով էր անցնում ցանկացած թուղթ, գրություն.... Նրա կարծիքով ով օտար լեզու գիտեր, ուրեմն լրտես էր: Մեր թաղը հինգ լեզու գիտեր՝ արաբերեն, թուրքերեն, ֆրանսերեն, պարսկերեն, մի քիչ էլ հունարեն: Վահեն, նրա համոզմամբ, Ֆրանսիայի լրտեսն էր, Հաջի Հակոբը Սիրիայի լրտեսն էր, Բուզանդի ութսունամեա մայրը՝ Թուրքիայի... Ըստ ընկեր Մարուսի մեր թաղը հինգ եկրների լրտես էր... Գրագետ Վահեի գործը ընկեր Մարուսին էր ընկել: Բարեկիրթ մարդու տոնով Վահեն ավանդական դիմելաձևն է ընտրել.

- Բարև Ձեզ, Տիկն Մարուսեա..,- և խոսքը բերանում արժանացել է ընկեր Մարուսի կոշտ պատասխանին.

- ՏԻԿԻՆԸ Մայրդ է..

- Կներեք, օրիո՞րդ Մարուսեա...

- Օրիորդ.., - հեգնել է ընկեր Մարուսը:

Վահեն ամոթից շիկնել է, կարկամել, վերջապես հասկացել, որ ընկեր Մարուսը ո՛չ կին է, ո՛չ օրիօրդ, ընկեր Մարուսը ԸՆԿԵՐ ՄԱՐՈՒՍ Է:

Հեռանալիս Վահեն, որպես բարեկիրթ տղամարդ, փորձել է ընկեր Մարուսի սրտի սառույցը մի քիչ ջերմացնել.

- Ձեր նման պատվական տիկնոջը ընկերով դիմելը հանցանք է:

Բայց իզուր, Սովետում կինարմատ երդվյալ ընկերը ավելի վտանգավոր էր քան տղամարդը.

- Կգնաս էդ քաղցր-մաղցր խոսքերդ էն ֆրանսիայից էկածին կասես...- ի նկատի ուներ Ասատուրի հարսին.... Գուցե ընկեր Մարուսի մեջ կանացի նիրհած խանդն էր արթնացել... Ով հիշում է Ընկեր Մարուսին, կհաստատի, որ նա երևի ոչ մի բանով չէր զիջում ֆրանսուհուն, գուցե ինչ-որ տեղ ավելի հմայիչ ու բարետես էր, բայց կոմսոմոլի բացիլով հիվանդացած ընկեր Մարուսը անվերադարձ զոհել էր ի վերուստ պարգևած մայրանալու շնորհն ու երջանկությունը, ու հիմա Գրագետ Վահեի մեջ ուզում էր կորցրածի մեղավորին փնտրել, վրեժը լուծել...

Երկար ժամանակ Գրագետ Վահեն չերևաց: Առաջներում էլ, պատահել էր՝ երկու-երեք օրով բացակայում էր, բայց այս անգամ երկար տևեց, ընդմիշտ: Թաղեցիների անհանգստությունը մեծանում էր. ո՞ւր կորավ Վահեն...

ՈՒ մի օր սառը ցնցուղի պես լուր բերեց ընկեր Մարուսը.

- Տեսա՞ք, ասում էի չէ՞, տեսա՞ք ոնց փախավ, չէիք հավատում:

- Ո՞վ ընկեր Մարուս, ո՞վ փախավ...

- Վահեն, ո՞վ..

- Ո՞ւր է փախել..

- Ֆրանսիա, էլ ո՞ւր , ասում էի չէ՞, լրտես է... Մարսելում տեսնող է եղել...

Ընկեր Մարուսի աչքերում դաժան վրիժառուի փայլ կար... Հավատա՞ց թաղը Վահեի փախուստին, հազիվ թե... Ամենհավանականը Ռաֆոյի ասածն էր՝ ԸՆԿԵՐ ՄԱՐՈՒՍԻ ԳՐԱԾԸ ԳՐԱԾ Է, ՆԵՐՈՒՄ-ԲԵԿՈՒՄ ՉԿԱ:
 
Հ.Գ. Ֆրանսերենս կիսատ մնաց, ինձ հաշվապահ Եղիշի պես հավեսով ծխելը մնաց ու այս ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»: