Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփայերը և Գուս Բիլիրակիսը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
ԱՄՆ կոնգրեսականների ուղերձում ասված է.
«Հարգելի՛ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյան,
Որպես ԱՄՆ Կոնգրեսի և Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներ՝ մենք շնորհավորում ենք մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած պատմական ընտրությունների և դրան հաջորդած նախագահական ընտրության երկրորդ փուլի կապակցությամբ:
Մենք սրտանց ուրախ ենք տեսնել, որ Արցախի ժողովուրդը և իշխանություններն այս դժվարին ժամանակաշրջանում հավատարիմ են մնում խաղաղ ժողովրդավարությանը: Արցախը հավատարիմ մնաց ժողովրդավարական կառավարման այնպիսի համակարգին, որն արտացոլում է իր քաղաքացիների կամքը՝ չնայած թշնամական տրամադրություններ ունեցող հարևանի շարունակական սպառնալիքներին ու զինադադարի խախտումներին:
Մենք հասկանում ենք նաև, որ COVID-19-ի ճգնաժամի հետևանքով առաջացել էին որոշակի բարդություններ, սակայն ստեղծված հարաբերական հարմարությունները, որոնք թույլ տվեցին ընտրողներին քվեարկել առանց խոչընդոտների, ակնհայտորեն ներկայացնում են հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների զորությունը:
Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ՝ մենք հավատարիմ ենք մնում Արցախի ժողովրդավարական անկախությունն առաջ մղելու և ամրապնդելու գործընթացին:
Մենք կշարունակենք աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիիրավ իրացմանը, որը կնպաստի նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը: Վստահեցնում ենք, որ կշարունակենք ուղիներ որոնել ամրապնդելու Միացյալ Նահանգների և Արցախի միջև կապերը, որը ներառում է նաև նրա անկախության պաշտոնական ճանաչումը:
Եվս մեկ անգամ ընդունեք մեր շնորհավորանքներն ընտրությունների կապակցությամբ, որոնք եղել են հանգիստ, խաղաղ, զերծ կոռուպցիայից կամ ընտրողների ահաբեկումից: Մենք ակնկալում ենք շարունակել մեր հետագա արդյունավետ և կայուն համագործակցությունը Ձեր իշխանության հետ:
Հարգանքներով՝
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրանկ Փալոն
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Գուս Բիլիրակիս
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեքի Սփիր
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆ»: