կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 15:15
Քաղաքական

Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել մտնել ԱԺ նախագահի մուտքով. Միրզոյան

Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել մտնել ԱԺ նախագահի մուտքով. Միրզոյան

ԱԺ-ն ապրիլի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան կազմակերպել է, արվել է այն, ինչ անհրաժեշտ է եղել. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԺ նախագահը չի դիմավորել ՀՀ երրորդ նախագահին: 

«Հրավերը եղել է քննիչ հանձնաժողովի կողմից: Վստահ եմ, որ քննիչ հանձնաժողովը կազմակերպել է նաև դիմավորումը: Եվ ուզում եմ ասել նաև, որ մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը՝ և դարպասով, և մեքենայով: ԱԺ նախագահի համար առանձին մուտք կա, առանձին միջանցք կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Եվ Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով, այդ միջանցքով գնալ: Ինչ, անհրաժեշտ է եղել, արվել է»,- պարզաբանել է Միրզոյանը: 

Խոսելով Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին՝ ԱԺ նախագահը պնդել է՝ գիտի, որ շատ լավ է աշխատում, հնարավոր մանրամասների մեջ խորանում է այնքան, որքան դա հնարավոր է: Նա հույս հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո հասարակությունն ամբողջական տեղեկատվություն կստանա: 

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին մասնակցել է Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի։