կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-04-16 20:52
Քաղաքական

Ովքե՞ր են «հարցաքննել» Սերժ Սարգսյանին

Ովքե՞ր են «հարցաքննել» Սերժ Սարգսյանին

2016  թվականի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովն ստեղծվել է 2019 թվականի մայիսի 31-ին՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

Քննիչ հանձնաժողովը կազմված է 11 անդամից:

Քննիչ հանձնաժողովի նախագահն է Անդրանիկ Քոչարյանը («Իմ քայլը» խմբակցություն), անդամներից 6-ը կրկին «Իմ քայլը» խմբակցությունից են՝ Սիփան Փաշինյան, Արեն Մկրտչյան, Արմեն Խաչատրյան, Տիգրան Կարապետյան, Սասուն Միքայելյան, Քրիստինե Պողոսյան, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝  Սողոմոն Սողոմոնյան, Վարդան Վարդանյան, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝  Ռուբիկ Ստեփանյան, Գևորգ Գորգիսյան։

Հետաքրքրական է, որ պատգամավորներից Վարդան Վարդանյանը Սերժ Սարգսյանի վարչապետության և նախագահության տարիներին եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարը (2007-2012 թթ.), Արմեն Խաչատրյանը՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ (2013-2018թթ.), Ռուբիկ Ստեփանյանը՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ (2014-2016 թթ.): Հանձնաժողովականներից՝ Անդրանիկ Քոչարյանն ու Սասուն Միքայելյանը հայտնի են իրենց անցյալով և ներկայով, Գևորգ Գորգիսյանը 2017 թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի ցուցակով, Սողոմոն Սողոմոնյանը 2007-2014 թթ. հանդիսացել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական  պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը։ Հանձնաժողովի մնացյալ «Իմ քայլ»-ական անդամներն ասպարեզում հայտնվել պատահաբար կամ բախտի բերմամբ և առանձնապես հայտնի չեն հանրությանը։ Նրանցից Քրիստինե Պողոսյանին, օրինակ, օգնեց հայտնի դառնալ իր օգնական Հրաչյա Հարությունյանը, ով օրեր առաջ կառավարությանը քննադատողներին հրապարակավ անվանեց «անբարոյականի զավակներ» և մնաց անպատիժ։ 

Ապրիլի 16-ին տեղի ունեցած նիստին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նիստի ավարտին հայտարարեց. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր»։