կարևոր
1840 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-13 15:10
Քաղաքական

Անդրանիկ Քոչարյանը ցանկանում է հարցաքննել Սամվել Շահրամանյանին

Անդրանիկ Քոչարյանը ցանկանում է հարցաքննել Սամվել Շահրամանյանին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին․ այս լուրը Yerkir.am-ին հաստատեց Անդրանիկ Քոչարյանը։ 

Հարցին՝ ի՞նչ կապ ունի Սամվել Շահրամանյանը 44-օրյա պատերազմի հետ, որ կանչում են քննիչ հանձնաժողով, Քոչարյանն ասաց, թե պատերազմի օրերին Սամվել Շահրամանյանը եղել է ԱՀ ԱԱԾ պետ, այդ պատճառով են կանչել։ 

Քոչարյանը ցանկացել է հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, սակայն Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, այդ պատճառով էլ քննարկել և որոշել են 
Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանից:

Հիշեցնենք, որ օրերս Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում ասել էր, որ Շահրամանյանին ցանկանում է որոշ հարցեր ուղղել՝ կապված 44-օրյա պատերազմից հետո այն իրողությունների հետ, որոնք առնչվում են թե՛ սպառազինությանը, թե՛ հայաթափմանը, թե՛ կապիտուլյացիոն բնույթի այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են և հարցազրույցին հետևեց Շահրամանյանին ուղղարկված հրավերը՝ մասնակցելու Քննիչ հանձնաժողովի նիստին։

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ տևական ժամանակ է քննիչ հանձնաժողովի նիստեր չեն լինում․ կա՛մ ոչ ոք չի գնում, կա՛մ էլ ՔՊ-ականները Արցախը վերջնական հանձնելուց հետո չեն ցանկանում մեղավորներ ու պատասխանատուներ փնտրել ու ասպարեզ հանել։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի վերջին հյուրը Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր, հետո պարզ դարձավ, որ  ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով կանչել Սամվել Բաբայանին, որի հետ Անդրանիկ Քոչարյանը մշտապես կապի մեջ է եղել։ Վերջերս էլ Քոչարյան-Բաբայան լայն ժպիտով լուսանկար էր հրապարակվել, երբ Սամվել Բաբայանն անհասկանալի հեշտությամբ Արցախից Հայաստան էր տեղափոխվել։ 

Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսի 3-ին երկրորդ անգամ էր 6 ամսով երկարաձգվել 2020 թ. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։ Այսինքն՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նոյեմբերի 3-ին լրանում է, իսկ թե քանի հոգու կհասցնեն լսել այդ ընթացքում և ի՞նչ հետևություններ կանի այն հանձնաժողովը, որը բացառապես իշխանությունների քիմքին հաճո է գործում, ժամանակը ցույց կտա։

Նշենք նաև, որ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական որոշում էր կայացրել՝ չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Անի Նահապետյան