կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 12:39
Մշակույթ

Ասատուրը. Սպարտակ Ղարաբաղցյան (մաս 1)

Ասատուրը. Սպարտակ Ղարաբաղցյան (մաս 1)

 ...Երկրորդ համաշխարհային պատերազմը վաղուց ավարտվել էր, բայց քեռի Ասատուրը դեռ զինվորական գիմնաստյորկա էր հագնում, կաշվե լայն գոտին մինչև վերջ ձգած մեջքին; Թվում էր, նրա հյուծված, ոսկրոտ մարմինը գոտին է պահում, ու թե հանկարծ արձակվի, Ասատուրը փուլ կգա: Նրա տան բակում ոչ շան բուն, ոչ էլ շուն կար կապած, բայց քեռի Ասատուրին ՇՈՒՆ ՊԱՀՈՂ ԱՍԱՏՈՒՐ էին ասում. երևի մյո՞ւս` պոլսահայ ԱՍԱՏՈՒՐԻՑ տարբերելու... Երևի:

Շուն պահող Ասատուրը քաղաքի գործարաններից մեկում պահակ էր աշխատում: Պահեստամասեր էր արտադրում գործարանը, խիստ գաղտնի պահեստամասեր, և այդ հատուկ նշանակության գործարանի գիշերային, վտանգավոր հսկողությունը վստահված էր Ասատուրին: Ձեռքն ու Խիղճը մաքուր մարդ էր, էնքան խղճով, որ գործատեղ տարած աղքատիկ օրապահիկը կիսում էր տարածքում թափառող շների հետ, ու կարճ ժամանակ անց, թափառական շներից մի քանիսը դարձան պահակատան հավատարիմ բարեկամները: Նրանց ահից էր երևի, որ գիշերները խաղաղ ու անփորձանք էին անցնում... Լուսադեմին քեռի Ասատուրը պահակակետը հանձնում էր փոխարինման եկած ընկերոջն ու, մանր-մանր քայլելով, վերադառնում տուն: Պահակատան հավատարիմ շները նրան ուղեկցում էին ամբողջ ճանապարհին; Գուցե տեսնողները հենց դրա համար էլ «ՇՈՒՆ ՊԱՀՈՂ» անունը կպցրին... Գուցե...

Քեռի Ասատուրը թաղում լավ սնխչու համբավ ուներ, ում մի բան պատահեր, ուղիղ նրա մոտ էին տանում... Մի անգամ հարևաններից մեկը դուրս ընկած ուսը տեղը գցելու համար մի երեքանոց էր մեկնել նրան:

- Ամոթ է, հարևան մարդիկ ենք,- նեղվել էր Ասատուրն ու ետ հրել մեկնած թղթադրամը:

Այն օրերին երեք ռուբլին քիչ փող չէր, բայց այն օրերին փողից, դրամից ավելի թանկ բան կար` ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ… Թաղեցիք լսեին, իմանային, ի՞նչ կասեին...

…Այդ օրը մեր թաղում անսովոր աշխուժություն էր. Ասատուրենց տուն գնացող-եկող ոտքը շատացել էր:

-Հո բան չի՞ պատահել Ասատուրին,- անհանգստացել էր թաղը:

-ՉԷԷԷԷԷԷ , Ասոյիս ախպերն է գտնվել,- ուրախ-ուրախ պատասխանել էր քեռի Ասատուրի կինը:

Թաղը զարմացել էր, Ասատուրը եղբայր ունի՞...

-ՀԱԱԱ, ունի, Ասոյիս հալալ-զուլալ կեսն է... Զույգ եղբայրներ են եղել: Պատերազմի տարիներին Ասատուրի հալալ-զուլալ կեսը գերի էր ընկել, հետո փախել գերությունից, խառնվել Ֆրանսիայի պարտիզաններին ու..... Նրա անունը երկար ժամանակ գրանցվել է անհայտ կորածների ցանկում:

-Որտեղի՞ց, Ամերիկայի՞ց է գալիս,- հետաքրքրվել էր թաղեցին:

- Չէ, ասում են` Ֆրանսիայից ...

-Ասոյի բախտն էլ բերեց` Ամերիկայում ախպեր ունի…

-Ֆրանսիա ,- ուղղել էր քեռի Ասատուրի կինը:

-Ի՞նչ տարբերություն,- թաղեցու համար Ամերիկան էլ, Ֆրանսիան էլ մեկ էր, Սովետից դուրս նրա համար ամեն ինչ ԱՄԵՐԻԿԱ էր...

Թաղն անհամբեր սպասում էր Ասատուրի եղբորը: Ասատուրենց տան բակը թեև միշտ հավաք ու մաքուր էր, բայց այս առիթով հատուկ մաքրողներ էին բերել, նույնիսկ տան հարող փողոցն էլ տեղ-տեղ ասֆալտով կարկատեցին: Հարևանները սև գառ էին բերել, կապել թթենու շվաքին ու մսավաճառ Վահանին խնդրել, որ ներս մտնելիս Ասատուրի եղբոր ոտքերի տակ մորթի;

Վերջապես Ասատուրի գտնված եղբայրը եկավ` ֆրանսուհի կնոջ հետ: Բակի երկայնքով գցված հյուրասիրության ճոխ սեղանին թաղեցիներից ով ինչ կարողացել, բերել էր, որ նախ ԱՍԱՏՈՒՐԸ չնեղվի, հետո էլ ԹԱՂԸ ամոթով չմնա: Լավ առիթ էր` քեռի Ասատուրի արած լավությունների տակից դուրս գալու համար... Հետաքրքությունն այնքան մեծ էր, որ թաղեցիներից մեկը ասաց.

-Սովորական, ձեր նման մարդ ա էլի, ինչ եք խառնվել... Մարդ չե՞ք տեսել...

- Տեսել ենք, հո չտես չե՞նք,- նեղսրտած հակադարձել էր մեկ ուրիշը ու շարունակել,- ասում են` Ասոյի հալալ-զուլալ կեսն է, դե Ամերիկայի պահած Ասոյին էլ տես, Սովետի պահած Ասոյին էլ...

Իրոք, հյուծված, զինվորական գիմնաստյորկայից անբաժան քեռի Ասատուրի կողքին խնամված ու շիկ հագնված եղբայրը, ֆրանսուհի կնոջ հետ, ասես ուրիիիիիշ, այլ մոլորակից էին եկել...

Ոտատակ չընկնելու համար հասակակիցներիս հետ թառել էինք թթենու ճյուղերին ու վերևից ավելի լավ էր երևում Շուն պահող Ասատուրի ու նրա կես, հալալ-զուլալ եղբոր տարբերությունը... Մեզ հետ թթենու ճյուղերին թառած Վարդոն, որը մի քանի տարով մեծ էր մեզանից, ու դեմքին արդեն աղվամազեր կային, ուրիշ աչքերով էր նայում, Վարդոյի երազանքը Ասատուրի եղբոր թանկարժեք կոստյումն էր ու տարիքը շպարի տակ թաքցրած նրա ֆրանսուհի կինը...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ