կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 22:01
Մշակույթ

Ասատուրը. Սպարտակ Ղարաբաղցյան (մաս 2)

Ասատուրը. Սպարտակ Ղարաբաղցյան (մաս 2)

Մինչև ուշ գիշեր թաղը կերուխումի մեջ էր: Մեր թաղի նորահայտ ֆրանսուհի հարսը արդեն մերվել էր միջավայրին: Թաղեցիների ջերմ ու անկեղծ վերաբերմունքը քանդել էր խորթության պատը: Դրա մեջ մեծ էր լիբանանցի ԳՐԱԳԵՏ ՎԱՀԵԻ դերը: Վահեն վարժ, անթերի ֆրանսերենով խոսում էր ֆրանսուհու հետ, հատ-հատ թարգմանում սեղանակիցների ամեն խոսք, ամեն կենաց ու մաղթանք... Վահեի համար լավ առիթ էր նաև ցուցադրելու փայլուն իմացությունը և ապացուցելու, որ թաղը զուր տեղը չէ նրան ԳՐԱԳԵՏ ՎԱՀԵ ասում:

Աչքլուսանք-խնջույքի մասնակից էր նաև քեռի ԳԵՎՈՐԳԸ, նա էլ Երկրորդ համաշխարհայինի մասնակից էր, վիրավորվել էր Բեռլինի տակ ու անդամալույծ վերադարձել տուն: Տոնական էր հագնված քեռի Գևորգը` կոստյումին արծաթ ազնիվ մետաղից ձուլված Արիության մեդալը ամրացրած: Լավ էր երգում քեռի ԳԵՎՈՐԳԸ: Սեղանակիցներից մեկը խնդրեց.

-Գևորգ ջան, մի բան երգի, ծաղկեցրու սեղանը,- հետո դիմեց գրագետ Վահեին,- Վահե ջան, դու էլ մեր հարսին կթարգմանես:

Քեռի Գևորգի երգացանկը Սայաթ-Նովա, Ջիվանի, Հավասի, Գուսան Աշոտ էր, բայց չգիտես ինչու, այդ օրը «ԴԼԵ ՅԱՄԱՆՈՎ» սկսեց. գուցե ֆրանսուհի՞ն էր մեղավոր... Երբ ավարտվեց երգը, մի պահ թանձր լռություն իջավ: Նույն սեղանակիցը թաքուն հարցրեց Գրագետ Վահեին.

- Թարգմանեցի՞ր…

-Երգը թարգմանել չուզեր..., մանավանդ աս երգը,- շշուկով ասաց Վահեն ու շրջվեց ֆրանսուհու կողմը, ինչ-որ բան ասաց:

Մեղմ ժպտաց թաղի հարսն ու խնդրեց` մի ուրիշ երգ էլ կատարի քեռի Գևորգը:

-Քեռի Գևորգ, Սայաթ-Նովայից մի բան քոքի ,-առաջարկեց մեկը:

-Չէ, Գևորգ, ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ, -առաջարկեց ավելի տարեց մեկը:

-Հա, հա, Գևորգ ջան, «Ձախորդ Օրերը»,- պնդեց մինչ այդ ոչ մի խոսք չասած սոլակցի Սաքոն:

Ու գնաաաաաաաաց... Երգը երգի ետևից... Ասատուրի եղբոր աչքերում անթաքույց հուզմունք էր, որքան էլ ճգնեց թաքցնել արցունքները, հնարավոր չեղավ... Չգիտեմ, քանի տարեկան էր շպարի տակ տարիքը թաքցրած ֆրանսուհին, բայց գնալով ավելի էր գեղեցկանում, ավելի հմայիչ դառնում.... Ինչ լաաաավ էր երգում քեռի Գևորգը...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ