կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-03 16:02
Տնտեսական

Կորոնավիրուսի հաջորդ զոհը կարող է դառնալ եվրոն. N-TV

Կորոնավիրուսի հաջորդ զոհը կարող է դառնալ եվրոն. N-TV

Պարտքային ճգնաժամը վերադառնում է Եվրոպա: Լուրջ տնտեսական հիմնախնդիրներ ունեցող Իտալիան ԵՄ-ից ֆինանսական օժանդակության կարիք ունի: Հակառակ պարագայում` կորոնավիրուսի հաջորդ զոհը կարող է դառնալ եվրոն. ըստ yerkir.am-ի` նախազգուշացնում է գերմանական N-TV հեռուստաալիքը:

Հռոմի` օգնության խնդրանքն արդեն անհնար է անտեսել. Իտալիան մյուս երկրներից ամենաշատն է տառապում կորոնավիրուսից: Արտակարգ դրություն է ոչ միայն առողջապահության ոլորտում, այլ նաև ամբողջ տնտեսության մեջ: Փորձագետները կանխատեսում են, որ ընթացիկ տարում երկրի տնտեսությունն անկում կապրի մոտ 6 տոկոսով: Ճգնաժամը հաղթահարելու համար Իտալիան, ինչպեսև մյուս եվրոպական երկրները,  ավելացնում է սոցիալական վճարները` կուտակելով ավելի շատ պարտքեր:

Գերմանական հեռուստաալիքը հիշեցնում է, որ մինչև համաճարակը Իտալիայի պետական պարտքը երկրի ՀՆԱ-ի 130 տոկոսն էր: Իսկ այժմ երկիրը մոտ է դեֆոլտի, և եթե մյուս երկրները չօգնեն Իտալիային, Իսպանիային ու Հունաստանին, նրանք ստիպված կլինեն դեֆոլտ հայտարարել ու դուրս գալ ԵՄ-ից, ինչն էլ կազդարարի եվրոյի վերջը: Այսպիսով` ԵՄ երկրների միջև ճգնաժամային ծախսերի բաշխումն անխուսափելի է, հարցն այն է, թե ինչպես է դա իրագործվելու:

Միջոցներից մեկը եվրապարտատոմսերի թողարկումն է, սակայն դրան կտրուկ դեմ են Գերմանիան ու Ավստրիան: Եվս մի տարբերակ` հատուկ հիմնադրամի ստեղծում, որը  թեթև պայմաններով վարկեր կտրամադրի: Միայն թե` միջոցները կբավարարե՞ն:

Իսկ մինչ այդ Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է պետական պարտատոմսերի գնման լիմիտների վերացման մասին: Դա նշանակում է, որ ծայրահեղ դեպքում ԵԿԲ-ն կարող է չեղարկել Իտալիայի նման երկրների պարտքի մեծ մասը: Ներկայումս հենց ԵԿԲ-ի միջոցառումներն են կարծես հույս տալիս, որ իրավիճակից ինչ-որ կերպ հնարավոր է դուրս գալ: