Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2015 թվականին լույս տեսած «Կանատին» պատմվածքից մի հատված ու կից գրառում կատարել.
«Ընդամենը հինգ տարի առաջ կարգին գործով էի զբաղված, գրում էի: Այսօր հիշեցի այս հատվածը .
«Գեներալը կես քուն, կես արթուն բացեց աչքերը ու տեսավ, թե ինչպես են տռզած խավարասերները տեղավորվել դեմքին և արյունակալած աչքերին կախված կոպերից ծծում արյունը: Սիրտը սկսեց անհամաչափ բաբախել, օդը պակասեց, շնչառությունը ծանրացավ: Հետո տեսավ, թե ինչպես պայթեց առաջին խավարասերը, և դեմքը ողողվեց արյամբ:Լեզուն արճիճի պես ծանրացավ, ուզում էր օգնություն կանչել, բայց ձայնը խեղվեց կոկորդում՝ դուրս չեկավ: Ձեռքերով, ծովում խեղդվողի պես, մի քանի անհամաչափ շարժումներ արեց, և հենց այդ պահին ականջին հասան մանկության տարիների ճայթյունների ձայները: Հեզ ու հնազանդ խավարասերները դարձել էին գիշատիչներ, խմում էին զորավարի` արդեն թանձրացած արյունն ու ճայթելով թափվում ցած: Հողը պատվել էր շագանակագույն լերդացած արյամբ, իսկ ըմբոստացած խավարասերների հոսքը դեպի արյունաքամ զորավարի մարմինը շարունակվում էր: Գալիս էին արդեն ոչ թե կարգախոսը իրականացնելու մղումով, այլ` արյան հոտին կարոտ:Գալիս էին, ծծում, պայթում ու թափվում հողին: Զորավարը մի վերջին անգամ հայացք նետեց բթամատի եղունգին, և շունչը փչեց:
Շոգ էր: Անտանելի շոգ: Գուցե աշխարհի պատմության ամենաշոգ օրը:Հողն ու արյունը եռում էին կրակի ճիրաններում, և կատաղի արագությամբ հողից գլուխ էին բարձրացնում անհասկանալի տեսքով անողնաշար էակններ, որոնք, մի քանի ժամից պիտի փքվեին և պայթեին` իրենցից հետո թողնելով գարշահոտություն:
Մի քանի ժամ հետո նեխահոտը բռնեց քաղաքը: Նրանք, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից դրդված դեռ մնացել էին մեռնող քաղաքում, գլուխներն առած, փախչում էին տարբեր ուղղություններով` մի մասը` մեքենաներով, մի մասը` հեծանվով, մի մասը` ոտքով, մի խոսքով՝ ով ոնց կարող էր: Անամպ, պայծառ երկինքը մռայլվել էր: Երաշտ էր, անձրևի հույս չկար ու երկնքից մրուր էր թափվում: Մի քանի ժամվա ընթացում նեխահոտը բռնեց ողջ երկիրը: Գիշատիչ խավարասերները խժռում էին իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ ու պայթում: Սակայն կեղտոտ արյունը չէր ներծծվում հողի մեջ, և քիչ անց ամենուր սկսում էին վխտալ բազում վարակակիր միջատներ: Աղետալի լուրը, չնայած տեղական լրատվամիջոցների համառ լռությանը, կայծակնային արագությամբ տարածվեց երկրի սահմաններից դուրս: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հապշտապ ձեռնարկվեցին կանխարգելիչ միջոցառումներ: Սահմանակետերում հարևան պետությունները հայտարարեցին արտակարգ դրություն, գեներալի յուրաքանչյուր համերկրացի ենթարկվում էր բուժզննման, որից հետո էր միայն ստանում սահմանը հատելու թույլտվություն:Սահմանին գոյացած հերթերը ձգվում էին մինչև հարակից գյուղերը, որոնց բնակիչները հերթի մեջ սպասող աղետյալներ էին :
Համամը փորձեց ճարպկություն բանեցնել և առանց հերթի հատել սահմանը, բայց հանդիպելով սահմանապահների բիրտ միջամտությանը, թևաթափ ետ վերադարձավ: Աղետից փախչողների հերթում բոլորն էին հավասար: Ոչ ոք չգիտեր` կհաջողի՞ փախչել դժոխքից, թե՞… ու բոլորը մի մարդու պես ենթարկվում էին օտար սահմանապահների սահմանած կարգ ու կանոնին:
Օրվա երկրորդ կեսին սահմանակետերում բուժստուգումները դադարեցվեցին: Աշխուժությունը մարեց, սակայն փութով հեռանում էին օտարերկրյա դիվանագիտական կորպուսների և կազմակերպությունների աշխատակիցները: Նրանց հեռանալուց հետո հոգեհանգստյան լռություն իջավ, և երկաթյա արգելափակչի ծանր ճռյունը երկիրը զատեց աշխարհից …
Տևական ժամանակ ձգվող վիճակը պաշտոնականացվեց, հայտարարվեց կարանտին, և այդ կարանտինը շարունակվելու էր դեռ շատ երկար՝ մինչեւ վերջնականապես կխժռվեր երկրի վերջին լեշի՝ գեներալի սմքած մարմինը»: