Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսական «Բելսատ» ռուսալեզու ինֆորմացիոն գործակալությունը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ կաշառել եվրոպացի պաշտոնյաներին. տեղեկացնում է «168 ժամ»-ը:
Հունվարի 30-ին հարյուրավոր գերմանացի ոստիկաններ ու քննիչներ խուզարկել են պատգամավոր Կարին Ստրենցի ու նախկին խորհրդարանական Էդուարդ Լինտների տներն ու գրասենյակները։ Խուզարկություններ են տեղի ունեցել նաև Բելգիայում, նախկին սենատոր Ալեն Դեստեքսի տանը։ Դատախազությունը նրանց մեղադրում է Ադրբեջանի կառավարությունից առնվազն 500000 եվրո կաշառք ստանալու մեջ։
Այս մասին խոսվում է «Հիմա կբացատրենք» հաղորդման ժամանակ, որի հեղինակները փորձել են նաև պատասխանել այն հարցին, թե ինչու է Ադրբեջանը կաշառել եվրոպացի պաշտոնյաներին։
Քննության ներքո գտնվող բոլոր անձինք ԵԽԽՎ ներկա կամ նախկին պատգամավորներ են։ Նրանց տրված կաշառքները, ըստ հետաքննող լրագրողների, միլիոնավոր դոլարների են հասնում։
Հաղորդումը փորձում է տալ նաև այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էր Ադրբեջանին այդքան պետք Արևմուտքի աջակցությունը։
Ըստ հաղորդման` ողջ խնդիրն Ադրբեջանի գործող ղեկավարի վերարտադրության շարունակականության ապահովումն է։
2003թ.-ից Ադրբեջանի ղեկին գտնվող Իլհամ Ալիևի ընտանիքը տիրապետում է ահռելի հարստության։ Երկրի խոշորագույն 8 բանկերն Ալիևներինն են, որոնցում նրանց ակտիվները կազմում են 3 միլիարդ դոլար։ Նրանց են պատկանում նաև Բաքվում գտնվող 7 հինգ աստղանի հյուրանոցներ և 2 լեռնային հանգստավայրեր, որոնց ընդհանուր արժեքը 10 միլիարդ դոլար է։ Ալիևներն Ադրբեջանում ունեն նաև ոսկու 6 հանքավայրեր։ Նրանցն են երկրում գործող 3 բջջային օպերատորներից 2-ը։ Հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածք Ալիևներն ունեն նաև արտասահմանում, որոնք օտար աչքերից պաշտպանում են 26 օֆշորային ընկերություններ։ Հարստության զգալի հատվածը Իլհամ Ալիևի երեխաների անուններով է գրանցված, մի մասն էլ` կնոջ հոր, այդ թվում` չեխական Կառլովի Վարիում գտնվող հյուրանոցները, Լոնդոնում և մերձմոսկովյան Բարվիխայում գտնվող առանձնատները, Դուբայում գտնվող հյուրանոցն ու 36 նստավայրերը։
Եվ այս ամենի մասին եվրոպացիները չպետք է բարձրաձայնեին։ Ներկայացվող ռեպորտաժի համաձայն` Եվրոպայի հետ փայլուն հարաբերություններ պահպանելն Ադրբեջանի համար շատ կարևոր է նաև նրանց համար կենսական նշանակություն ունեցող առևտրի տեսանկյունից, որի 91 տոկոսը բաժին են ընկնում նավթին ու գազին։ Եվ ահա այստեղ է, որ օգնության է հասնում «խավիարային դիվանագիտությունը», որին հիանալի են տիրապետում ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակները: Նրանք ԵԽԽՎ պատվիրակներին հրավիրում էին Բաքու, տալիս թանկարժեք նվերներ, ոսկի, գումար ու 2 կգ սև ձկնկիթ։ Վերջինիս մեկ կգ-ն արժե 1300 եվրո։
Այսպիսի այցելություններից հետո եվրոպացի խորհրդարանականները դեմ էին քվեարկում այն բանաձևերին, որոնք կազմվում էին Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների ու կեղծված ընտրությունների փաստերով։ Պատվիրակներից շատերն Ադրբեջանի հետ նաև բիզնես շփումներ ունեին, իսկ ոմանք էլ որպես դիտորդ` մասնակցում էին ադրբեջանական ընտրություններին ու հայտարարում, որ դրանք անցել են ազատ, արդար ու թափանցիկ։
Այդպես է շարունակվել մինչև 2016 թ., քանի դեռ Միլանի դատախազությունը գործ չհարուցեց ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակ Լուկա Վոլոնտեի դեմ, որին մեղադրեցին Ադրբեջանից 2 միլիոն 400 հազար եվրո կաշառք ստանալու մեջ։ Հակակոռուպցիոն հետաքննությունը Եվրոպայի խորհուրդն ավարտեց 2018թ., կաշառակեր պատվիրակներին ցմահ արգելեցին մոտենալ ԵԽԽՎ շենքին, իսկ նրանց վերաբերյալ գործերը հանձնվեցին ազգային դատախազություններին։
Մանրամասները` տեսանյութում: