կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 12:51
Աշխարհ

Ինչո՞ւ է Իտալիայում համաճարակային վիճակն այդքան լուրջ. իտալացիներին օգնության մեկնած չինացի վարակաբանի կարծիքը

Ինչո՞ւ է Իտալիայում համաճարակային վիճակն այդքան լուրջ. իտալացիներին օգնության մեկնած չինացի վարակաբանի կարծիքը

Մարտի 18-ին Իտալիային օգնելու համար Միլան էր ժամանել չինացի փորձագետ-վարակաբանների երկրորդ խումբը: China News-ը զրուցել է այդ խմբի ղեկավար և Չժեցյանի բժշկական համալսարանին կից հիվանդանոցի փոխնախագահ Ցյու Յունցինի հետ, որը մատնացույց է արել ամենամեծ խնդիրը, որին բախվել է Իտալիան պրոֆիլակտիկայի համաճարակի վերահսկողության գործընթացում` բազմաթիվ մարդիկ կորոնավիրուսի թեստ չեն հանձնել, և դա բարդացնում է համաճարակի աղբյուրի որոնումները. տեղեկացնում է yerkir.am-ը: Արդյունքում` իտալացիները սերտորեն շփվել են վարակվածների հետ հանրային վայրերում, ընդ որում` հիվանդացածների վերահսկողությունը դեռևս բավարար չէ` նրանք շարունակում են վարակել շրջապատի մարդկանց:

Ըստ չինացի բժշկի` հարկավոր է հայտնաբերել, ախտորոշել, մեկուսացնել ու բուժել կասկածելի պացիենտներին հիվանդության վաղ շրջանում: «Դա ամենակարևոր միջոցն է: Անհնար է դրական արդյունք գրանցել` ընդամենը ավելացնելով առողջացածների թիվը և հիվանդներին բուժելու ռեսուրսները, սակայն չվերահսկելով վարակի աղբյուրը»,- ասել է նա:

Չինացի բժիշկներն այցելել են իտալական հիվանդանոցներ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է ընթանում պացիենտների բուժումը, ծանոթանան բժշկական անձնակազմի աշխատանքային ռեժիմին և հիվանդանոցում վարակի վերահսկմանն ուղղված միջոցառումներին:

Յունցինի կարծիքով` իտալացի բժիշկները բավարար տեղեկացված չեն հիվանդության մասին, և դա հանգեցրել է վարակվածների մեկուսացման անորակ միջոցառումների: Հիվանդասենյակներում միաժամանակ կարող են գտնվել մի քանի հարյուր պացիենտներ: «Ներհիվանդանոցային վարակ» և «խաչաձև վարակ» երևույթները  կտրուկ աճում են, և հիվանդանոցները դառնում են վարակի տարածման վայրեր:

Չինական փորձագիտական խումբը նաև կարանտինային միջոցառումների, շնչառական սարքերի կիրառման և հիվանդանոցների դեղերի տրամադրման համակարգի վերաբերյալ է հանձնարականներ մշակել:

Ըստ Յունցինի` իրենց իտալացի գործընկերները գերծանրաբեռնված ու գերհոգնած են տեղական «պարզունակ» հիվանդանոցներում, և իրենք հույս ունեն, որ չինացի մասնագետների փորձն ու տրամադրած նյութական միջոցները կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում:

Հարկ է նշել, որ չինացի բժիշկների խմբում չինական ավանդական բժշկության երկու մասնագետ կա, և ըստ Յունցինի` նրանք արդեն ավելի քան 400 պացիենտի օգնություն են տրամադրել: «Չինական բժշկության դեղամիջոցները որոշակի ազդեցություն են ունենում հիվանդության թեթև  ձևերի վրա, նաև օգնում են պրոֆիլակտիկայի հարցում»,- նշել է նա: