Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մեր պետության (ներառյալ Արցախը) հոգսը մեր հոգսն է, մեր հոգսը մեր աշխատանքն ու մեր ապագան է, մեր հոգսը մեր նվաճումներն ու մեր անվտանգությունն է, մեր հոգսը մեր պետության ներքին համերաշխությունն է: Մեր որ ասում եմ նկատի ունեմ այն քաղաքական ուժին, որի ներկայացուցիչն եմ նաև ես: Ես այդպես եմ կարծում:
Կան սկզբունքներ, որոնք դարձել են ապրելակերպ: Կան ուղղություններ, որոնցից հրաժարվել չի կարող ոչ մի դաշնակցական և ոչ թե այն պատճառով, որ նրանք հատուկ մարդիկ են, ամենևին ոչ, նրանք բոլորի նման պարզ ու հասարակ մարդիկ են, այլ այն պատճառով, որ տարիների ընթացքում ՀՅԴ-ն կոփում է մարդկային միտքը, ձևավորում մտածելակերպ, ձևավորում անհատներ՝ հավաքված մեկ գաղափարական առանցքի շուրջ: Այդ առանցքը պետության ապագան է: Ու կապ չունի, թե ով է իշխանություն:
Մենք արձանագրել են մնայուն հաջողություններ, որի մասին շատ հաճախ լռում ենք, ունենք նաև բացթողումներ, որոնց դարձնում ենք քննարկման առարկա: Մի գաղտիք ասեմ, գիտե՞ք ոնց ենք իրար միս ուտում ժողովների ժամանակ: Դա է պատճառը, որ ժողովներից դուրս ենք գալիս միակամ և ավելի միասնական ու ուժեղացած: Սա ֆենոմեն է, չգիտեմ արդյո՞ք ուրիշ կուսակցություններում էլ է նույնը: Մենք մահացու մեղքեր չունենք, մենք մեր ամենաուժեղ քննադատն ենք, մենք նաև մեր պաշտպանն ենք: Մենք մեզնից դուրս ունենք քաղաքական ընդդիմախոսներ, բայց հայրենիքի ներսում չունենք թշնամիներ:Մենք մեր թշնամիներին ճանաչում ենք, տեղն էլ գիտենք, իրենք էլ մեզ են ճանաչում: Հավատացեք, որ իրենք մեզ ճանաչելով զգուշանում են նաև մյուսներից՝ բոլորից:
Արցախում հիմա ընտրություններ են: Մի աննշան շրջայցով անցնենք այդ դարավոր հայրենիքի վերջին շրջանով: Արցախի առաջին գերագույն խորհրդի նախագահը Արթուր Մկրտչյանը դաշնակցական էր: Մարդ ով անցել էր իսկական գիտնականի բոլոր աստիճաններով դառնալով գիտությունների թեկնածու, բանիմաց, գիտակ մարդ էր, պետականամետ քաղաքական գործիչ: Անուրանալի է նաև Արցախի ազատագրման և անկախության հռչակման մեջ ունեցած ՀՅԴ ավանդը: Անցնող տարիներին հսկայական աջակցություն է ցուցաբերվել մեր հայրենիք Արցախին: Հիմա կասեք ի՞նչ, ախր ո՞նց պատմեմ, ո՞նց գրեմ այդքանը, որի՞ց սկսեմ: Որ այս մասին մեկ մեկ խոսում եմ իմ ավագ ընկերների հետ, թե ինչու՞ չգիտեն մարդիկ թե իրականում ինչ է արվում, ինչու՞ չգիտեն թե այս վերջին 30 տարվա ընթացքում ինչով է զբաղվել ՀՅԴ-ն իր կազմակերպական, քաղաքական կառույցով, իր Հայ Դատի գրասենյակներով իր ուղեկից մյուս բոլոր մարմիններով, ինչու՞ մարդիկ չգիտեն, թե քանի՞ երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցեր են կազմակերպվել Արցախ, ինչու՞ մարդիկ չգիտեն, որ դաշնակցականների ամեն 8-րդը զոհվել է, ինչու՞ մարդիկ չգիտեն, ինչու՞ չգիտեն և բազմաթիվ չիմացություններ ունեն: Այո՛ իսկապես շատ դրվագներ կան, որ եթե մեկ այլ կուսակցություն լիներ հիմա այնքան էր թմբկահարել, որ մարդիկ ուղղակի անգիր կիմանային, իրար կպատմեին, ամեն օր կգրեին այդ մասին: Իսկ ՀՅԴ մասին չգիտեն, կամ ավելի ճիշտ կլինի ձևակերպել, որ չգիտեն բավարար չափով: Գիտե՞ք ինչ պատասխան է հնչում այս հարցերին իմ ավագ ընկերներից, ինձ ասում են ախր ընկեր ջան, մենք այդ ամեն չենք արել, որ պատմենք, մենք մեր գործն ենք արել և անում: Ես համաձայն եմ մեր ընկերների հետ, նրանք ճիշտ են, նրանց կռիվը պատմական էր, բայց պատմելու բան չէր: Նրանք անջնջելի հետք թողեցին Հայ ժողովրդի պատմության մեջ: Ապագա պատմաբանները դեռ կանդրադառնան, վստահ եմ, ինչ որ մեկը թեկնածուական թեզ կգրի Դուշման Վարդանի և մյուսների մասին: Մինչ ես գրում եմ, այս պահին Եվրոպայում կամ ԱՄՆ-ում և այլուր ինչ որ մեկը առավոտյան քնից արթնանում է և գնում հենց իր այդ ամենօրյա գործն անելու: Մեր ընկերը՝ Իշխան Սաղաթելյանը, մի առիթով լավ ձևակերպեց ասելով՝ դաշնակցության արևը մայր չի մտնում:
Մեր մոտ բնավորություն կա չմոռանալու նրանց ովքեր իրենց կյանքը զոհել են, մեր մոտ թեկուզ լուռ, թեկուզ իրար մեջ ցածրաձայն շշուկով միշտ հիշում ենք բոլորին անուն առ անուն, ով, երբ, որտեղ և որ կռվում է զոհվել, ով կար կողքին, ինչ էր անում վերջին պահին և այլն: Չէ սխալ չհասկանաք, ոչ մեկին չեմ մեղադրում, հերոսներին չեմ դարձնում միայն մերը, նրանք համահայկական տղերք են, նրանք ազգինն են: Մեզանից բացի նրանց էլի հիշողներ կան և փառք աստծո, որ այդպես է: Մեր տարբերությունը մյուսների հետ, նաև այն է, որ մենք հրաշքով ողջ մնացածներին էլ գիտենք: Գնացեք ընկեր Հարմիկ Հովսեփյանին տեսեք, կենդանի լեգենդ է, գնացեք Արտաշես Մխիթարյանին տեսեք, Հրանտ Մարգարյանին տեսեք, ապրիլյան պատերազմի մեր ՀԵՄ-ի ընկերներին տեսեք, Դավիթ Իշխանյանին տեսեք, մյուսներին, շատ շատերին ճանաչեք: Դավիթ Իշխանյանը հիմա Արցախում առաջադրված նախագահի թեկնածու է, անկախ արդյունքներից ես որպես դաշնակցական շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերոջը, ով այս քարոզչական շրջանում խոսում է բացառապես պետությունից, ինստիտուտների բարելավումներից, ծրագրերից, առաջանցիկ զարգացումից և պետական անվտանգությունից: Չկա Դաշնակցության փիառ, կա միայն Արցախի փիառ: Հետադարձ հայացք գցեք և կտեսնեք, դա կարմիր թելի նման անցնում և անցնում է շուրջ 30 տարի: Ինչու՞ Դավիթ Իշխանյանը, որովհետև մեջքը պինդ է, որովհետև սերունդների առաջ պատասխանատու է, ինքը գիտի, որ ոչ մի ընտրական գործընթացով չի կարելի ստվերել այն ամբողջ, ինչի միջով անցնում ենք արդեն 130 տարի:
Ինչևէ վերադառնանք նորից սկիզբ, վերադառնանք մեր հոգսեր, մենք են ու մեր հոգսերը, մենք կարևոր առաքելություն ունենք, այս անգամ արդեն մենք ասելով նկատի ունեմ հայ ժողովրդին, մենք պարտավոր ենք ստեղծել պատասխանատու պետություն և համերաշխ հասարակություն: Մենք պարտավոր ենք ունենալ կրթված, ազգային գաղափարներով սնված և իր հայրենիքը սիրող հասարակություն: Ժամանակը մեր դեմ է աշխատում, ուշանալ չի կարելի»։