կարևոր
4474 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 17:37
Քաղաքական Արցախ

Դավիթ Իշխանյանը ԵԽ պատգամավորների հետ քննարկել է Արցախում բնիկ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարման և էթնիկ զտումների վտանգի հարցը

Դավիթ Իշխանյանը ԵԽ պատգամավորների հետ քննարկել է Արցախում բնիկ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարման և էթնիկ զտումների վտանգի հարցը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը եվրոպական երկրներ աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 28-30-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել պատգամավորներ, խորհրդարանում Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խմբերի անդամներ Ֆրանսուա Ալֆոնսիի, Կոստաս Մավրիդեսի, Կլարա Պոնսատիի և  Յուոզաս Օլեկասի հետ: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Բելգիայի թագավորության Սենատում Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ Մարկ Դեմեսմայկերի և Ալեսիա Կլասի, ինչպես նաև պաշտոնաթող նախարար, ներկայումս Բրյուսելի խորհրդարանի  պատգամավոր Ալդա Գրեոլիի հետ:

Հանդիպումների ընթացքում Դավիթ Իշխանյանը բարձրացրել է Արցախում և առհասարակ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից 2020թ․ սանձազերծված պատերազմի հետևանքների հարցը: ՀՅԴ Բյուրոյի անդամը խոսել է Արցախում բնիկ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարման և էթնիկ զտումների վտանգի մասին, առանձահատուկ կարևորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը: Իշխանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը, մասնավորապես սեպտեմբերի կեսին Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ռազմական ագրեսիային:

Դավիթ Իշխանյանը բարձր է գնահատել Արցախի հիմնախնդրի մասին բարձրաձայնելու պատգամավորների ջանքերը հատկապես Եվրախորհրդարանում, ինչպես նաև Ֆլամանդական, Վալոնական և Բրյուսելի շրջանային խորհրդարաններում։ Իշխանյանը կարևորել է գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Եվրոպական Միության իշխանության գործադիր մարմնին ուղղորդելու և ճնշում գործադրելու, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև հավասարություն դնելու քաղաքականությանը վերջ տալու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության պատգամավորը կարևորել է հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ինչպես համաեվրոպական մակարդակով, այնպես էլ եվրոպական երկրներում խորհրդարանական ուժերի հետ:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի այցը եզրափակվել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումով։