կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-23 12:47
Տնտեսական

Աղքատության հիմնական խնդիրը գյուղատնտեսների մոտ է. Վարդան Արամյան

Աղքատության հիմնական խնդիրը գյուղատնտեսների մոտ է. Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կարծիքով` աղքատության դեմ պայքարի լավագույն ձևն աշխատատեղ ստեղծելն է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ աղքատության դեմ պայքարի համար, նա ասաց. «Ձեր հարցի պատասխանը շատ պարզ է։ Եթե ուզում եք այսօր ապրել, պետք է փող տպել և գումար բաժանել, բայց եթե փող տպեցինք, գումարները բաժանեցինք, մյուս օրն ի՞նչ ենք անելու։ Ասում եմ՝ այդպես չի լինելու տնտեսական աճ»։

Նախարարը նշեց, որ 2018 թվականի բյուջեի շրջանակում բազմիցս խոսվել է այն մասին, թե ինչ քայլեր պետք է անել աղքատության վերացման համար։ «Աղքատության հիմնական խնդիրը գյուղատնտեսների մոտ է, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում տրանսֆերտները կրճատվել են»,- ասաց նա։

Արամյանն ասաց, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, գյուղացիներին ավելի մեծ օժանդակություն ցույց տալ։ «Մենք սկսեցինք գյուղատնտեսության սուբսիդավորման 5 ծրագիր, որպեսզի գյուղացին կարողանա ստեղծել արժեք, պետությունն էլ նրա կողքին կանգնի, որպեսզի դա աշխատատեղ դառնա»,- նշեց նա։