Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և հարակից ևս չորս օրենքներ. Yerkir.am-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Դրանցով մասնավորապես արգելվում է ծխելը հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Այդ օրենքների ընդունման նպատակն է հասնել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդության ցուցանիշները:
Այս առնչությամբ նախագահը մասնավորապես նշել է.
«Մեր կյանքում շատ գործողություններ պայմանավորում ենք ընտանիքով, մեր երեխաներով ու նրանց ապագայով: Դա մենք անում ենք մեր ներքին համոզմամբ, մեր ներքին պահանջով, մեր ազգային արժեքներին հավատարիմ: Չծխելով՝ մենք ևս մեկ քայլ ենք անում ի պաշտպանություն ընտանիքի, ի պաշտպանություն մեր գենոֆոնդի:
Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա, առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք: Իհարկե, օրենքը գծում է որոշակի սահմաններ, որոնց պետք է ենթարկվել: Սակայն ձեզնից յուրաքանչյուրի որոշումն է՝ մտածե՞լ, թե՞ չմտածել ձեր, ձեր ընտանիքի, մեր ժողովրդի, մեր երկրի առողջության մասին:
... Փորձենք ապրել ավելի առողջ կենսակերպով: Առողջությունը ցանկացած տեսակի՝ մտավոր, ֆիզիկական թե հոգևոր գործունեության հաջողության երաշխիք»: