Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ բոլոր երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այն նշվում է 1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում:
Ծխախոտի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է` «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք»: Այս առիթով կազմակերված մամուլի ասուլիսում ելույթ ունեցան ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Նոր կանխատեսումները փաստում են, որ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունը թույլ կտա առաջիկա քառասուն տարվա ընթացքում կանխել ավելի քան 187000 մահվան դեպք:
Ըստ 2015 թվականի ծխախոտի համաճարակի վերաբերյալ ԱՀԿ զեկույցի՝ Հայաստանում 2012-ին մեծահասակների շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 25.4% (տղամարդիկ 50.9%, իսկ կանայք 3.2%): Ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականության բացակայության դեպքում այս ցուցանիշը կարող է աճել:
«Ծխելու հետևանքով աշխարհում մահանում է տարեկան 7 միլիոն մարդ, որոնցից 600000-ը՝ պասիվ ծխելու պատճառով: Մի՛ ծխեք այն մարդկանց ներկայությամբ, ում սիրում եք, հրաժարվե՛ք ծխելուց»,- կոչ արեց Եգոր Զայցևը՝ ԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանում:
Հասցեական հակածխախոտային միջոցառումները կարող են էականորեն նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը: Ծխախոտի դեմ պայքարում անհրաժեշտ են ավելի խիստ գործողություններ: Հայաստանում հակածխախոտային քաղաքականությունների խստացումը թույլ կտա իրականացնել վերոնշյալ կանխատեսումները և պաշտպանել բնակչության առողջությունը ծխելու վնասակար ազդեցություններից:
«Գաղտնիք չէ, որ հայերը ծխող ազգ են: Ես հանձնարարական ունեմ հանրապետության նախագահից և վարչապետից, որպեսզի մենք պատերազմ հայտարարենք ծխելուն, հաղթենք այս չարիքին՝ ծխախոտին։ Այդ կերպ կարող ենք ծխողների թիվը նվազեցնել 30-40 տոկոսով։ Ամենալավ միջոցը մարդու գրպանին հարվածելն է։ Հոգեբանորեն ազդեցություն ունենալն այն չէ, ինչ գրպանին խփելը։ Կարելի է արգելել ծխել այն վայրերում, որտեղ մարդն ուզում է ծխել, և թույլատրել այնտեղ, որտեղ տհաճ կլինի ծխելը»,- ընդգծեց նախարար Ալթունյանը:
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շեշտեց, որ հիմնախնդիրը շարունակում է արդիական մնալ մեր երկրում:
«Այս տարի մշակվել է ծխախոտի դեմ պայքարի նոր ծրագիր, որը ներկայացվել է կառավարություն: Նոր ծրագիրը նախատեսում է բավականին կոշտ օրենսդրական փոփոխություններ` թե' գովազդի, թե' հասարակական վայրերում ծխելու հետ կապված»,- նշեց Ալեքսանդր Բազարչյանը:
Առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ օրենքի նախագիծը անպայման կձևավորվի և կքննարկվի հասարակության լայն զանգվածների և գործընկեր կազմակերպությունների հետ:
Ծխախոտի դեմ պայքարի գործողությունները միտված են ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից մահացության և հաշմանդամության թվի նվազեցմանը, բնակչության առողջական վիճակի բարելավմանն ու կյանքի միջին տևողության երկարացմանը:
Առողջապահության նախարարություն