կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 09:51
Հասարակություն

Միլան-Երևան չվերթով ժամանածներից մեկ ուղևոր հոսպիտալացվել է

Միլան-Երևան չվերթով ժամանածներից մեկ ուղևոր հոսպիտալացվել է

«Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են»,- «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։ Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ շնչառական վարակի նշաններ է ունեցել.«Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»:

Թեսթավորում անցնելու հարցով  որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում: Արսեն Թորոսյանը հոսպիտալացված այս ուղևորին հորդորում է չառանձնացնել.  «Նա միակ քաղաքացին չէ, որ այս պահին գտնվում է մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, բազմաթիվ քաղաքացիներ են գտնվում, որոնք սպասում են իրենց պատասխանին»:

Ըստ նախարարի՝ թեստավորումն ընթացիկ գործ է՝ 135 քաղաքացի արդեն թեստավորվել է, ու մեկ բացառությամբ մյուսների մոտ կորոնավիրուսի վարակը բացառվել է։ Միլան-Երևան չվերթով ժամանածները «Զվարթնոցի» ժամանման սրահ են մտել հիմնականում դիմակներով: Ժամանածները պատմել են, որ Իտալիայում խուճապ չկա: 

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Իտալիան համարվում է կորոնավիրուսի՝ տարածում գտած օջախներից մեկը. այս պահի դրությամբ երկրում 2.502  կորոնավիրուսակիր կա: Կորոնավիրուսից երկրում մահացել է 79, առողջացել՝ 160 մարդ: