կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 14:12
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրակրթության ֆինանսավորումը աճելու փոխարեն նվազում է տարիներ շարունակ․ Անահիտ Բախշյան

Հեղափոխական իշխանությունը առաջին հերթին պետք է ֆինանսավորի կրթությունը՝ ըստ Yerkir.am-ի, ասաց կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը՝ ՄԱՀՀԻ «Կրթություն, ժողովրդավարություն, զարգացում և անվտանգություն» խորագրով երիտասարդական ֆորումի ժամանակ՝ դիմելով մասնակից երիտասրադներին և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին։

«Տարիներ շարունակ մեր բյուջեում հանրակրթության ֆինանսավորումը աճելու փոխարեն նվազել է, այնինչ Կրթության մասին օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի կրթության ֆինանսավորումը չպետք է ավելի պակաս լինի, քան նախորդ տարի, այսինքն, պետք  ավելանար․ մեզ մոտ ճիշտ հակառակն է եղել տարիներ շարունակ, և այսօր ֆինանսավորման մի չափ է, որը բոլորովին բավարար չէ մեր երազած կրթությունն ունենալու համար»,-ասաց նա։

Կրթության զարգացման պետական ծրագիր 5 տարի է՝ չունենք՝ արձանագրեց Անահիտ Բախշյանը և բացատրեց, որ այդ ծրագրով սահմանվում է պետության տեսլայկանը, պետության պատվերը դպրոցին, բուհին․ «Ցավոք, այսօր չունենք և ես չգիտեմ այդ ուղղությամբ ինչ է արվում»։

Հանրակրթության ոլորտում պետական չափորոշիչների վերանայման գործընթաց է սկսվել  անցյալ տարի, փոխվելու են չափորոշիչները, ծրագրերը, դասագրքերը։

«Եվ այս պահին Հանրակրթության մասին օրենքի փոփոխություն է նախատեսվում, որով ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կասեցվում է մինչև 2022 թ-ը, քանի որ նոր ծրագրեր, նոր դասագրքեր, գումար ծախսել, ուսուցիչներին վերապատարստըել, հետո 2022 թ-ից նոր չափորոշիչ, նոր ծրագիր, համարվելու է անտեղի այդ գումարը, սա ինձ համար հասկանալի չէ, որպես կրթության մարդ՝ էնքան էլ խելացի բան չէ»,-ասաց Անահիտ Բախշյանը։

Անցյալ 22 տարիներին ՀՀ հանրակրթության բարեփոխմանը տարբեր վարկային 4 ծրագրերով 103,75 միլիոն դոլար գումար է հատկացվել․ «Այդ բարեփոխումների արդյունքը, թվում է, թե մենք այսօր արդեն պետք է տեսնեինք՝ 20 տարի հետո, բայց դպրոցներում աշակետների կրթության որակի վերաբերյալ տարբեր ստուգումների արդյունքը հուսադրող չէ»։

Այսօրվա իշխանությոնը վերաբերմունքի արմատական փոփոխության կարիք ունի՝ վստահ է տիկին Բախշյանը, պետությունը պետք էլավ օրենքներ ունենա և դրանց կիրառումը որոշող կարգերը պետք է գործեն այնպես, ինչպես գրված է, որպեսզի գրված չլինի մի բան, արվի՝ այլ բան։

Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ Հանրակրթության մասին օրենքով քաղաքացու սահմանումը,  որը պետությունը պատվիրակում է դպրոցին, հետևյալն է․ «Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի, քաղաքացու ձևավորումն է»։

Սա պետական պատվերն է․ Անահիտ Բախշյանը քաղաքացուն այսպիսին դարձնելու մեխանիզմը նշում է․ «Մենք գիտենք, որ երեխան փոքր տարիքից իր հերոսներով է մեծանում, տարբեր տարիներին տարբեր հերոսներ է ունենում իր համար։ Ի դեպ, Ստիվ Ջոբսը այդ առումով շատ կարևոր բան է ասել՝ ուզո՞ւմ ես ճանաչել մարդուն, տես՝ ովքեր են նրա հերոսները։ Երեխան, որը մեծանում է տվյալ ընտանիքում, հետո դպրոցում, իր համար բոլոր մեծերը օրինակներ են և կարող են դառնալ հերոս և ոչ հերոս, քարոզով երեխային չեն կրթում։ Երեխայի հետ պետք է աշխատեն մանկավարժներ, որոնք ունեն հմտություններ երեխայի համար օրինակելի դառնալու։ Դժվար է ասել, թե մենք շատ մեծ հաջողություններ ունենք այս հարցում»։

Դաստիարակության և կրթվածության մակարդակով այսօր, ցավոք, զիջում ենք 1990-ականներին՝ արձանագրեց Անահիտ Բախշյանը․ «Ինչ-որ մի ատելության մթնոլորտ կա օդում, որը խանգարում է, չի թողնում, վնասում է այդ քաղհասարակության ձևավորելուն, որտեղ հանդուժողականություն, իրար նկատմամբ հարգանք, սեր, լսել, օգնել սատարել պետք է լինի։ Եթե այդ մթնոլորտը դպրոցներում ապահովվի, որտեղ արդարամիտ տնօրինություն լինի, իսկ այդ արդարության նկատմամբ երեխաներն ունեն մի չափազանց զգայուն զգացում, ծնողը, մանկավարժը իրենց հերթին մասնակցեն կրթության գործընթացին, մարդը կմեծանա՝ իմանալով իր տեղը, իր դերը, իր ձայնի կարևորությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում․