Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում տուրիզմը զարգացնող կարևոր կենտրոններից մեկի՝ Գորիս քաղաքի և առհասարակ տարածքի պատմամշակութային ժառանգության ու իրացնելու մասին Yerkir.am-ը զրուցել է Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր, AugmentAr ընկերության (եռաչափ տպագրիչների արտադրություն) հիմնադիր տնօրեն Արթուր Խոջաբաղյանի հետ:
-Արթու՛ր, Հայաստանի քաղաքաներից երևի թե Գորիսը միակն է, որ ամենաշատն է պահպանել իր անցյալի դիմագիծը, ո՞րն է դրա պատճառը:
-Կարծում եմ՝ պատճառները մի քանիսն են։ Նախ՝ առաջինը տների պատրաստման ոճային նմանությունն է, որ կարելի է գտնել բուն Զանգեզուրի բոլոր գյուղերում ու հաշվի առնելով, որ Գորիսի բնակիչները հիմնականում հենց բուն զանգեզուրցիներն են, ապա այդ առումով պարզապես եղել է մտածողության զարգացում։ Երկրորդը քաղաքի համաչափ հատակագիծն է, որը նպաստել է, որ շեղումներ շատ չլինեն ու քաղաքի զարգացումը լինի ներդաշնակ։ Թերևս դա է պատճառը, որ 20 և 100 տարվա պատմություն ունեցող տներն ունեն ընդգծված նմանություններ։ Մի պատճառ էլ, կարծում եմ, կա, այն է, որ վարպետ֊-քարտաշությունը տոհմային մասնագիտություն է եղել ու դա նպաստել է, որ ոճային մտածողությունը ժառանգվի։ Գորիսում դեռ կան մարդիկ, ովքեր պատերի, պատուհանների կառուցվածքի հենքի վրա կարողանում են նշել, թե որ տոհմի վարպետների աշխատանքն է դա։
Արդյունքում ունենք մի հրաշալի քաղաք, որը երբեմն մենք չենք նկատում, բայց դրսից եկածները հիանում են մեր քաղաքի համաչափությամբ ու ճարտարապետական ուրույն ոճով։
-Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տասնամյակների ընթացքում քաղաքի բնակչությունը որոշակիորեն նվազել է: Աշխատանքի բացակայությու՞նն է պատճառը, թե՞ այլ խնդիր կա:
-Ինչպես ամբողջ Հայաստանում, Գորիսից նույնպես արտագաղթ է եղել։ Բայց կարծում եմ՝ շատ շրջանների համեմատ, մեր քաղաքից համեմատաբար քիչ է այն տեղի ունեցել։ Պատճառը կապվածությունն է ծննդավայրին։ Գորիսեցիները երբեմն կատակում են, որ քաղաքը մի փոս է, որտեղ ընկնելուց հետո չես կարողանում դուրս գալ։
Տեղային հայրենասիրությունը, հպարտությունը շատ վառ է արտահայտված մեզանում։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ բուն Հայաստանի այն հազվագյուտ վայրերից է Գորիսը, որտեղ ապրում են բնիկներ։ Չէ՞ որ Գորիսի շրջանի գյուղերի մեծ մասը հիշատակվում են սրանից հազար տարի առաջ նույնպես։ Իսկ Գորիս քաղաքի բնակչությունն էլ հենց հիմնականում գոյացել է տարածաշրջանի գյուղերի բնակչությունից։
-Գորիսը հայտնի է նաև իր պատմամշակութային ձեռակերտ և անձեռակերտ հուշարձաններով: Դրանց առկայությունը որքանո՞վ է խթանում քաղաքի զարգացմանը:
-Այսօր քաղաքում շատ արագ տեմպով զարգանում է զբոսաշրջության ոլորտը։ Պատճառներից մեկը հենց դա է։ Բայց հիմնական պատճառն այն է, որ Տաթևի ճոպանուղու կառուցումից հետո Ժորա Ալեքսանյանն իր ծննդավայրում կառուցեց հայտնի ճոճվող կամուրջը։ Բոլորը գորիսեցիները խոստովանում են, որ հենց սրա արդյունքում քաղաքի զբոսաշրջության ոլորտը սկսեց մեծ տեմպերով զարգանալ։ Չէ՞ որ Տաթև եկողը հաճախ ցանկանում է մեկնել նաև Խնձորեսկ, ու արդյունքում հենց Գորիսով է անցնում։ Սա նաև պարզ ապացույց է, թե որքան կարևոր են ենթակառուցվածքներն ու ժամանցային գոտիները ոլորտի զարգացման համար։ Լավ է, որ այսօր այդ ուղղությամբ ներդրումներ են կատարվում նաև համայնքային իշխանությունների կողմից։ Վստահ եմ, որ շուտով բոլոր գորիսեցիները վայելելու են համընդանուր այս աշխուժության պտուղները։
-Կա՞ն հուշարձաններ, որոնք առանձին խնամքի կամ վերականգման կարիք ունեն:
-Կարծում եմ՝ բոլորը։ Նամանավանդ, երբ տարածաշրջանում զարգանում է բիզնեսը, ապա այն միտում ունի նաև փչացնելու շրջակա միջավայրը։ Ու վերահսկող մեխանիզմներ, ընդանուր չափորոշիչներ ունենալու անհրաժեշտությունն անընդհատ առաջ է գալիս։ Մենք տեսնում ենք, թե ինչպես բիզնեսն այլանդակեց Երևանը։ Նույն ռիսկը մեզ է սպասում։ Քաղաքը շատ արագ է զարգանում։
-Քաղաքում Ձեր ջանքերով գործում է զարգացման կենտրոն: Ի՞նչ գործառույթներ ունի, մինչ օրս ինչ շոշափելի ձեռքբերումներ է գրանցել այդ ակումբը:
-Խոսքը հավանաբար Գորիսի զարգացման ակումբի մասին է։ Կարծում եմ՝ սխալ է ասել, որ իմ ջանքերով։ Գորիսի զարգացման ակումբն իրենից ենթադրում էր հանդիպումների շարք քաղաքի բիզնես, մտավորական խավի ու քաղաքային իշխանությունների մասնացկությամբ։ Եվ յուրաքանչյուր մասնակցի ջանքերով էլ կայացան այդ հանդիպումներն ու տվեցին իրենց պտուղները։ Առաջինը կարծում եմ երկխոսության կայացումն է։ Սա բերում է համընդհանուր վստահության բարձրացմանը։ Ճիշտ է զարգացման ակումբի ֆորմատով հանդիպումներն ինչ-որ պահից դադարեցին, բայց դրա փոխարեն ձևավորվեցին տարբեր ոլորտային խմբեր։ Մասնավորապես շուտով Գորիսում կստեղծվի Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միությունը։ Մինչ սրան հասնելը զբոսաշրջային ոլորտի ակտիվ մի քանի ձեռներեցների օժանդակությամբ ստեղծվել էր օրինակ gorisinfo.am կայքը, որի նպատակն է հավաքագրել քաղաքի մասին տեղեկությունները մեկ հարթակում ու այն ներկայացնել տարբեր լեզուներով։ Այս նախագիծը դեռ ավարտուն չէ, բայց արդեն փոքր ինչ-կարող է ծառայել իր նպատակին։
Այսօր ձևավորվում են տարբեր խմբեր, ակումբներ, միություններ տարբեր հարցերի շուրջ։ Ես կարծում եմ, որ սա նաև բնական պրոցես է։ Հասարակության զարգացումը ենթադրում է, որ այն պետք է լինի ավելի կազմակերպված։ Իսկ դա էլ հենց տեղի է ունենում համապատասխան խմբերի, միությունների, ակումբների գործունեության միջոցով, ովքեր ունեն ընդհանուր շահեր։ Սա շատ կարևոր է և ուղիղ կերպով կնպաստի տարբեր ոլորտների արդյունավետ զարգացմանը։
-Հուշարձաններին մշտապես զգալի վնաս են հասցնում շինարարական աշխատանքները: Ինչպե՞ս եք այդ հարցը տեղում լուծում:
Թե՛ մեր քաղաքային իշխանուննությունները, թե՛ հենց մեր քաղաքացիները շատ ուշադիր են այսպիսի հարցերում։ Գորիսում այս հարցին նաև նպաստում են սոցիալական ցանցերը։ Վերջերս անդրադարձ էի կատարել Goris Today լրատվական հարթակին, որտեղ կան շատ մոդերատորներ, ովքեր առանց երևալու կարողանում են հարցեր բարձրացնել։ Սա թույլ է տալիս, որ ամենափոքր հարցերն էլ հասարակական հնչեղություն ստանան։ Ես շատ եմ կարևորում ազատ խոսքի ինստիտուտի կայացումը։ Սրա պտուղները մենք արդեն քաղում ենք և արդյունքում դառնում ենք ավելի ժողովրդավար հասարակություն։
-Խորհրդային տարիներն ինչպե՞ս են անդրադարձել քաղաքի վրա:
-Գորիսը մինչ խորհդայնացումը զարգացած առևտրական քաղաք է եղել։ Քաղաքում արդեն ձևավորվում էր կապիտալիստական բուրժուազիան, կային փոքրիկ արտադրամասեր, տպարան, արհեստանոցներ, Գորիսի հայտնի Շուկան, որտեղ կային ամենատարբեր խանութներ և այլն։
Խորհդային միությունն ընդհատեց այս բնական զարգացումը և մենք ամեն ինչ սկսեցինք զրոյից։ Արդյունքում ունեցանք ուժեղ արդյունաբերական, գիտակրթական մեծ ներուժ ունեցող քաղաք։ Ցավոք անկախացումից հետո վայրի կապիտալիզմի ազդեցությամբ ավերվեց նաև մեր քաղաքը։ Եվ մեծամասամբ անհրաժեշտ եղավ նորից սկսև սկզբից։
Այդուամեանայնիվ, ունենք ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող մեծ ժառանգություն, մասնավորապես Որոտան Կասկադը, որի ադմինիստրատիվ շենքը ճիշտ է, Գորիսում է, բայց այն իր ծավալով ընդգրկում է Սյունիքի կեսը, կարելի է նշել Գորիսի Գամմա գործարանը, որտեղ ցայսօր ատրադրվում են ռուսական կործանիչ ինքնաթիռների համար անկյունաչափեր և այն միակն է ԱՊՀ-ում, շատ կարեւոր է նշել Գորիսի պետական համալսարանը, որը մեծ ստրատեգիական նշանակություն ունի քաղաքի համար, բայց ապրում է հոգևվարք, ինչպես Հայաստանի բոլոր բուհերը։
Այսօր տարածաշրջանում քաղաքն ունի դոմինանտ դիրք շատ ոլորտներում, և պատճառներից մեկը կարծում եմ այն է, որ քաղաքային մշակույթն աստեղ ավելի հին է: Թերևս դա է պատճառը, որ առևտրի շատ ճյուղեր տարածաշրջանում կենտրոնացած է հենց գորիսեցիների ձեռքին։ Քաղաքը գնալով դառնում է մեծածախ առևտրի կենտրոն տարածաշրջանում։ Սա շատ կարևոր նախադրյալ է, որը կարելի է զարգացնել ու մեծ օգուտներ ունենալ։
-Այսօր արդեն ի՞նչ է հարկավոր քաղաքն էլ ավելի զարգացնելու, տուրիզմի մեծ կենտրոն դարձնելու համար:
-Ես գտնում եմ, որ շատ կարևոր են տարբեր միությունների, ակումբների ստեղծումը և ամեն միությունում էլ կորոշվի իրենց համապատասխան ոլորտի առաջնային խնդիրները։
Օրինակ, հենց զբոսաշրջության ոլորտը վերցնենք։ Ես կարող եմ ունենալ առաջարկներ, բայց դրանք իմն են ու հենված իմ ինտուիցիայի և ունենցած գիտելիքների վրա։ Բայց, եթե հացրին խառնվում են ոլորտի ձեռնարկատերերը, նրանք շատ ավելի կոնկրետ կարող են մատնանշել խնդիրներն ու քայլերը, որոնք կբերեն ոլորտի զարգացմանը։ Եվ նրանք էլ հենց հետամուտ կլինեն այդ քայլերի իրականացմանը։
Իսկ այս դեպքում իմ ասածները կլինեն ձայն բարբառո հանապատի, որովհետև ես կասեմ ու կգնամ, և հավանականությունը շատ քիչ է, որ ինչ որ մեկը վերցնի այդ գաղափարներն ու առաջ տանի։
Սա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Ունենալով կազմակերպված հասարակություն, մենք կարող ենք մեր վրա շատ պատասխանատվություն վերցնել։ Մանավանդ, որ աշխարհագրական դիրքով էլ արդեն ունենք ստրատեգիական կարևոր նշանակություն Հայաստանի համար։
Գևորգ Գյուլումյան