կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-07 16:23
Հասարակություն

Մարզային օրագիր. անգլերենի ակումբներ` միտված ուսուցման որակի բարձրացմանը

Մարզային օրագիր. անգլերենի ակումբներ` միտված ուսուցման որակի բարձրացմանը

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Կոտայքի մարզպետարանի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներ: Ներկաներին շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝  Լևոն Մկրտչյանը նշել է, որ նախարարությունը ժամանակին դիմել է Բրիտանական խորհրդին՝ խնդրելով օժանդակել օտար լեզուների տարածման ծրագրին, որի շրջանակում էլ ՀՀ վեց համայնքում կգործեն վեց բազմաֆունկցիոնալ կենտրոններ: «Այսօր կարևոր իրադարձություն է, քանի որ բացում ենք փոքր, բայց մեծ ներուժ ունեցող անգլերենի ակումբ, որով մարզերում օտար լեզուների ուսուցման որակը բարձրացնելու առումով շատ կարևոր քայլ է կատարվում: Հրազդանի թիվ 8 դպրոցը շատ լավ հնարավորություններ ունի. այն գտնվում է կարևոր կետում՝  Հրազդանի առավել բնակեցված տարածքում, հետևաբար ճիշտ աշխատելու պարագայում կարող է ծառայություններ մատուցել ողջ տարածաշրջանին: Նախատեսում ենք յուրաքանչյուր մարզում ունենալ 1-2 նմանատիպ դպրոցներ, որոնք մեխանիկորեն կդառնան վերապատրաստման, դասընթացների անցկացման, որակյալ ծրագրերի իրականացման լուրջ հենակետեր ողջ մարզի համար և կսպասարկեն տարածաշրջանի, այդ թվում՝ հարակից քաղաքների և գյուղերի երեխաներին: Այս  ձևաչափի շրջանակում հնարավոր կլինի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնել հենց մարզում, որի արդյունքում այդ ուսուցիչներն իրենց հերթին կվերապատրաստեն այլ մանկավարժների: Սա հնարավորություն կտա իսկապես ունենալ գործունակ մեթոդաբանություն, որի արդյունքում կբարձրանա օտար լեզուների ուսուցման մակարդակը: Նույն գործընթացը նախատեսում ենք իրականացնել ֆրանսերենի և գերմաներենի պարագայում: Բացի այդ, Բրիտանական խորհուրդը մշակել է 21-ր դարի անգլերենի ուսուցման 12 ուղղություն և մեթոդաբանություն, որը ցանկանում ենք տեղայնացնել Հայաստանի համար: Եթե ծրագիրը հաջողություն ունենա, ապա հնարավոր է այն կիրառել ոչ միայն լեզուների, այլ նաև տարբեր առարկաների համար»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատանը և Բրիտանական խորհրդին, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, նրանց աջակցությունն անգլերենի ուսուցման որակի բարձրացման գործընթացին հսկայական է:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր հերթին նշել է, որ ներկայումս անգլերեն լեզվի իմացությունը շատ կարևոր է, քանի որ այն մեծ դեր ունի աշխարհում՝ որպես միջազգային լեզու: Ըստ դեսպանի՝ անգլերենը նաև հնարավորություն է՝ Հայաստանը և նրա մշակույթը ներկայացնելու աշխարհին:

Նշենք, որ «Փոփոխության սերունդ» ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի վեց համայնքում 10-15 տարեկան երեխաների ուսման և հետագա կարիերայի ստեղծման հնարավորություններին` առաջարկելով նրանց անգլերենի արտադասարանական պարապմունքներ: Ծրագրի շրջանակում անցկացվել են մասնագիտական զարգացման վերապատրաստման կուրսեր՝ վերոնշյալ համայնքների անգլերենի ուսուցիչների համար: Ուսուցիչները հնարավորություն են ունեցել հունվարի 28-ից փետրվարի 2-ը մասնակցել վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության Էդինբուրգի քոլեջում:

 ԿԳՆ