կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 13:37
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 45 հազար վճարում են, 1 մլն 500 հազար ստանում․ գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը թափ է հավաքում

Խաղող, ծիրան, դեղձ, հացահատիկ և խնձոր․ առայժմ այս մշակաբույսերը կարելի է ապահովագրել և ստանալ փոխհատուցում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ըստ գոտիականության ռիսկայնության և ֆերմերի ընտրած ապահովագրական պոլիսի՝ վճարվելիք և ստանալիք գումարները տարբեր են։ Նշենք մի քանիսը։

Կապանը, օրինակ, ամենաբարձր ռիսկայնության գոտում է։ Եթե ֆերմերն ապահովագրում է, ասենք, խնձերի բերքը, ապահովագրական գումարը կազմում է 1 հա-ի համար 158 հազար դրամ․ դրա 50 տոկոսը վճարում է կառավարությունը՝ սուբսիդավորում է։ Սա նշանակում է՝ ֆերմերը վճարում է 1 հա-ի համար 47 հազար դրամ՝ 1 անգամ։ Եթե այդ՝ ապահովագրված խնձորի այգին ցրտահարվում է և 80 տոկոսով բերքը փչանում, ֆերմերն ստանում է 1 մլն 400 հազար դրամ փոխհատուցում 1 հա-ի համար․ 47 հազար դրամ վճարում է՝ 1 մլն 400 հազար դրամ ստանում։

Նույն կերպ՝ հացահատիկը․ Մալիշկայում, օրինակ, որը նույնպես ամենաբարձր ռիսկային գոտում է, եթե աշնանացան ոռոգվողի համար ֆերմերն ընտրի 380 հազար դրամանոց ապահովագրական ծածկույթը՝ նա 1 հա-ի համար կվճարի 13 հազար դրամ և եթե այգին 80 տոկսով վնասվի, կստանա փոխհատուցում 1 հա-ի համար 266 հազար դրամ։ 13 հազար դրամ կվճարի, 266 հազար դրամ կստանա։

Ընտրվել է 5 ապահովագրական ծածկույթ, որոնք ընտրովի են՝ ֆերմերը պետք է ընտրի։

Ապահովագրական պոլիսները մոտ 50 տոկոսով սուբսիդավորում է Էկոնոմիկայի  նախարարությունը․ ավելի ստույգ՝ գարնանային ցրտահարությունը 60 տոկոսով, կարկուտ-հրդեհը 50 տոկոսով, գումարի մնացած մասն է վճարում գյուղացին։ Սուբսիդավորումը հայ-գերմանական աջակցության ծրագրով է։

Ընթացիկ աշխատանքները կոորդինացնելու համար ԿԲ-ն հիմնել է Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությունը։

Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 30-ից՝ 2 մշակաբույսերով՝ խաղաղ և ծիրան։ Այս տարի արդեն ավելացել են դեղձը, հացահատիկը և խնձորը։

Նպատակը գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կայունացումն է՝ ասաց Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, եթե տեղի ունենա կարկուտ, հրդեհ կամ գարնանային ցրտահարություն, գյուղացիական տնտեսություններն ապահովագրվում են և ստանում փոխհատուցում, որ հաջորդ տարի կարողանան գործունեությունը շարունակել։

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը տեղեկացրեց, որ ապահովագրական որոշ պոլիսներ հասանելի են 6 մարզերում, որոշները՝ ՀՀ բոլոր մարզերում։

Մանրամասն՝ տեսանյութում․