կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-14 10:56
Իրավական

Բացահայտվել են ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր. Yerkir.am-ին հայտնում են ԱԱԾ-ից:

Նշվում է՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչև 8000 ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, հիշյալ դասախոսը նշված գումարներն ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ ԲՈՒՀ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու, պետպատվերի շրջանակներում մագիստրատուրայում ձևակերպելու և նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց, որոշ դեպքերում նաև միջնորդների միջոցով լուծելու համար:

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոստովանել հանցագործության կատարումը:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։