Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը խմբակցության գործունեությունն արդյունավետ է գնահատում: «Ապառաժ»ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը խոսել է կարևոր օրենսդրական նախաձեռնությունների, խմբակցության ծավալած այլ աշխատանքների մասին՝ ամփոփելով 2015-2019 թթ. գործունեությունը:
-Պարոն Սարգսյան, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններ կառանձնացնեիք: Ի՞նչ դիրքորոշում ուներ խմբակցությունը տարբեր օրենքների քվեարկության ժամանակ:
-Խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններից կարևորում եմ «Տոների և հիշատակի օրերի մասին» ԱՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կոոպերատիվների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Վերջինով առաջարկվում էր երկրում չապրող պաշտոնաթող նախագահներին չտրամադրել ֆինանսական լայն օգնություն:
«Կոոպերատիվների մասին» օրենքը մեծ դժվարությամբ է ընդունվել: Այս տարի կառավարության որոշմամբ արտոնություններ են սահմանվել այդպիսի տնտեսությունների համար: Օրենքի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ ենք տարել: Այն, տնտեսականից բացի, ունի նաև զարգացման հասարակական բնույթ:
Այստեղ ուզում եմ շեշտել, որ 2005 թվականից «Դաշնակցություն» խմբակցությունը պայքարում էր 100% համամասնական ընտրակարգի համար, որը գործելու է 2020թ. ընտրություններում:
«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ և ձեռնպահ է քվեարկել մի շարք ռազմավարական նշանակության օրենքների, մասնավորապես՝ «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ԱՀ նոր Սահմանադրության, «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքներին: Մինչև նոր Սահմանադրության և «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների քննարկումը, «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպումներ է ունեցել ժողովրդի հետ և ծավալել բացատրական աշխատանք` փորձելով բնակչությանը ներկայացնել իր դեմ լինելու պատճառները:
Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքին դեմ ենք քվեարկել, քանի որ դա ազգային անվտանգության խնդիր է. օրենքով օտարերկրացուն իրավունք է տրվում Արցախում հողի սեփականատեր դառնալ այգի հիմնելու համար:
-Ինչպե՞ս կգնահատեիք խմբակցության անցած 5 տարիների գործունեությունը: Ի՞նչ մեխանիզմով եք կառուցել հարաբերություններն ընտրողների և պետական օղակների հետ:
-Դժվար է ինքդ քեզ գնահատական տալ: Իմ կարծիքով՝ շատ լարված աշխատանքային տարիներ էին: Գործող խմբակցությունը մի շարք ցուցանիշներով գերազանցել է ՀՅԴ նախորդ խմբակցությունների ցուցանիշները: Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր խմբակցություն գերազանցի նախորդին թե՛ բնակչության հետ հանդիպումների քանակով, թե՛ օրենսդրական գործունեությամբ և թե՛ աշխուժությամբ: Շատ կարևոր եմ գնահատում շաբաթական մեկ անգամ գումարվող խմբակցության նիստերը, որտեղ քննարկվել են օրենսդրական, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Խմբակցությունն իր վրա է վերցրել ոչ միայն ներխորհրդարանական հարցերը, այլև բնակչության հետ կապը, երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները ներկայացնելը, որի մեջ կարմիր թելի պես անցնում է Դաշնակցության ծրագիրը:
Խմբակցության պատգամավորներին է դիմել 568 քաղաքացի, օրենքի շրջանակներում լուծել ենք նրանց կողմից բարձրացված հարցերը:
Խմբակցության գործունեության անբաժանելի մասն են կազմում բնակչության հետ հանդիպումները, որոնց ընթացքում բարձրացված բոլոր հարցերը պարզաբանել ենք, մեծ մասին լուծում տվել: Շրջանների համայնքներում և Ստեփանակերտ քաղաքի բոլոր դպրոցներում կազմակերպվել է մոտ 200 հանդիպում: Բնակչության կողմից բարձրացված հարցերի մի մասն անմիջապես լուծվել է լիազոր մարմինների ներկայացուցիչների միջոցով, հնչեցվել է կառավարության հետ հարց ու պատասխանների ժամանակ, իսկ մի մասը լուծվել է համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ: Մի շարք այլ մարմինների ներկայացուցիչներ էլ հրավիրվել են ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն, որտեղ ընթացքավորվել են մտահոգող հարցերը: ԱՀ ԱԺ նիստերի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ կառավարությանն ենք ուղղել ինը տասնյակից ավելի հարցումներ, միաժամանակ հանդես եկել մի շարք հայտարարություններով:
Համարյա բոլոր նախարարները հրավիրվել են խմբակցության նիստերին: Երբ կուտակվել են տվյալ ոլորտի վերաբերյալ բնակչության կողմից բարձրացված հարցերը կամ մենք ենք հարցեր ունեցել, ապա հրավիրել ենք համապատասխան ոլորտի պատասխանատուին: Հրավիրել ենք Ստեփանակերտի նախկին և ներկա քաղաքապետներին, շրջվարչակազմերի, տարբեր ծառայությունների ղեկավարների:
Բնակչության հետ հանդիպումները մի քանի նպատակ են ունեցել: Նախ, մենք հանդես ենք եկել հաշվետվությամբ, բնակչությանը ծանոթացրել մեր գործունեությանը: Երկրորդ, հանդիպումների հսկայական մասը գյուղերում էր, որոնց ընթացքում գյուղատնտեսության զարգացման հետ կապված առաջարկներ ենք քննարկել: Մենք, այսպես ասած, դասախոսությամբ չենք հանդես եկել, այլ ներկայացրել ենք Դաշնակցության ծրագիրը, տնտեսության համաչափ զարգացման ուղիները:
Կարևորում եմ խմբակցության սերտ կապը երիտասարդության հետ: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել են հանրային հնչողություն ունեցող որոշ հարցերի քննարկումներ, հայագիտական գրքերի շնորհանդեսներ, պարբերաբար հանդես եկել դասախոսություններով:
-Այլ երկրների խորհրդարանականների հետ ի՞նչ աշխատանքներ է իրականացրել «Դաշնակցություն» խմբակցությունը: Արցախի ճանաչման ուղղությամբ արդյո՞ք ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների հետ համախորհուրդ եք աշխատում:
-ԱՀ միջազգային ճանաչման գործընթացի և հանրապետության ներքին և արտաքին կյանքի հետ կապված տարատեսակ հարցերի լուծման նպատակով՝ պետական-պաշտոնական պատվիրակությունների կազմում, ինչպես նաև ՀՅԴ կառույցների հրավերով խմբակցության անդամներն այցելել են մի շարք երկրներ: Սերտ կապերի մեջ լինելով Հայ Դատի գրասենյակների հետ, ընդլայնվել է Արցախի բարեկամների շրջանակը, կանխվել Եվրոպական տարբեր կառույցներում Ադրբեջանի կողմից նախաձեռնված հակաարցախյան մի շարք բանաձևերի ընդունումը, որոնք յուրովի նպաստեցին ԱՀ անվտանգության ամրապնդմանը: Այդ համատեքստում կարևոր է ԱՀ ԱԳՆ և ՀՅԴ նախաձեռնությամբ կազմակերպված «Արցախի բարեկամներ»-ի համաժողովը:
Հայ Դատի Կանադայի, ԱՄՆ-ի, Կիպրոսի, Բրազիլիայի, Եվրոպայի գրասենյակների հետ կապված համատեղ աշխատանքի արդյունքում 2015-2019թթ. Արցախ են ժամանել թվով 31 պատվիրակություններ:
Կուզեի շեշտել նաև ՀՀ մեր գործընկերների հետ ծավալած արդյունավետ աշխատանքը: Խմբակցության նախագահի գլխավորությամբ ՀՀ ԱԺ «Կրթության, գիտության, սպորտի, մշակույթի և սփյուռքի» և ԱՀ ԱԺ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» մշտական հանձնաժողովների միջև սեպտեմբերի 6-ին վերակնքվել է Համագործակցության հուշագիր, նաև՝ յուրաքանչյուր տարի Շուշիում կազմակերպվել են համատեղ նիստեր:
-Որպես իր լիազորություններն ավարտող խորհրդարանի խմբակցություն, ի՞նչ բացթողումներ կարող եք մատնանշել, որոնք պետք է լուծվեն:
-«Դաշնակցություն» խմբակցությունն ԱՀ ԱԺ ամենաաշխույժ խմբակցություններից մեկն է իր առաջարկներով, հայտարարություններով, և միակը, որ ժողովրդի հետ հանդիպումներ է ունեցել: Հանդիպումները սկսել ենք ընտրվելուց անմիջապես հետո: Եթե բոլոր խմբակցությունները նման հանդիպումներ ունենային, ապա այդ դեպքում, վստահ եմ, ժողովրդի քաղաքական մտածելակերպը կփոխվեր, կսկսեին համեմատել տարբեր խմբակցությունների տեսակետները:
Ժողովուրդը տեղյակ չէ Ազգային ժողովի կատարած աշխատանքների մասին: Ես սա լուրջ բացթողումներից եմ համարում: Ճիշտ է, Արցախի հանրային հեռուստատեսության «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարում խմբակցության անդամները յուրաքանչյուր ամիս հանդես են եկել հայտարարություններով՝ անդրադառնալով Դաշնակցության ծրագրային մի շարք հիմնադրույթների, կամ հանրության մեջ քննարկվող մի շարք հարցերի, բայց դա բավարար չէ:
Վերջին շրջանում այս բացը լրացվեց, երբ ուղիղ եթերով սկսեցին հեռարձակվել Ազգային ժողովի նիստերը: Ժողովուրդը պետք է տեղյակ լինի իր ընտրած պատգամավորների աշխատանքի մասին:
Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի