Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 22-ին «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամները կմեկնեն Բաքու: Պատվիրակության ղեկավարն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Հայկական պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Թանդիլյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ միջոցառման շրջանակները հրապարակված են, և որ հայկական պատվիրակությունը Բաքվում կմասնակցի «Եվրանեսթ» ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջությանը և գենդերային հավասարության խթանմանը:
Հարցին` արդյո՞ք մեր պատվիրակության անվտանգությունը հատուկ ապահովվելու է, Թանդիլյանը պատասխանեց, որ կոնկրետ իր քաղաքական քայլերը կառուցված են Հայաստանի պետական շահերը ներկայացնելու և պաշտպանելու հիմքի վրա: «Քաղաքական գործունեությամբ զբաղվելուց շատ առաջ եմ ես ձերբազատվել նման վախերից»,- ընդգծեց պատգամավորը:
Թանդիլյանին նաև չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանի որևէ պատգամավոր կամ պատվիրակություն երբեք Հայաստանում որևէ միջազգային միջոցառման չի մասնակցել: «Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության պատգամավորների գործունեության հիմքում պետք է լինի այս կամ այն պատվիրակության քայլերը կրկնօրինակելը: Ինձ համար առաջնային են ոչ թե նախադեպերը, այլ Հայաստան պետության շահերը: Ես գտնում եմ, որ Հայաստանի պատգամավորներր չեն կարող կաշկանդված լինել այլոց գործողությունների տրամաբանությամբ»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` նախկինում էլ եղել են դեպքեր, երբ հայկական պատվիրակությունները, այնուամենայնիվ, ունեցել են մասնակցություն Բաքվում կայացած տարբեր միջազգային հանդիպումների:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավար Աքիֆ Տևեքքյուլօղլուի հայտարարությանը, որ եթե հայկական կողմը դիմի Ադրբեջանին` մասնակցելու համար, դիմումը կքննարկվի, ապա Թանդիլյանն ասաց, որ կազմակերպչական հարցերով զբաղվում է պատվիրակության ղեկավարը, իսկ նա արդեն իսկ հաստատել է իր մասնակցությունը` անկախ կազմակերպչական մանրամասներից: