կարևոր
1066 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-10 14:15
Քաղաքական

Արթուր Հովհաննիսյանը «տղամարդ է», բայց իսկական տղամարդը չի թաքնվում կնոջ ներողության հետևում. Արթուր Չախոյան

Արթուր Հովհաննիսյանը «տղամարդ է», բայց իսկական տղամարդը չի թաքնվում կնոջ ներողության հետևում. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է.

«Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը բազմիցս ԱԺ ամբիոնից հանդես է եկել պատգամավորի կարգավիճակին ոչ համարժեք վարքագծով, ինչը, անպատժելիության պայմաններում, շարունակաբար խորացել է և անցել է բոլոր կարմիր գծերը։

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը, իրավիճակը մեղմելու նպատակով, Արթուր Հովհաննիսյանի փոխարեն հրապարակային ներողություն խնդրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ իր գործընկերոջ ոչ հարիր վարքագծի համար։ Սա ցույց է տալիս, որ Արթուր Հովհաննիսյանը խուսափեց կրել պատասխանատվություն և չգտավ իր մեջ բավարար տղամարդկություն՝ անձամբ ներողություն խնդրելու համար։

Նույնիսկ իր գործընկերոջ հրապարակային ներողությունից հետո նա մնաց լուռ ։

Հետո կասեն, թե Արթուր Հովհաննիսյանը «տղամարդ է», բայց իսկական տղամարդը չի թաքնվում կնոջ ներողության հետևում։ Իսկական տղամարդը սեփական սխալի պատասխանատվությունը հենց ինքն է կրում»։

Հիշեցնենք՝ նախօրեին Թագուհի Թովմասյանը պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին պահանջել էր, որ Թագուհի Թովմասյանն ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ իբր տեսնեն, թե չորս տուն որտեղից իրեն։ Թագուհի Թովմասյանն արձագանքել էր՝ նշելով, որ ինքը չունի չորս տուն և դիմել էր Արթուր Հովհաննիսյանի մայրիկին, որ զբաղվի որդու դաստիարակությամբ ու բացատրի, որ կնոջ մասին նման բառապաշարով ու բովանդակությամբ չեն խոսում։

Ավելի ուշ էլ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությանների կին պատգամավորները հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Արթուր Հովհաննիսյանի՝ Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները։

«Հատկանշական է, որ Արթուր Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով․ նա հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։

Անընդունելի համարելով Ազգային ժողովի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից հանրային հարթակում նման կնոջը թիրախավորող և նվաստացնող բառապաշարի կիրառումը՝ մենք պահանջում ենք․

ա. Արթուր Հովհաննիսյանի կողմից հրապարակային ներողություն՝ իր հայտարարությունների համար,

բ. Ազգային ժողովի ղեկավարության հստակ, հասցեական և հրապարակային դատապարտում, ինչպես նաև Ա. Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում»։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությանները ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես են գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։